Հունիսի 14-ի երեկոյան Գյումրիում գրանցված ուժեղ քամին և կարկուտը զգալի վնասներ են հասցրել քաղաքի մի շարք թաղամասերին։ Այս մասին տեղեկացնում են Գյումրու համայնքապետարանից։
«Ստեղծված իրավիճակով մտահոգված՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի գեներալ-մայոր Ալեքսանդր Վիտալիևիչ Բեզբորոդովը հեռախոսազրույց է ունեցել Գյումրու փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանի հետ։ Զրույցի ընթացքում գեներալ-մայոր Բեզբորոդովը տեղեկացել է քաղաքի իրավիճակի մասին և իր նախաձեռնությամբ առաջարկել է ռազմաբազայի աջակցությունը՝ տրամադրելով տեխնիկա և մարդկային ռեսուրսներ՝ վնասների վերացման և մաքրման աշխատանքների նպատակով։
Փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անունից, շնորհակալություն է հայտնել ցուցաբերած ուշադրության և աջակցության պատրաստակամության համար՝ ընդգծելով, որ նման դրսևորումները, հատկապես դժվարին պահերին, խոսում են գործընկերային հարաբերությունների և փոխադարձ հարգանքի մասին։
Նա նշել է, որ քաղաքապետարանի ծառայությունները կարողացել են առայժմ սեփական ուժերով վերահսկել իրավիճակը, սակայն անհրաժեշտության դեպքում ռազմաբազայի աջակցությունը անպայման կարժանանա դիտարկման և գնահատման»,- գրված է համայնքապետարանի պաշտոնական էջում։ Ուշագրավ է, որ համայնքային հարցը քննարկվում է 102-րդ ռազմաբազայի ներկայացուցչի հետ։