Մելանյա Ալեքսանյանը ծնվել և ամբողջ կյանքն ապրել է Արցախի Սոս գյուղում։ Այս մասին նա պատմել է «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում․
«Ուսուցիչներով գնացել էինք մի կարիքավոր ընտանիքի տուն՝ տեսնելու, թե նրանց երեխաները ինչու դպրոց չեն հաճախում։ Այնտեղից երբ տուն հասանք, սկսվեց ամենադաժանը՝ պատերազմը»։
Մելանյան տեսել է, թե հայկական դիրքերը ինչպես են կորել փոշու ու ծխի մեջ, նույն վիճակում էր գտնվում նաև այն դիրքը, որտեղ այդ պահին իր որդին էր գտնվում․ «Տեսա նաև հայրական տունս՝ ծխի մեջ կորած։ Երբ ռմբակոծությունը դադարում էր, ասում էի՝ գնամ, տեսնեմ՝ մերոնցից ինչ կա։ Աղջիկս վախեցած փարվել էր ինձ ու ասում էր՝ մամ, մի՛ գնա, որովհետև ռմբակոծությունը չի դադարել»։
Հիշում է՝ թե ինչպես էր «տեգոր տղան» եկել՝ ընկերների համար ուտելիք տանելու։ Նրան այդ օրը վերջին անգամ են տեսել․․․«Մորը, որ մինչ այդ չէր համբուրում, չէր թողնում նաև որ մայրը համբուրեր, այդ օրը խնդրեց, որ գնալուց առաջ համբուրի իրեն»։
Մելանյան պատմեց, որ պատերազմի օրերին է առաջին անգամ բարձրաձայն լաց եղել ու Աստծուն խնդրել, որ ոչ մեկին ոչինչ չպատահի․
«Ես և աղջիկս գնացինք հիվանդանոց։ Թեկուզ պայթյուններն արդեն մոտ էին քաղաքին, գնացինք՝ տեսնելու մեր վիրավորներին, հարցրի վիրավորների ցուցակի մասին, հետո չգիտեի՝ «մորգ» գնա՞մ, թե՝ ոչ»։
Բայց ուժ չի ունեցել այնտեղ գնալ ու որդուն փնտրել։ Մելանյան կարոտով է հիշում շրջափակման օրերը, իրենց տանն էին․ «Երբ գյուղում էինք, չէինք զգում այդ շրջափակման օրերը, բայց երբ Ստեփանակերտ էինք գնում, հասկանում էինք, որ շատ դաժան է․ մայր կար, որ իր երեխաների համար անյուղ ճաշ էր եփում, հացի կտոր չուներ, որ տար նրանց»։
Պատմեց, որ Արցախը լքելուց մեկ օր առաջ այցելել են Ստեփանակերտ՝ «Եղբայրական գերեզմանոց»․ «Տեգորս տղային բերել էինք էնտեղ հուղարկավորելու։ Ականատեսը եղա, թե ինչպես է հայրը իր որդուն նորից գերեզմանից հանում, մի քանի օր առաջ հողին էր հանձնել, բայց նորից հանում էր, որ տանի իր հետ։ Նույնին արժանացել է նաև մեր երեխան՝ տեգորս տղան»։
Iravaban.net–ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․
Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]
Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մարիամ Անտոնյան