Իրավաբան.net-ն արդեն տեղեկացրել է, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայանը նշանակվել է Գլխավոր դատախազի տեղակալ` ազատվելով զբաղեցրած պաշտոնից:
Ըստ մեր հավաստի տեղեկությունների` Էմիլ Բաբայանի փոխարեն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ է նշանակվելու Նախագահ Սերժ Սարգսյանի ռեֆերենտ Սիրանուշ Սահակյանը: Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով` Էմիլ Բաբայանի թեկնածությունն առաջարկել էր Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Էմիլ Բաբայանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հետևանքով հանձնաժողովի նոր անդամի թեկնածու առաջարկելը ևս վերապահված է Վճռաբեկ դատարանի նախագահին, իսկ նշանակման կատարումը` ՀՀ նախագահին:
Տեղեկացնենք, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ստեղծվել է 2012 թվականի հունվարի 9-ին Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթներն են` բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերի ռեեստրի վարումը, դրանց վերլուծությունը և հրապարակումը, ինչպես նաև, օրենքով սահմանված դեպքերում, բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման և էթիկայի կանոնների խախտումների բացահայտումը և դրանց վերացմանն ու կանխարգելմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը կազմված է հինգ անդամից։ Հանձնաժողովի անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, սահմանադրական դատարանի նախագահի, վճռաբեկ դատարանի նախագահի, գլխավոր դատախազի ներկայացմամբ` յուրաքանչյուրը մեկական անդամ սկզբունքով` վեց տարի ժամկետով: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ և նախագահի մեկ տեղակալ։
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել 30 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող, բարոյական բարձր հատկանիշներով օժտված, հասարակության կողմից ճանաչված և առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող քաղաքացին։
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Հանրապետության Նախագահը նշանակում է հանձնաժողովի նոր անդամ` սահմանված ժամկետի մնացած ժամանակահատվածի համար: Նման դեպքում, եթե մնացած պաշտոնավարման ժամանակը պակաս է մեկ տարուց, ապա հանձնաժողովի նոր անդամի պաշտոնավարման ժամկետը սահմանվում է նախորդ անդամի մնացած ժամանակահատվածին գումարած վեց տարի։