Իրանն արձանագրել է, որ պատրաստ է կնքել համաձայնագիր, որը երաշխավորում է, որ Իրանը չի ունենա միջուկային զենք։
Այս մասին հայտարարել է երկրի Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, փոխանցում է РИА Новости-ն։ Նա ընդգծել է, որ եթե պայմանագրի նպատակը Իրանի օրինական միջուկային իրավունքներից զրկելն է, ապա երկիրը նման համաձայնության պատրաստ չէ։ Նախարարը նաև նշել է, որ Թեհրանը կդադարեցնի հարվածները Իսրայելին, եթե վերջինս դադարեցնի հարձակումները Իրանի վրա։
«Մենք պատրաստ ենք ցանկացած համաձայնագրի, որի նպատակն է ապահովել, որ Իրանը չունենա միջուկային զենք, քանի որ մեր սկզբունքով միջուկային զենքն արգելված է։ Բայց եթե նպատակը Իրանին իր միջուկային իրավունքներից զրկելն է, բնականաբար, մենք նման համաձայնության չենք գնա»,-ասել է նա դեսպանների հետ հանդիպման ժամանակ։