«Արգավանդ Կահույք» ՍՊԸ-ն դատի է տվել Երևանի քաղաքապետարանին՝ պահանջելով բռնագանձել ավելի քան 1․2 միլիոն դրամ

«Արգավանդ Կահույք» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան՝ Երևանի քաղաքապետարանից գումարի բռնագանձման պահանջով։ Iravaban.net-ը տեղեկանում է Datalex տեղեկատվական համակարգից, որ հայցն ստացվել է օգոստոսի 29-ին և մակագրվել սեպտեմբերի 1-ին դատավոր Ալֆրեդ Մաքսիմի Վարդանյանին։

Համաձայն դատարան ներկայացված հայցադիմումի՝ ընկերությունը պահանջում է Երևանի քաղաքապետարանից բռնագանձել ընդհանուր 1․265․939 ՀՀ դրամ, որից՝

  • 1․172․100 ՀՀ դրամը՝ որպես մատակարարված ապրանքի դիմաց չվճարված գումար, ներառյալ մատակարարման 14 օր ուշացման համար հաշվանցման ենթակա տույժի գումար,
  • 93․840 ՀՀ դրամը՝ 2025թ. հունվարի 20-ից մինչև դատարան դիմելու օրը՝ 2025թ. օգոստոսի 29-ը (160 օր) կուտակված տույժի գումարը:

Բացի այդ, «Արգավանդ Կահույք» ՍՊԸ-ն խնդրում է դատարանին պարտավորեցնել քաղաքապետարանին վճարել նաև յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար հաշվարկվող 586.5 ՀՀ դրամ՝ սկսած դատարան դիմելու օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարումը։

Հայցվորը նաև պահանջում է քաղաքապետարանից բռնագանձել 37․978 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար և 550․000 ՀՀ դրամ՝ որպես գործի քննության հետ կապված փաստաբանական վարձատրության գումար:

Ըստ դատարան ներկայացված հայցադիմումի՝ վեճը ծագել է կողմերի միջև կնքված պայմանագրից, որի համաձայն ընկերությունն ապրանք է մատակարարել քաղաքապետարանին, սակայն վերջինս խախտել է վճարման պարտավորությունները։

Հայցը ներկայացվել է Թերեզա Գալստյանի կողմից, ով հանդիսանում է «Արգավանդ Կահույք» ՍՊԸ-ի ներկայացուցիչը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել