Ինչպիսի՞ օրինագիծ է մշակվել «ֆեյքերի» դեմ պայքարելու համար

Նախատեսվում է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում իրականացնել փոփոխություններ և լրացումներ, որոնց համաձայն լրատվության միջոցը պատասխանատվություն է կրում իր էլեկտորոնային կայքում տեղ գտած, անհայտ հեղինակների վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունների  համար: Նշված կարգավորումը համապատասխանում է  նաեւ Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի մոտեցումներին («Renaud V France», «Delfi AS vs Estonia» եւ այլն):

Մասնավորապես, 2013 թվականին «Delfi AS vs Estonia» գործի շրջանակներում Եվրոպական դատարանը նշել է, որ դիմումատու ընկերությանը իր լրատվական կայքում տեղակայված նյութերի առնչությամբ ընթերցողների կողմից արված զրպարտչական մեկնաբանությունների համար քաղաքացիաիրավական պատասխանատվության ենթարկելը չի հակասում Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով պաշտպանվող խոսքի ազատության իրավունքին (դիմումատու ընկերությունն Էստոնիայում լրատվական գործունեություն իրականացնող եւ հանրային լայն շրջանակներին հայտնի Դելֆի ընկերությունն է):

Միեւնույն ժամանակ Դատարանը նշել է, որ դիմումատու ընկերությանը քաղաքացիաիրավական պատասխանատվության ենթարկելը համաչափ եւ հիմավորված է, քանի որ մեկնաբանությունները ծայրահեղ վիրավորական են, ընկերությունը ոչինչ չի ձեռնարկել այդ մեկնաբանությունները հեռացնելու համար, ինչպես նաեւ ստացել է եկամուտ այդ մեկնաբանությունների համար, քանի որ այդ մեկնաբանություններից էր կախված ընկերության գովազդային եկամուտը: Բացի  վերոգրյալից դատարանը սահմանել է, որ համաչափ չէ զրպարտչական մեկնաբանությունների հեղինակների նույնականացման պարտականությունը տուժողի (գործի շրջանակներում) վրա դնելը:

Այսպես՝ դատարանը սահմանել է. «Հաշվի առնելով պետությունների 8-րդ հոդվածով սահմանված  պոզիտիվ պարտավորությունները, որոնք ընդգրկում են անհատների միջեւ շփման ոլորտում անձնական կյանքի նկատմամբ հարգանքի ապահովման չափանիշների սահմանումը՝ Դատարանը համոզված չէ, որ միայն զրպարտչական մեկնաբանությունների հեղինակների դեմ հայտ ներկայացնելու չափանիշը (ինչպես առաջարկում է դիմողը) այս գործում  կապահովի տուժող անձի անձնական կյանքի պաշտպանությունը: Ինչպես նշվել է, դիմող ընկերությունը ընտրությունն էր թողնել ոչ գրանցված օգտատերերի մեկնաբանությունները եւ այդպիսի վարքագծով ենթադրվում է, որ այն իր վրա վերցրել է որոշակի պատախանատվություն մեկնաբանությունների համար:»:

Ընդունվելիք օրենքի նախագծի համաձայն` լրատվական գործունեություն իրականացնողը ազատվում է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը վերարտադրելու համար պատասխանատվությունից, եթե ներկայացնում է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղակատվության հեղինակին նույնականացնող տվյալներ:

Զրպարտության կամ վիրավորանքի դեպքում անձը կարող է հրապարակային էլեկտրոնային կայքի իրավատիրոջից պահանջել հեռացնել իրավատիրոջ կայքում տեղ գտած զրպարտություն կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունը: Իրավատերը պարտավոր է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունը հեռացնել պահանջը ներկայացնելուց հետո՝ անհապաղ բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում:

Միևնույն ժամանակ, տրվում է էլեկտրոնային կայքի սահմանումը, որի համաձայն`  էլեկտրոնային կայք է համարվում, այն կայքը, որը համացանցի միջոցով հասանելի է անսահմանափակ թվով անձանց, ունի որոշակի հասցե, պարունակում է լրատվական կամ այլ բնույթի տեղեկատվություն` անկախ տեղեկատվության թարմացման պարբերականությունից, պահման ժամանակի տեւողությունից եւ այլ չափանիշներից, իսկ էլեկտրոնային կայքի իրավատեր է համարվում այն անձը, ով ունի մեկնաբանությունը հեռացնելու իրավունք եւ տեխնիկական հնարավորություն:

Համապատասխան լրատվության միջոցը պատասխանատվություն է կրում էլեկտրոնային կայքում տեղ գտած վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունների համար, եթե վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունը հեռացնելու վերաբերյալ պահանջ ներկայացնելուց հետո անհապաղ, սակայն ոչ ուշ քան 12 ժամվա ընթացքում, չի հեռացնում մեկնաբանությունը կամ հրաժարվում է հեռացնել այն:

Հրապարակային էլեկտրոնային կայքի իրավատիրոջ կողմից վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունը հեռացնելու վերաբերյալ պահանջը չկատարելու դեպքում տուժողը իրավունք ունի դատական կարգով հրապարակային էլեկտրոնային կայքի իրավատիրոջից պահանջել հետեւյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`հրապարակային ներողություն խնդրել, հեռացնել վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունը եւ վճարել վիրավորանքի կամ զրպարտության հոդվածով նախատեսված չափի փոխհատուցում` անկախ մեկնաբանության հեղինակին պահանջ ներկայացնելու հանգամանքից։

Օրինագծի համաձայն` տեղեկատվության հեղինակը համարվում է անհայտ, եթե շահագրգիռ անձը, գործադրելով ողջամիտ ջանքեր, չի կարող նույնականացնել հեղինակին՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղ է տեղ գտել վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը:

Հավելենք, որ օրենսդրական նախաձեռնությունը պաշտոնապես դրված է շրջանառության մեջ, սակայն դեռևս ընդգրկված չէ Ազգային ժողովի օրակարգ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել