Դատական ակտերի բեկանումների մի զգալի մասը հենց դատավորների շտապողականության և ծանրաբեռնվածության արդյունքն է. Դավիթ Ավետիսյան

Ծանրաբեռնված են բոլոր ատյանների դատարաններն էլ: Իրավաբան.net-ի հետ զրույցում ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը նշում է, որ տարեկան 5000 վճռաբեկ բողոք են ստանում, սակայն կարող են միայն 60-70 գործ քննել և որոշում ընդունել: Դավիթ Ավետիսյանի հետ մենք զրուցել ենք սահմանդրական փոփոխությունների, դատական համակարգի խնդիրների, այս ոլորտումառկա կոռուպցիոն ռիսկերի և այլ հարցերի շուրջ:

-Պարոն Ավետիսյան, ի՞նչ է Ձեզ համար ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ լինելը, պաշտոնթե՞…

-Ո’չ պաշտոն, ո’չ էլ կոչում: Ինձ համար  դատավոր լինելը  առաքելություն է: Ես գտնում եմ, որ յուրաքանչյուր դատավոր պետք է  իր առաքելության կրողը լինի:

-Ինչու՞ որոշեցիք իրավաբան դառնալ, երբևէ պատկերացրե՞լ էիք, որ կդառնաք դատավոր:

-Իրավաբան դառնալն իմ մանկության երազանքն է եղել, բայց ինձնից առավել հայրս էր ցանկանում, որ այդ մասնագիտությունն ընտրեմ: Անկեղծ ասած, միշտ էլ  մտածել եմ, որ դատավոր կդառնամ: Եվ հենց իմ ջանքերի, ինչպես նաև Աստծո նախախնամության շնորհիվ, ստացվեց այնպես, որ արդեն շուրջ 34 տարի է, ինչ ստանձնել եմ դատավորի  առաքելությունը: Պետք է նշեմ նաև, որ  դատավորի աշխատանքի շատ բարդ և դժվար  ճանապարհ եմ անցել մինչ քրեական պալատի նախագահ դառնալը:

Պարոն Ավետիսյան, շուրջ 40 գիտական աշխատանքների հեղինակ եք, դրանց շրջանակներում ի՞նչ խնդրահարույց հարցերի եք անդրադարձել:

-Իմ գիտական աշխատանքներն ընդգրկում են իրավունքի տարբեր բնագավառները, սակայն դրանց զգալի մասը հատկապես վերաբերում է անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի ապահովման խնդրին։ Այս թեմայով սկսել եմ զբաղվել, երբ Հայաստանը դարձավ Եվրախորհրդի անդամ, և մեր երկիրն ընդունեց Եվրոպական դատարանի իրավազորությունը: Այդ պահից սկսած մեր`դատավորներիս, առջև բազմաթիվ խնդիրներ դրվեցին: Կարևոր էր հատկապես Կոնվենցիայի 5-րդ հոդվածով երաշխավորված (ազատության և անձնական անձեռնմխելության իրավունք,- հեղ.) անձի իրավունքների ապահովումը: Այս  թեմայով և՛ մենագրություններ եմ գրել, և՛ հոդվածների շարք հրապարակել: Հաշվի առնելով, որ գտնվում ենք սահմանադրաիրավական և դատաիրավական բարեփոխումների փուլում՝ խիստ կարևոր է, որ յուրաքանչյուր իրավաբան, այդ թվում՝ նաև դատավոր, բարձրաձայնի իրեն մտահոգող հարցերը:

Խոսեցիք սահմանադրական բարեփոխումների մասին, դրա շրջանակներում նախատեսվում է Վճռաբեկ դատարանի թե՛ դատավորների ընտրության կարգի, թե՛ դատարանի ունեցած ներկայիս կարգավիճակի էական փոփոխություն: Ինչ՞ դիրքորոշում ունեք Դուք այս հարցի կապակցությամբ։

-Սահմանադրական բարեփոխումների շրջանակներում Վճռաբեկ դատարանի ներկայիս կարգավիճակը, ըստ էության, էական փոփոխության չի ենթարկվելու։ Ինչ վերաբերում է դատավորների նշանակման գործընթացի փոփոխությանը, ապա նշեմ, որ առաջարկվող կառուցակարգը կիրառվում է մի շարք այլ երկրներում, իսկ Հայաստանում դրա արդյունավետության մասին կարող ենք եզրահանգումներ կատարել միայն դրա գործարկումից հետո։

