Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը խնդրում է Ռուսաստանի իր կոլեգա Վլադիմիր Լուկինին պարզաբանելու, թե ինչու է արյունահեղ ճանապարհային վթարի մեջ մեղադրվողը դատարանում հայտնվել կանացի խալաթով: Այս մասին գրում է ռուսական «НТВ» հեռուստաալիքը:
Կարեն Անդրեասյանի նամակից. «Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, որին մեղադրանք է առաջադրվել երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, հուլիսի 15-ին նվաստացուցիչ տեսքով, մասնավորապես՝ կանացի խալաթով, բերման է ենթարկվել դատարան»:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ իր հերթին մեղադրվողի դուստրը կոչ է արել ժամանակից շուտ չդատապարտել իր հորը և հիշեցրել է, որ նման իրավիճակում կարող էր հայտնվել յուրաքանչյուրը:
Լիլիթ Հարությունյանը՝ մեղադրվողի դուստրը, նշել է, որ վարորդը չի խախտել ճանապարհային կանոնները, և որ արգելակները չեն աշխատել. «Բավական է քննադատել այն մարդկանց, որոնք արդար ճանապարհով փորձում են ապրուստի գումար վաստակել և հայտնվում են ողբերգական իրավիճակում»:
Լրագրող Հարություն Հարությունյանը իր «ռուսական ցինիզմ» գրառման մեջ նշել է, որ մահացու դեպքի համար պատասխանատվությունը կրում է այն կողմը, ով չի շտապել լուսացույց տեղադրել վտանգավոր վայրում: