Նպատակները
Սույն իրազեկման նյութի նպատակն է ապահովել գործնական գիտելիքներ և հմտություններ հետևյալ ուղղություններով․
- Յուրացնել արագ և խորացված փաստերի ստուգման մեթոդներ աղբյուրների, պատկերների, տեսանյութերի և տվյալների համար
- Տիրապետել առցանց ստուգման գործիքներին և հարթակներին
- Ծանոթանալ Հայաստանի վստահելի աղբյուրներին և դրանց օգտագործման սկզբունքներին
1. Կայքերի և առցանց աղբյուրների ստուգում
Կայքերի հավաստիության ստուգում
«Որտեղի՞ց» մոտեցում
Պաշտոնական կամ ճանաչելի կայքի որոշման համար անհրաժեշտ է ստուգել մի շարք չափանիշներ։ Նախ պետք է պարզել, արդյոք կայքն ունի «Մեր մասին» բաժին, որտեղ նշված են խմբագրական թիմն ու հեղինակները։ Կոնտակտային տվյալների առկայությունը նույնպես կարևոր ցուցանիշ է։ Կայքի նախապատմության ուսումնասիրությունը ցույց կտա, թե որքանով է այն կայուն, արդյոք փոխվել է ուղղությունը և ինչպիսի հրապարակումների պատմություն ունի։ ArmNIC և WhoisMind հավելվածների միջոցով կարելի է մի շարք տեղեկություններ հավաքել կայքի մասին։
Հրապարակման ամսաթվի ստուգում
Համացանցում հաճախ շրջանառվում են մի քանի տարվա վաղեմություն ունեցող հրապարակումներ, որոնք ներկայացվում են որպես նորություն և ապակողմնորոշում հասարակությանը։ Թյուրիմացությունից խուսափելու համար կարևոր է նյութը կարդալուց առաջ ստուգել հրապարակման ամսաթիվը։ Այն սովորաբար հաջորդում է վերնագրին՝ աջ կամ ձախ անկյունում։ Սակայն կան բազմաթիվ կայքեր, որոնցում չի նշվում ամսաթիվը, իսկ հմուտ կեղծարարները կարող են անգամ փոփոխել այն, ինչն ավելի է բարդացնում ստուգումը։
Հրապարակման ճշգրիտ ամսաթիվը կարելի է տեսնել ֆեյսբուքի միջոցով՝ որոնելով հրապարակման վերնագիրը կամ URL կոդը։ Այստեղ կարող ենք տեսնել, թե երբ է այն առաջին անգամ հայտնվել համացանցում։ Եթե օգտվում եք Mozilla Firefox բրաուզերից, ապա սեղմելով մկնիկի աջ կոճակը՝ կարող եք ընտրել «տեղեկություն էջի մասին» բաժինը, որտեղ կտեսնեք վերջին թարմացումները վայրկյանների ճշտությամբ, ինչպես նաև մի շարք այլ կարևոր տեղեկություններ։
Հրապարակման ամսաթիվը կարելի է ստուգել նաև տվյալ էջի HTML կոդի միջոցով։ Կատարելով Ctrl+U հրամանը՝ ձեր առջև կբացվի կայքի HTML կոդը։ Այստեղ կարելի է որոնել meta property, updated_time, published_time կամ modified_time բառերը և տեսնել ժամկետները։ Գուգլը ևս պահում է հրապարակումների մասին տվյալներն ու ժամկետները։ Դրա համար բավարար է մուտքագրել «Inurl։» հրամանը, որից հետո չակերտների մեջ մուտքագրել հրապարակման URL կոդը։ Եթե հրապարակման ամսաթիվը չի երևում՝ ավելացրեք «&as_qdr=y15» հրամանը։ Հրապարակման ժամկետների մասին տեղեկություն կարելի է գտնել նաև գուգլի քեշերից (google cache)։
Էլ. փոստի ստուգում
Email-checker-ը ցույց է տալիս էլեկտրոնային հասցեի կարգավիճակը, սակայն անհրաժեշտ է վերջինս օգտագործել համակցվածորեն։ Hunter.io-ն կօգնի գտնել ձեզ անհրաժեշտ մարդկանց էլեկտրոնային հասցեները, եթե վերջիններս երբևէ դրանք հրապարակել են համացանցում։
2. Սոցիալական ցանցերում աղբյուրների ստուգում
Բոտերի հայտնաբերման ավտոմատացված գործիքներ
Մեքենայական ուսուցման (ML) և արհեստական բանականության (AI) զարգացումը հնարավորություն է տալիս արագ վերլուծել հսկայական թվով հաղորդագրություններ՝ բացահայտելով համակարգված արշավներ, կեղծ օգտահաշիվներ և բոտեր։
Bot Sentinel-ը համարվում է առաջատար գործիքներից մեկը X սոցիալական հարթակում՝ նախատեսված տրոլ-բոտերի և կասկածելի ակտիվությամբ հաշիվների բացահայտման համար։ Համակարգը կիրառում է բարդ ալգորիթմներ՝ վերլուծելու օգտահաշվի վարքագծային առանձնահատկությունները, հրապարակումների բովանդակության կառուցվածքը և հռետորաբանությունը, օգտագործողների փոխազդեցությունների խտությունը և ուղղվածությունը, ակտիվության համատեքստային և վիճակագրական պրոֆիլները։ Սակայն, վերջինս X API սահմանափակումների պատճառով հանդիսանում է «օժանդակ, ոչ վերջնական» գործիք։
Botometer-ը (նախկինում BotOrNot) գնահատում է հաշիվների վավերականության մակարդակը՝ տարբեր չափորոշիչների համակցմամբ, ներառյալ սոցիալական ցանցում կապերի և հետևորդների կառուցվածքը, ժամանակային ակտիվության ցիկլերն ու ռիթմերը, լեզվաբանական նմուշները, հուզական արտահայտչականությունը։ Սակայն, այժմ գործնականում այն կիրառվում է «archival/ուղեցույցային» ռեժիմով, ուստի չօգտագործել գործիքը որպես ներկա տվյալների հուսալի ավտոմատ գնահատում։
BotSlayer համակարգն աշխատում է համակարգված մանիպուլյատիվ արշավների հայտնաբերման ուղղությամբ՝ կենտրոնանալով հեշթեգների յուրացման (hashtag hijacking), կրկնվող հաղորդագրությունների և արհեստական թրենդների բացահայտման վրա։ Այն օգտակար է ոչ միայն քաղաքական քարոզչության, այլ նաև կորպորատիվ կամ սոցիալական մանիպուլյացիաների կանխարգելման համատեքստում։
Օգտատերերի իսկության ստուգում
Pipl.com-ը թույլ է տալիս ստուգել սոցիալական ցանցի օգտատիրոջ իսկությունը։ Այն, վերլուծելով ցանցային ակտիվությունը, հաստատում կամ հերքում է տվյալ օգտատիրոջ կեղծ լինելը։
Վճարովի Inteltechniques ծրագրի միջոցով կարելի է տեղեկություններ ստանալ տարբեր սոցիալական ցանցերում օգտահաշիվների մասին։ Կայքը պարունակում է բազմաթիվ այլ գործիքներ՝ բաց աղբյուրներից տեղեկատվություն հայթայթելու համար (OSINT – Open Source INTelligence)։
Քաղաքական քարոզչության մոնիթորինգ
Hamilton 2.0 համակարգը մշակվել է ԱՄՆ-ում՝ նպատակ ունենալով բացահայտել և մշտադիտարկել օտարերկրյա պետությունների կողմից իրականացվող քարոզչությունը, մասնավորապես Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի կողմից։ Համակարգը վերլուծում է դեսպանատների, պետական մեդիայի և պաշտոնյաների թվիթերյան հաղորդագրությունները, ստեղծելով հանրային առցանց տեղեկատվական քարտեզ։
Որոնում սոցիալական ցանցերում
Chrome-ի օգտատերերը մի շարք օգտակար հավելվածների միջոցով կարող են արագ որոնում իրականացնել՝ գտնելով մարդկանց կամ տեղեկատվություն։ Storyful Multisearch for Chrome-ը Storyful-ի կողմից հրապարակված ծրագիր է, որն իրականացնում է մոնիտորինգ և գտնում է սոցիալական ցանցերում վիրուսային օգտահաշիվներ։ Ծրագիրը ներբեռնելուց հետո դուք կարող եք մուտքագրել բանալի բառը և ստանալ միանգամից մի քանի սոցիալական ցանցերից X-ից, YouTube-ից, Tumblr-ից, Instagram-ից և Spokeo-ից ամբողջական ինֆորմացիա։ Facebook Search հավելումը (add-on) Chrome-ի համար թույլ է տալիս ամբողջական որոնում իրականացնել սոցիալական ցանցերում։
3. Պատկերների խորը վերլուծություն
Հետադարձ պատկերային որոնում (Reverse Image Search)
Պատկերների ստուգումը կարևորագույն տարր է փաստերի ստուգման գործընթացում։ Google Search by Image գործիքը թույլ է տալիս վերբեռնել պատկերը և համեմատել՝ երբից է առկա ինտերնետում, ինչ կոնտեքստում է օգտագործվել, ովքեր են այն հրապարակել։ Նմանատիպ գործիքներ ունեն նաև Bing-ը, Yandex-ը: Ցանկալի է համադրել:
Who stole my picture add-on-ը Firefox-ի համար և BlackTrack-ը Safari-ի համար կատարում են նմանատիպ գործառույթներ։
TinEye-ը թողարկել է իր սեփական ծրագրային հավելումը, որն ունի որոնողական լայն հնարավորություններ։ TinEye-ը գործում է Chrome, Firefox և Safari բրաուզերների համար և հատկապես արդյունավետ է պատկերների բազմակի օգտագործումների հայտնաբերման համար։
Պատկերների խորը վերլուծություն
Fotoforensics ծրագիրի միջոցով կարող ենք պարզել լուսանկարի իսկությունը։ Գործիքը ցույց է տալիս լուսանկարի այն հատվածները, որտեղ եղել է արտաքին միջամտություն (զտիչներ, ֆոտոշոփ և այլն)։ Բացի դրանից, ծրագիրը վերլուծում է լուսանկարի մետատվյալները, որոնցով կարելի է անգամ հասկանալ, թե որտեղ, երբ և ինչ սարքով է արվել այդ լուսանկարը։
Forensically գործիքը տրամադրում է թվային փորձաքննության զտիչներ, ներառյալ սխալի մակարդակի վերլուծություն (error level analysis), կլոնավորման հայտնաբերում (clone detection) և այլն։
Jeffrey’s Image Metadata Viewer-ը ցուցադրում է մանրամասն մետատվյալներ։ Մետատվյալների ստուգման համար օգտվեք EXIF գործիքներից, որոնք ցույց են տալիս ստեղծման օր և ժամ, սարքավորում (եթե հասանելի է)։
4. Տեսանյութերի ստուգում
YouTube DataViewer-ը, որը մշակվել է Amnesty International-ի կողմից, ցուցադրում է տեսանյութի բեռնման ճշգրիտ օրն ու ժամը, ինչպես նաև մանրապատկերների փաթեթը։ Այս գործիքը հատկապես օգտակար է հին տեսանյութերի վերահրապարակումների հայտնաբերման համար։
InVID-ը տեսանյութի իսկությունը ստուգելու լավ գործիք է։ Այստեղ կարելի է ներբեռնել տեսանյութեր թե՛ Youtube-ից, և թե՛ Facebook-ից։ Հավելվածի միջոցով կարելի է ստուգել տեսանյութի արդիականությունը, գտնել բոլոր այն աղբյուրները, որտեղ այն երբևէ հրապարակվել է։
5. Առցանց որոնման և արխիվացման գործիքներ
Google որոնման առաջադեմ մեթոդներ
Google որոնման համակարգն առաջարկում է բազմաթիվ զտիչներ, որոնք թույլ են տալիս արագ և արդյունավետ՝ զերծ մնալով ավելորդ տեղեկատվությունից, գտնել այն, ինչն անհրաժեշտ է։ Եթե ցանկանում եք ունենալ այս բոլոր առաջադեմ որոնման հնարավորությունները մեկտեղ, ապա կարող եք օգտագործել Chrome-ի Fast Advanced Google Search հավելվածը։ Դրանով հեշտ է սահմանել, օրինակ, ժամանակահատվածն ու այն կայքերը, որտեղ կցանկանայիք իրականացնել որոնումը։
Google Lens գործիքը թույլ է տալիս տեքստի ճանաչում և տեսողական որոնում։
Google Trends գործիքը թույլ է տալիս հետևել թեմաների դինամիկային և իրականացնել տարածաշրջանային համեմատություն։ Social Mention և համանման գործիքները հնարավորություն են տալիս դիտարկել տրամադրությունները և հիշատակումները սոցիալական մեդիայում։
Արխիվներ և էկրանային կադրեր (screenshots)
Հայտնի համացանցային արխիվը Wayback Machine-ը պահում է բազմաթիվ կայքէջերի պատմություններն ու բովանդակությունները, եթե անգամ այդ էջերը փոփոխված կամ ջնջված լինեն։ Ջնջված հրապարակումը վերականգնելու համար տեղադրեք համապատասխան URL կոդը որոնող համակարգում և ընտրեք ճշգրիտ ամսաթիվը։
Հաճախ կայքէջերում հրապարակված նյութերը ջնջվում են, և հետագայում դժվար է լինում ապացուցել նյութի հրապարակված լինելու փաստը։ Այստեղ մեզ օգնության են գալիս էկրանային կադրի գործառույթն իրականացնող հավելվածները։ Տարբեր բրաուզերների համար նախատեսված այս ծրագրերը թույլ են տալիս պահպանել էկրանային կադրերը PNG կամ PDF ձևաչափերով։
Screenshot capture գործիքը Chrome-ի համար, Paparazzi!-ն Safari-ի համար և Fireshot-ը Firefox-ի համար են առավել տարածված գործիքները։
6. Հայաստանի պաշտոնական աղբյուրներ
Իրավական տեղեկատվական համակարգեր
www.arlis.am – Համաշխարհային բանկի և Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ 2005 թվականից գործում է Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգը։ Այն օգտատերերին է ներկայացնում հանրապետության համապարփակ իրավական դաշտը՝ օրենքները, օրենքների նախագծերն ու որոշումները:
www.datalex.am – «Դատական տեղեկատվական համակարգը» էլեկտրոնային կառավարման և տեղեկությունների տրամադրման հանրային տեղեկատվական գործիք է, որը հնարավորություն է տալիս իրական ռեժիմում ստանալ տեղեկություններ բոլոր դատարաններում քննվող գործերի մասին։ Այստեղ կարող ենք գտնել նիստերի ժամանակացույցերը, Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները, ՄԻԵԴ-ի գործերի արխիվը, ինչպես նաև մի շարք այլ ծառայություններ։
www.e-register.am – Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգն է, որը հնարավորություն է տալիս որոնել և ձեռք բերել տեղեկություններ կազմակերպությունների վերաբերյալ։
www.e-draft.am – Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրվում են ՀՀ գերատեսչությունների կողմից մշակվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը։ Առցանց հարթակը ապահովում է գերատեսչությունների կողմից իրավական ակտերի նախագծերը հանրությանը ներկայացնելու, առցանց տարբերակով հանրային քննարկումներ կազմակերպելու հնարավորությունը։ Կայքը հնարավորություն է ընձեռում որոնելու և ծանոթանալու տեղադրված նախագծերին, հետևելու դրանց հետագա ընթացքին, ծանոթանալու ներկայացված առաջարկություններին:
Թափանցիկություն և հակակոռուպցիոն համակարգեր
https://cpcarmenia.am/ – Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքն է, որտեղ կարող ենք գտնել բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերը։ Ինչպես հայտնի է՝ պաշտոնատար անձն ու իր ընտանիքի անդամները պարտավոր են ամբողջական տեղեկատվություն տրամադրել գույքի և եկամուտների, շահերի և ծախսերի մասին։ Ցանկացած անձ կարող է մուտք գործել հայտարարագրերի համակարգ և ծանոթանալ այդ տվյալներին։ Ներկայումս համակարգում կարող ենք գտնել նախկին և ներկա մի շարք պաշտոնական անձանց հայտարարագրեր։
https://gnumner.minfin.am/ և armeps.am – Այս համակարգերի միջոցով հնարավոր է պետական ցանկացած գնման և կնքված պայմանագրի մասին մանրամասն տեղեկատվություն ստանալ, այդ թվում՝ գնումների պլանին, հանձնաժողովների նիստերի արձանագրություններին, գնումների մասին հայտարարություններն և անհրաժեշտ այլ տեղեկություններին։
www.elections.am – Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Ընտրողների ռեգիստրի» միջոցով հրապարակում է ընտրական գործընթացներին և հանրաքվեներին առնչվող տեղեկատվությունը։ Օնլայն հարթակում կարող եք գտնել ընտրությունների և ԿԸՀ նիստերի ուղիղ հեռարձակումները, ընտրություններին մասնակցող կուսակցությունների և քվեարկության մասնակիցների ամբողջական ցուցակը, ՏԸՀ-ների նստավայրերը, տեղամասերի հասցեն և անհրաժեշտ շատ այլ տեղեկություններ։
Պետական մարմինների պաշտոնական կայքեր
Գործադիր իշխանություն
- ՀՀ վարչապետ – primeminister.am
- ՀՀ նախագահ – president.am
- ՀՀ կառավարություն – gov.am
Օրենսդիր և դատական իշխանություն
- ՀՀ Ազգային ժողով – parliament.am
- ՀՀ Սահմանադրական դատարան – concourt.am
ՀՀ նախարարություններ
- ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն – mlsa.am
- ՀՀ Առողջապահության նախարարություն – moh.am
- ՀՀ Արդարադատության նախարարություն – justice.am
- ՀՀ Արտաքին գործերի նախարարություն – mfa.am
- ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն – mnp.am
- ՀՀ էկոնոմիկայի նախարարություն – mineconomy.am
- ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն – escs.am
- ՀՀ Պաշտպանության նախարարություն – mil.am
- ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն – mtad.am
- ՀՀ Ֆինանսների նախարարություն – minfin.am
- ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն – hti.am
- ՀՀ ներքին գործերի նախարարություն – wmia.gov.am, ՀՀ Ոստիկանություն – www.police.am
Կարևոր է համեմատել մի քանի աղբյուրների ցուցանիշները և տեսնել, արդյոք մեթոդաբանությունը նույնն է։ Տվյալների համեմատության ժամանակ պետք է ուշադրություն դարձնել հավաքագրման ժամանակահատվածին, նմուշի չափին և մեթոդաբանական մոտեցումներին։
Եզրակացություն
Փաստերի ստուգումը բազմաշերտ գործընթաց է, որը պահանջում է տեխնիկական գործիքների իմացություն, մեթոդաբանական մոտեցում և քննադատական մտածողություն։ Օգտագործելով այս իրազեկման նյութում ներկայացված գործիքակազմը և մեթոդները, հնարավոր է արդյունավետորեն պայքարել ապատեղեկատվության դեմ և նպաստել տեղեկատվական անվտանգության բարձրացմանը։ Հիշեք, որ ոչ մի գործիք չի կարող 100% երաշխիք տալ, և միշտ անհրաժեշտ է օգտագործել մի քանի մեթոդ՝ վերջնական եզրակացության հասնելու համար։