Ընդհանուր առմամբ, հատկապես դատավորների անկախությունը երաշխավորելու առումով դրական լուրջ տեղաշարժեր են նախատեսվում: Շատ դրական եմ համարում, որ դատավորների անկախության երաշխավորը դառնալու է Բարձրագույն դատական խորհուրդը, որն, ըստ էության, լուծելու է  դատավորների ընտրության, առաջխաղացման, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ հարցերը: Այսինքն՝ ստեղծվելու է մի հզոր  մարմին, որը պետք է երաշխավորի դատական համակարգի անկախությունը:

Կարևոր է նաև դատարանների նախագահների ժամկետով նշանակվելու կարգը, որովհետև դատավորը պետք է ունենա ոչ միայն արտաքին անկախություն, այլև ներքին: Կարծում եմ, որ դատարանների նախագահների, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների մեկ ժամկետով նշանակումը կերաշխավորի նաև նրանց ներքին անկախությունը:

– Ի դեպ, Վենետիկի հանձնաժողովը նախագծում խնդիր էր տեսել այն հանգամանքի հետ կապված, որ վճռաբեկ դատարանի նախագահը և դատավորները նշանակվելու են Ազգային ժողովի կողմից, ինչը կարող է խաթարել դատական իշխանության անկախությունը:

-Ես նման վտանգ, ըստ էության, չեմ տեսնում: Հատկապես, որ մի շարք երկրներում այդ մոդելը գործում է:

Իսկ ի՞նչ խնդիրներ կմատնանշեք՝ կապված Բարձրագույն դատական խորհրդի հետ։

Այս պահին միայն մեկ խնդիր եմ տեսնում: Ես գտնում եմ , որ դատավորներին կարգապահական պատասխանատվության  ենթարկելու վերաբերյալ որոշումները պետք է բողոքարկման ենթակա լինեն, մինչդեռ նախագծում նման իրավական հնարավորություն նախատեսված չէ: Նշված հարցերով Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալու որպես դատարան, իսկ դատարանի կայացրած որոշումը պետք է  բողոքարկման ենթակա լինի: Միջազգային փորձագետները մշտապես իրենց ուշադրության կենտրոնում են պահում այս հարցը։ Ես գտնում եմ, որ այստեղ դատավորի անկախության և իրավունքի ապահովման խնդիր կա:

Իսկ դեռ պարզ չէ՞, թե ինչ կազմ է ունենալու այդ խորհուրդը և բացի դատավորներից, այնտեղ այլ անձինք ներգրավված լինելու՞ են, թե՞ ոչ։

-Ըստ Սահմանադրության նախագծի` այն պետք է բաղկացած լինի հինգ դատավորից և հինգ հեղինակավոր իրավաբան-գիտնականներից: Մեր առջև ունենալով միջազգային փորձը` առաջարկել ենք, որպեսզի  դատավորները խորհուրդում մեծամասնություն կազմեն, սակայն դա դեռ քննարկման փուլում է:

-Դատական համակարգի բարելավման վերաբերյալ ի՞նչ մոտեցումներ ունեք և արդյո՞ք ձեր մոտեցումները ներկայացրել եք Սամահանդրական բարեփոխումների հանձնաժողովին:

-Նախ նշեմ, որ դատական համակարգի բարելավման վերաբերյալ իմ տեսակետներով շատ ավելի ռադիկալ եմ,  և, իհարկե, իմ տեսլականը ուղարկել եմ հանձնաժողովին: Օրինակ`առաջարկում եմ, որ մեր երկրում երդվյալ ատենակալների կամ ասիզների համակարգը ներդրվի: Գտնում եմ, որ դրա անհրաժեշտությունը կա հատկապես երկու` բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև ցմահ ազատազրկում նախատեսող գործերի քննության ժամանակ: Հանրությունը այս երկու տեսակի գործերի լուծման վերաբերյալ, կարծես, վստահություն չունի, իսկ եթե այդ գործով ներգրավվեն երդվյալ ատենակալներ, ապա շատ խնդիրներ կլուծվեն: Առհասարակ, գտնում եմ, որ  հասարակության ներգրավումը արդարադատության իրականացմանը կարևոր միջոց կլինի, որպեսզի հանրության կողմից դատարանների նկատմամբ վստահությունը բարձրանա: Հասարակությունը վստահում է դատական իշխանությանը, երբ ինքն էլ է մասնակցում արդարադատության իրականացմանը: Շատ երկրներ հենց այս ճանապարհով են գնացել:

Դատական համակարգի հանդեպ վստահության մասին ասացիք և մի հարց առաջացավ. մի քանի տարի առաջ Մարդու իրավունքների պաշտպանը աղմկահարույց զեկույց հրապարկեց, որտեղ նույնիսկ թվեր էին նշվում, թե դատավորներին որ գործերի դեպքում ինչքան կաշառք է տրվում: Ձեր կարծիքն եմ ուզում իմանալ նախ այդ զեկույցի վերաբերյալ և ընդհանրապես՝ դատական համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին:

-Նախ այն, որ Մարդու իրավունքների պաշտպանը նշել էր, չի նշանակում, որ պետք է որպես ապացուցված փաստ ընդունել և դրա հիման վրա դատողություններ անել: Կարծում եմ, որ դա սուբյեկտիվ ընկալման արդյունք էր, և Դատավորների միությունը զեկույցի վերաբերյալ համապատասխան հայտարարություն հրապարակվել է:

Ինչ վերաբերում է դատարանների նկատմամբ վստահությանը, իհարկե, այդտեղ խնդիրներ ունենք և չեմ բացառում, որ կարող են լինել կոռուպցիոն ռիսկեր: Բայց դատարանների նկատմամբ վստահության մասին խոսելիս չենք կարող հիմնվել սիրողական դատողությունների վրա. հետևություններ կարելի է անել միայն մասնագիտական ոսումնասիրությունների արդյունքում, որոնք անցկացվում են ճանաչում ստացած կազմակերպությունների կողմից:

Որպես արժանահավատ հետազոտություն` կարող եմ հիշատակել «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ՍՊԸ-ի կողմից ՀՀ-ում 2013 թվականին դատաիրավական բարեփոխումների 2-րդ ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ անցկացված հանրային կարծիքի մոնիտորինգը: Դրա շրջանակներում հարցվածների 59,1  տոկոսը լիովին և  հիմնականում վստահում են դատարաններին, բոլորովին կամ  հիմնականում չեն վստահում 38,3 տոկոսը: Այս ցուցանիշները վկայում են, որ դեռ անելիքներ ունենք:

Բոլոր ոլորտներում էլ կարող են այդ  ռիսկերն առկա լինել, սակայն խնդիրն այն է, թե ինչ ծավալի են դրանք: Խոսելով և ազգանուններ փոխելով  կոռուպցիայի դեմ չենք կարող պայքարել: Հարկավոր է մեխանիզմներ մշակել և համակարգային մոտեցում ցուցաբերել, որպեսզի կոռուպցիան բացառվի, իսկ վատագույն դեպքում՝ նվազագույնի հասցվի և էլ ավելի  բարձրացվի հասարակության վստահությունը` դատարանների նկատմամբ:

Իսկ Դուք ի՞նչ մեխանիզմներ կառաջարկեք։

Մեխանիզմներից մեկն արդեն նշեցի. խոսքը ատենակալաների ինստիտուտի ներդրմանն է վերաբերում: Նաև նպատակահարմար եմ գտնում, որ դատարանների նախագահների խորհրդում, Բարձրագույն դատական խորհրդում ընդգրկվեն հասարակության, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Ինչու՝ ոչ, ներդնենք պատիժներ նշանակելու ամերիկյան համակարգը, որտեղ պատիժ նշանակելիս դատավորի սուբյեկտիվիզիմը հասցված է նվազագույնի:

Պարոն Ավետիսյան, ատենակալների հետ կապված չկա՞ մտահոգություն, որ դատավորները դատական  սխալները  կբարդեն հենց ատենակալաների վրա:

-Ես ինը տարի աշխատել եմ ատենակալների հետ և հավաստիացնում եմ, որ այդ ինստիտուտը հրաշալի գործել է: Չի եղել երբեք, որ որևէ ատենակալ ասի՝ եկեք այս մեկի նկատմամբ մեղմ վարվենք, որովհետև իմ բարեկամն է: Չի եղել նաև դեպք, որ դատավորը դատական սխալը բարդի ատենակալի վրա: Իմ կարծիքով՝ որևէ դատավոր իրեն թույլ էլ  չի տա նման բան անել: Ես դժգոհությունների պատճառը չեմ կարողանում հասկանալ. Վրաստանում, Ռուսաստանում շատ լավ գործում է այդ ինստիտուտը: Ե’վ եղածը չեն հավանում, և’ չեն ուզում, որ նորը բերենք: Իմ կարծիքով՝ այն մարդիկ են դժգոհում, ովքեր չեն ուզում, որ օբյեկտիվ դատական ակտ կայացվի:

Ցավոք, երկար քննարկումների արդյունքում հանձնաժողովը այդ ինստիտուտի ներդրումը մերժեց: Հասկանում եմ, որ այն շատերին դուրը չի գալիս, բայց եթե անկեղծ ուզում ենք ինչ- որ բան փոխել, պետք է այս ճանապարհով գնալ: Ինչ է եղել՝ անձը կարող է  առավելագույնը 10 ամիս արդարադատության ակադեմիայում սովորել, ավարտել ու ցմահ ազատազրկման դատավճիռ ընդունել: Բայց չէ՞ որ դրա համար փորձ է պետք ունենալ, գիտելիքներ, քաղաքացիական խիզախություն և շատ այլ բաներ:

Ներկայումս մշակվում է նոր քրեական օրենսգիրքը, ի՞նչ դիրքորոշում կունենաք, եթե ապօրինի հարստացման հանցակազմը ևս ներառվի օրենսգրքում: Քանի որ խոսեցիքն կոռուպցիայի դեմ պայքարից, նշեմ, որ կոռուպցիոյի դեմ պայքարում հաջողության հասած երկրներում գործում են նման դրույթներ:

-Անկեղծ ասած, ճիշտ չեմ համարում դրա քրեականացումը, բայց գիտեմ, որ նման մոտեցում կա: Եթե ես չեմ սխալվում այդ դրույթը ընդունվել է ընդամենը երկու պետության կողմից, քանի որ հարցը շատ վիճահարույց է, արդյունքում՝ անմեղության կանխավարկածն է ոտնահարվում: Օրինակ` ասելու են` եթե այսքան գումար ես ծախսել, ուրեմն անհիմն հարստացել ես, իսկ եթե այդպես չէ, պետք է ապացուցես, որ օրինական ճանապարհով ես ձեռք բերել ունեցվածքդ: Այսինքն` ապացուցման պարտականությունն ընկած է լինելու անձի վրա: Բայց չէ՞ որ ապացույցներ հավաքելու, անձին մեղադրելու պարտականությունը է պետությանն է: Ստացվում է,  որ մենք մեղադրում ենք անձին ու նա պետք է ապացուցի իր անմեղությունը, ինչը, ես գտնում եմ, մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից ընդունելի չէ:

Խոսենք նաև դատարանների ծանրաբեռնվածության մասին. արդյո՞ք այդ ծանրաբեռնվածությունը չի կարող դատական սխալների պատճառ դառնալ:

-Ճիշտ եք, մեր դատավորները շատ ծանրաբեռնված ռեժիմով են աշխատում: Եթե  համեմատենք  եվրոպական երկրների հետ, 100 հազար բնակչի հաշվով մենք մի քանի անգամ քիչ դատավորներ ունենք: Եվ այս վիճակը ստեղծում է շատ լարված մթնոլորտ, որը, բնականաբար, կարող է պատճառ դառնալ գործերի լուծման ձգձգման և, իհարկե, դատական սխալների:

Դատավորը չպետք է շտապի: Բայց դատավորներ ունենք, որոնց վարույթում շուրջ 1500 քաղաքացիական գործ կա, մինչդեռ նորման 80-ից 100-ն է: Այնպես  ծանրաբեռնված են աշխատում, որ չեն էլ հասցնում հասկանալ, թե որ գործով ինչ պետք է անել, երբ հետաձգել գործը, որտեղից շարունակել: Եթե դատավորը չի հասցնում գործի նյութերն ուսումնասիրել, բազմակողմանի քննություն ապահովել, բնականաբար, արդար դատաքննության իրավունքն այս պայմաններում խախտվում է: Դատական բեկանումների մի զգալի մասը, իմ կարծիքով, հենց դատավորների շտապողականության և ծանրաբեռնվածության արդյունքն է: Սա մեր ամենացավոտ հարցերից մեկն է, և արդարադատություն իրականացնել, այսպես շարունակել հնարավոր չէ. դրա դեմ պետք է միջոցներ ձեռնարկել:

Փաստաբանները տարիներ շարունակ ահազանգում են, որ վճռաբեկին ուղղված բողոքները վարույթ չեն ընդունվում, իսկ մերժման որոշումները  գրեթե բոլոր գործերի դեպքում նույն են:

-Ճիշտ են ասում: Վճռաբեկ դատարանի քրեական պալատի մասով կասեմ. շատ գործեր վարույթ չեն ընդունվում, որովհետև պալատը տարեկան կարողանում է քննել հիմնականում 60-70 գործ: Իհարկե, փաստաբաններից յուրաքանչյուրն ուզում է` իր բողոքը լսվի ու իր պաշտպանյալի օգտին լուծումներ գտնվեն: Բայց պետք է մտածել ավելի գլոբալ խնդիրների մասին: Վճռաբեկ դատարանն ունի սահմանադրական առաքելություն` ապահովել օրենքների միատեսակ կիրառությունը: Այդ պատճառով 1500 գործից ընտրում է 70-ը և դրանցով որոշում կայացնում. այդ որոշումները պետք է բխեն ոչ թե մեկ, այլ, օրինակ, 1000 մարդու շահերից:

Վերջերս խուլիգանության վերաբերյալ որոշում կայացրինք ու խուլիգանության հանցակազմի կիրառության շրջանակները նեղացավ, արդյունքում մեկ տարվա ընթացքում 40 տոկոսով նվազեց խուլիգանության համար դատապարտվածների թիվը: Վճռաբեկ դատարանի գործը սա է, այլ ոչ թե 1500 գործերը վերցնելն ու բոլորով մասնավոր բնույթի որոշումներ կայացնելը:

Փաստաբանի խնդիրն իր գործը լուծելն է, իսկ Վճռաբեկ դատարանինը՝ մեկ գործով հազարավոր մարդկանց հարցերին լուծում տալը: Վճռաբեկ դատարանը հայեցողական ատյան է: Ընդ որում, հարկ եմ համարում նկատել, որ հայեցողական ասելով չի նշանակում, որ ակնհայտ ապօրինի դատական ակտի դեմ բերված բողոքը կարող է վարույթ չընդունվել:

Պարոն Ավետիսյան, բայց եթե վճռաբեկը վարույթ չի ընդունում, արդյունքում չե՞ն խախտվում մարդու իրավունքները:

-Իհարկե ոչ, որովհետև Եվրոպական կոնվենցիային կից արձանագրության համաձայն՝ երկրների դատական համակարգը պետք է ունենա առաջին ատյանի դատարան, որը պետք է քննի գործը՝ և’ փաստի, և՛ իրավունքի հիմքով, և վերաքննիչ ատյան, որը պետք է ստուգի առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը: Այսինքն, քաղաքացու իրավունքներ պետք է վերաքննիչում պաշտպանել: Իսկ երրորդ ատյան ունենալու դեպքում այն պետք է լինի  հայեցողական:

Ամերիկայի Միացյալ Նահանգները ունեն շուրջ 320 միլիոն բնակիչ, և տարեկան գերագույն դատարանը ստանում է մոտ 9000 բողոք, մենք տարեկան ստանում ենք մոտավորապես 5000 բողոք: Ծանրաբեռնվածության առումով` այստեղ էլ լուրջ խնդիր ունենք:

-Եվ վերջում ևս մեկ հարց եմ ուզում տալ. հաճախ են լինում դեպքեր, երբ դատական ակտի հրապարակումից հետո դահլիճում ներկաները անեծքներ ու հիշոցներ են թափում դատավորի հասցեին: Ինչպե՞ս եք կարողանում հաղթահարել դա:

-Պետք է ասեմ, որ մեր դատավորները շատ համբերատար և լիբերալ են այդ առումով, մինչդեռ  ուրիշ երկրներում դատավորին վիրավորելու համար մարդիկ հայտնվում են բանտում: Բայց մեր դատավորները մտնում են մարդկանց դրության մեջ, հասկանում են հոգեվիճակը և չեն ուզում ռադիկալ քայլերի գնալ: Լա՞վ է, թե՝ ոչ , չգիտեմ, բայց այս սոցիալական պայմաններում, որ ապրում ենք, գուցե լիբերալիզմը ինչ-որ տեղ թույլատրելի է:

Հարցազրույցը`
Լաուրա Մամյանի
Աստղիկ Կարապետյանի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել