«Չի կարող լինել հասարակություն, որտեղ մի մասը ավելի հավասար են, քան մյուսները». իրավաբան

Վերջերս արդարադատության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրեց «Իրավահավասարության մասին» օրենքի նախագիծը:

Օրենքը նախատեսում է, որ իրավահավասարության ապահովմամբ պետք է զբաղվի մարդու իրավունքների պաշտպանը, ինչպես նաև կստեղծվի նրան կից հավասարության մարմին, որը կգործի հասարակական հիմունքներով, առանց վարձատրության:

«Կարծում եմ, որ առանձին մարմնի պետք է վստահել այդ գործառույթը: Միջազգային պրակտիկան թույլ է տալիս որպես հավասարության մարմին օմբուդսմենին դիտարկել, ինչը մեզ մոտ է տեղի ունենում, սակայն այս պայմաններում կարևոր է, որպեսզի պետությունը այդ մարմնին, որին վստահում է իրավահավասարության ապահովումը, տա անկախություն, տա համապատասխան ֆինանսավորում և այդ մարմինը պետք է ունենա համապատասխան ռեսուրսներ, լիազորություններ, որպեսզի կարողանա իրականացնել իր գործառույթները»,-նշում է փաստաբան Նվարդ Փիլիպոսյանը:

Կից հավասարության խորհուրդը, որը պետք է ստեղծվի, գործելու է որպես  խորհրդակցական մարմին, որի խորհուրդներին մարդու իրավունքների պաշտպանը կարող է հետևել, կարող է չհետևել:

«Այդ մարմինը պետք է գործի կամավորության սկզբունքով, դրա համար չպետք է վարձատրվի, ինչը արդեն ենթադրում է, որ դրանում ներգրավված անձիք իրենց ամբողջ ժամանակը չեն կարողանա տրամադրել այդ աշխատանքին: Բացի դրանից, օմբուդսմենը արդեն իր լիազորություններով որոշակի սահմանափակումներ ունի, քանի որ չի կարող, օրինակ՝ տուգանք նշանակել, եթե գտնում է, որ խտրականություն է տեղի ունեցել: Այստեղ մենք խնդիր ունենք, քանի որ օմբուդսմենը չի կարողանա սանկցիաներ կիրառել, որոնք գործուն հետևանքներ կունենան»,-նշում է փաստաբանը:

Նախագծով՝ մարդու իրավունքների պաշտպանը նաև իրավասություններ չի ունենա մասնավոր հատվածի նկատմամբ, իսկ խտրականության դրսևորումներից շատերը, փաստաբանի խոսքով, տեղի են ունենում հենց մասնավոր ոլորտում. «Փաստորեն, խտրականության ենթարկված անձանց մի ստվար զանգված պաշտպանություն չեն կարողանա գտնել պետական այս մարմնին դիմելով: Այս առումով բարձր չեմ գնահատում նախագծի ներկայիս տարբերակը»:

Խտրականության սահմանումը հայաստանյան օրենսդրության մեջ մինչև այժմ չկա: Սահմանադրությունը նշում է, որ խտրականությունը որոշակի հիմքերով արգելվում է, բայց չի տալիս խտրականության սահմանումը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 29-րդ հոդվածում նշված է. «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»:

Կա «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին» օրենքը, որը սահմանում է գենդերային հավասարությունը և գենդերային խտրականությունը և դրա տեսակները, սակայն, փաստաբան Նվարդ Փիլիպոսյանի խոսքով, չի նախատեսում, թե ինչպես կարող է անձը վերականգնել իր իրավունքները, եթե տեղի է ունեցել գենդերային խտրականություն:

Փաստաբանի խոսքով՝ օրենքը ավելի դեկլարատիվ բնույթ է կրում և մեխանիզմներ չի նախատեսում. «Ներկայումս խտրականությունը կարգավորող համապարփակ օրենքի անհրաժեշտությունը բխում է նրանից, որպեսզի սահմանվի, թե ինչ է խտրականությունը, որոնք են դրա տեսակները, որ դեպքում կարող ենք խոսել խտրականության մասին, որ դեպքում կարող ենք նշել, որ տվյալ իրավիճակը խտրականություն չէ»:

Փաստաբաններն այժմ ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումներին հղում տալով են փորձում դատարաններում բարձրաձայնել խնդրի մասին, իսկ մասնագետի գնահատմամբ՝ խտրականությունը բավականին տարածված երևույթ է Հայաստանում. «Այն անդրադառնում է մեր քաղաքացիների միանշանակ մեծամասնությանը, եթե մենք դիտարկում ենք խտրականության բոլոր հիմքերը: Օրինակ՝ եթե մարդը աղքատ է, ապա ենթադրվում է, որ որոշ ծառայություններից կամ ծառայությունների որակից պետք է զրկված լինի: Մեր հասարակության մեջ մարդկանց մի զգալի խումբ զրկված է հավասարության պայմաններից: Չի կարող լինել հասարակություն, որտեղ մի մասը ավելի հավասար են, քան մյուսները»,-նշում է իրավաբան Հովհաննես Մադոյանը:

Նրա խոսքով, ամենավառ օրինակներից է հասարակությունում կանանց նկատմամաբ դրսևորվող խտրականությունը. «Օրինակ՝ մեզ մոտ բարձրաստիճան պաշտոնյաները հիմնականում տղամարդիկ են: Հետազոտություն կա նաև, որ բիզնեսը պատրաստ չէ կնոջը ավելի շատ վճարել և դա նրանից է, որ կինը իր աշխատավարձը չի կաողանում պահանջել, այսինքն, ի սկզբանե կինը համակերպվում է այն փաստի հետ, որ  քիչ է ստանալու: Երբ մենք խոսում ենք հավասարության մասին, ապա պետք է հաշվի առնենք, որ կան մարդկանց խմբեր, որոնք հասարակության կողմից այնքան երկար ժամանակ են եղել ճնշված և սահմանափակված, որ այդ իրավունք պահանջելու ներուժը չունեն, լինի դա աշխատավարձ ստանալու պահանջը կամ կրթություն ստանալու իրավունքը, մարդիկ այդ ներուժը չունեն, որպեսզի պահանջեն, և այստեղ պետության դերն է կարևոր, որպեսզի ստեղծի իրավիճակ և մեխանիզմներ, որտեղ ամեն անհատ կարիք չի ունենա անընդհատ պահանջելու»:

Իրավաբանը նշում է, որ անհատը պետք է իր իրավունքի տերը դառնա, սակայն պետությունը պետք է անի առավելագույնը, որպեսզի քաղաքացին չկրի ամբողջ բեռը. «Եվ գալիս ենք օրենքի գոյության անհրաժեշտությանը»:

Նվարդ Փիլիպոսյանը նշում է. «Մի լավ կողմ կա այս նախագծում, որը միջազգային չափանիշներից է գալիս: Դա ապացուցման բեռի հարցն է, երբ խտրականության ենթարկված անձը պարտավոր չէ ապացուցել, որ ինքը ենթարկվել է խտրականության: Նա պետք է միայն ներկայացնի առերևույթ խտրականության մասին տվյալներ և հակառակ կողմը, այսինքն անձը, որը ենթարկել է խտրականության, պետք է ապացուցի, որ տվյալ դեպքում խտրականություն տեղի չի ունեցել»:

Փաստաբանը նշում է նաև, որ կան որոշ ապացույցների տեսակներ, որոնք մեր օրենսդրությամբ նախատեսված չեն, սակայն խտրականությունը հաստատելու համար անհրաժեշտ կլինի դրանք կիրառել: Օրինակ՝ փորձարարություն իրականացնել, վիճակագրական տվյալներ ներկայացնել, անհերքելի փաստերը որպես ապացույց ներկայացնել, իսկ խախտումը ճանաչելու դեպքում չկան անձի պաշտպանության երաշխիքներ և մեխանիզմներ. «Միջազգային պրակտիկան այս առումով խոսում է փոխհատուցման մասին և գալիս ենք բարոյական վնասի ինստիտուտին, որը ամբողջապես չի կարգավորվում մեզ մոտ, այսինքն միայն որոշակի իրավունքների խախտման դեպքում, որոշակի հանգամանքների պաևագայում: Օրինակ՝ եթե պետական մարմնի կողմից է այդ խախտումը կատարվել, ապա միայն այդ դեպքում հնարավոր է ստանալ փոխհատուցում և եթե նույնիսկ խտրականությունը ներառվի այն իրավունքների ցանկում, որոնց դեպքում անձը կարող է փոխհատուցում ստանալ, մենք նորից գալիս ենք այն իրավիճակին, որ դա կարող է տեղի ունենալ միայն պետական մարմինների հետ հարաբերություններում»:

Խտրականությունը միջազգային պրակտիկայում չի համարվում քրեական հանցագործություն և պատիժ դրա համար նախատեսված չէ: Խտրականության ենթարկվելու դեպքում անձը կարող է պահանջել իր իրավունքը վերականգնել, օրինակ, եթե անձին իր կրոնական համոզմունքների պատճառով չեն ընդունել աշխատանքի կամ ազատել են աշխատանքից, նա կարող է պահանջել, որպեսզի իրեն վերականգնեն, սա կլինի իրավունքի վերականգնումը:

Մեր զրուցակիցների խոսքով՝ պետությունը որոշակի քայլեր պետք է իրականացնի, որպեսզի այդ իրավիճակը չկրկնվի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել