Ի՞նչ գործընթաց պետք է անցնի օտարերկրացին ՀՀ֊ում աշխատելու իրավունք ստանալու համար

Վերջին տարիներին ՀՀ֊ում ավելանում է այն օտարերկրացիների թիվը, որոնք գալիս են Հայաստան աշխատելու նպատակով։  Ըստ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացրած վիճակագրության՝  2025 թվականի հունվար-հունիս ամիսներին ՀՀ֊ում կացության կարգավիճակ ստանալու համար դիմել է մոտ 6700 օտարերկրացի։

2024 թվականի նույն ժամանակահատվածում Ծառայությունում ստացվել է 6200 դիմում։

Սա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ վերջին տարիներին Օտարերկրացիների համար Հայաստանում աշխատանքի թույլտվությունն առավելապես պարզեցվել ու թվայնացվել է:

Մասնավորապես, 2022-ի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել «Օտարերկրացիաների մասին» և հարակից օրենքներում փոփոխությունները:

Եթե մինչև օրենսդրական փոփոխությունների իրականացումն այդ գործընթացն իրականացվում էր երկու տարբեր վարչական մարմինների կողմից և ամբողջ գործընթացը կարող էր տևել 2 ամիս և ավելի, այժմ  այն իրականացվում է թվայնացված էլեկտրոնային հարթակի միջոցով և ամբողջ գործընթացը տևում է առավելագույնը 30 օր:

Ինչպե՞ս է կատարվում գործընթացը։

Քայլ 1.

Գործատուն գրանցվում է համակարգում և լրացնում թափուր պաշտոնի նկարագիրը։

Քայլ 2.

Համակարգը իրականացնում է ավտոմատացված համադրում ՀՀ ԱՍՀՆ տվյալների շտեմարանի հետ՝ ՀՀ քաղաքացի աշխատանք որոնող գտնելու նպատակով։

  • Եթե համակարգը չի հայտնաբերում համընկնումներ, գործատուն անմիջապես տեղեկացվում է օտարերկրացու հետ աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորության մասին։
  • Եթե համակարգը հայտնաբերում է համընկնում, ՀՀ ԱՍՀՆ-ի համապատասխան ստորաբաժանումը համակարգից ստանում է ծանուցում առկա թափուր աշխատատեղի մասին։ Սահմանված ժամկետում թափուր աշխատատեղը ՀՀ քաղաքացիով չհամալրվելու դեպքում գործատուն ստանում է ծանուցում օտարերկրացու հետ պայմանագիր կնքելու հնարավորության մասին։ Աշխատատեղը ՀՀ քաղաքացիով համալրելու պարագայում ԱՍՀՆ-ի կողմից կատարվում է համապատասխան նշում համակարգում, ինչից հետո գործատուի կողմից բացված «Հայց»-ը փակվում է և հեռացվում համակարգից։

Քայլ 3.

Գործատուն մուտքագրում է համակարգ օտարերկրացու տվյալները՝ կցելով պահանջվող փաստաթղթերը։

Քայլ 4.

ՀՀ ԱԱԾ-ի, ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները ստանում են ծանուցում՝ համակարգ մուտքագրված օտարերկրացու տվյալների վերաբերյալ։

Սահմանված ժամկետում ՀՀ ԱԱԾ-ն և ՀՀ ոստիկանությունը հայտնում են իրենց դիրքորոշումը կոնկրետ օտարերկրացու վերաբերյալ՝ կողմ կամ դեմ։

Քայլ 5.

Միգրացիոն ծառայությունը ստացված կարծիքների հիման վրա կայացնում է որոշում՝ «Աշխատանքի թույլտվության տրամադրումը հնարավոր է» կամ «Մերժել աշխատանքի թույլտվության տրամադրումը»։

Քայլ 6.

Օտարերկրացին ստանում է Միգրացիոն ծառայության էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված՝ «ՀՀ-ում աշխատանքի թույլտվություն ստանալու հնարավորության մասին» տեղեկանք, որն այլ պահանջվող փաստաթղթերի հետ ներկայացնում է ՀՀ հյուպատոսական հիմնարկ և ստանում Ա-վիզա։

Քայլ 7.

ՀՀ ժամանելուց հետո օտարերկրացին կնքում է աշխատանքային պայմանագիր և դրա պատճենը, ինչպես նաև առողջության ապահովագրությունը, ի թիվս այլ պահանջվող փաստաթղթերի, անձամբ ներկայացնում միգրացիոն ծառայություն, ինչից հետո սահմանված ժամկետում ծառայությունն ընդունում է օտարերկրացուն ՀՀ-ում աշխատանքի թույլտվության տրամադրման մասին որոշում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել