Սոցիալական փաթեթի հատկացումն ապահովելու մասին պայմանագիր կնքող կողմերն են լիազոր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և այդ նախարարության կայքում հրապարակված ցանկում ամրագրված բանկերը: Այդ մասին նշվում է ՀՀ կառավարության № 1691-Ն որոշմամբ:
Վերոգրյալ որոշման համաձայն`պայմանագիրը լուծելու դեպքում կատարողը շարունակում է սպասարկել սոցիալական փաթեթի այն շահառուների հաշիվները, որոնք որևէ ծառայության գծով ունեն չմարված պարտավորություններ, իսկ պատասխանատու ստորաբաժանումները շարունակում են սոցիալական փաթեթի գումարները փոխանցել շահառուների սոցփաթեթի այդ հաշիվներին` մինչև շահառուի պարտավորությունների լրիվ մարումը:
Պարտավորությունների մարումից հետո շահառուն իր սոցփաթեթի հաշիվը փակում է տվյալ բանկում և մինչև հաջորդ ամսվա սոցփաթեթի գումարի փոխանցումը, սոցիալական փաթեթի նոր հաշիվ է բացում այլ բանկում, որի մասին տեղեկանքը, ինչպես նաև սոցփաթեթի գումարի փոխանցման մասին դիմումը ներկայացնում է սոցփաթեթի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում: Շահառուի դիմումի հիման վրա սոցփաթեթի գումարները հաջորդ ամսվանից փոխանցվում են նրա սոցփաթեթի նոր հաշվին:
Նշենք նաև, որ սոցիալական փաթեթի ամսական գումարի չափը կազմում է 6 հազ. Դրամ: