Եթե օգտվում եք բանկերից ապա այսուհետ պետք է իմանաք

2015 թվականի դեկտեմբերի 21–ին «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում կատարվել են լրացումներ և փոփոխություններ (ուժի մեջ են 2016 թվականի հունվարի 12–ից), որոնց արդյունքում սահմանվել է հետևյալը.

Բանկերը պետք է ունենան գործարար վարվելակերպի կանոններ, որոնցով պետք է սահմանվեն`

ա) հաճախորդներին տեղեկատվության ներկայացման ձևն ու կարգը.

բ) մինչև պայմանագրի կնքումը, պայմանագիրը կնքելիս և պայմանագրի գործողության ընթացքում հաճախորդներին տրամադրվող տեղեկատվության բովանդակությունը և այդ տեղեկատվության տրամադրման ձևը և կարգը, ինչպես նաև հաճախորդների հետ հաղորդակցման և հաճախորդների բողոք-պահանջների ներկայացման ու քննության կարգն ու պայմանները:

Ընդ որում, բողոք-պահանջների ներկայացման ու քննության կարգն ու պայմանները որևէ կերպ չեն սահմանափակում դատարան կամ ֆինանսական համակարգի հաշտարարին կամ առևտրային արբիտրաժ դիմելու սպառողի իրավունքը.

գ) բանկի և նրա կողմից առաջարկվող ծառայությունների մասին գովազդը և մարկետինգային գործունեությունը (քաղաքականությունը):

Կենտրոնական բանկը կարող է սահմանել սույն մասում նշված բանկերի գործարար վարվելակերպի կանոնների կիրարկման եղանակներին և ընթացակարգերին վերաբերող պահանջներ:

Բանկերը պարտավոր են հետևել նախատեսված գործարար վարվելակերպի կանոններին:

Միևնույն ժամանակ նշենք, որ վերոգրյալ նախատեսված գործարար վարվելակերպի կանոնների պահանջների` բանկի կողմից խախտման փաստը դատարանի, արբիտրաժի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից հաստատվելու դեպքում բանկը պարտավոր է ֆիզիկական անձ հաճախորդին վճարել 300 000 (երեք հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: Ընդ որում, նշված դրույթը չի կարող մեկնաբանվել որպես վնասների հատուցում պահանջելու ֆիզիկական անձ հաճախորդի իրավունքը սահմանափակող կամ բացառող դրույթ: Սույն պարբերությունը չի տարածվում «Բանկային ավանդների ներգրավման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվող հարաբերությունների վրա, իսկ բանկի գործունեությունը կարգավորող այլ հարաբերությունների նկատմամբ սույն պարբերությունը կիրառելի է այնքանով, որքանով այլ բան նախատեսված չէ այդ հարաբերությունները կարգավորող այլ օրենքներով:

Վերջին պարբերությունն ուժի մեջ է մտնելու 2017 թվականի հունվարի մեկից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել