Փաստաբանների պալատում «Փաստաբանների իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները ժամանակակից մարտահրավերների պայմաններում» թեմայով ապրիլի 25-ին տեղի ունեցած գիտաժողովի ժամանակ ելույթ ունեցավ Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր, այժմ՝ փաստաբան Սերգեյ Մարաբյանը։
Նա իր ելույթում նշեց՝ շատ պատասխանատու պահ է, քանի որ որպես փաստաբան առաջին անգամ պետք է հանրային ելույթ ունենա։
Անդրադառնալով Հայաստանում փաստաբանության կարգավիճակին և փոխհարաբերությանը պետության հետ՝ նշեց, որ փաստաբանական ինստիտուտն ունի զարգացման երկարամյա պատմություն, փաստաբանությունը հանդիսացել է այս կամ այն պետության և հասարակության հասունության կամ ժողովրդավարության կարևոր ցուցիչներից մեկը։
Նշեց, որ Մխիթար Գոշի «Դատաստանագիրքում», որը համարվում էր իրավական լուրջ փաստաթուղթ տվյալ ժամանակաշրջանի համար, փաստաբանությունը արդարության տեսանկյունից չէր ընդունվում, հակառակը՝ Գոշը կարծում էր՝ արդարությունը չպետք է ծռել ճարտար խոսքի միջոցով․ «Եթե մենք դիտարկում ենք քաղաքացիական հասարակության հասկացությունը, որով որ տրվում է տարբեր տեսական մեկնաբանություններում դրան բնորոշ հատկանիշները, հասկանում ենք, որ ցանկացած քաղաքացիական ինստիտուտին բնորոշ են որոշակի վերահսկողական գործառույթներ հանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ»։
Նրա խոսքով՝ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների կողմից հաճախ փաստաբանությունը չի ընկալվում հանրային իրավական գործունեության տեսանկյունից, այլ փորձ է արվում այն պարզապես ներկայացնել որպես ձեռնարկատիրական գործունեություն։ Այստեղ խաթարվում է փաստաբանության հիմնարար դերը և իրականացվող սահմանադրական բնույթի գործառույթները։
Փաստաբանական գործունեության առանցքում ընկած է իրավունքի գերակայության ապահովման և մարդու իրավունքների պաշտպանության գաղափարախոսությունը։ Փաստաբանության ինստիտուտի ձևավորման գաղափարն է ընկած մարդու իրավունքների պաշտպանության հիմքում։
«Ինչպես գիտենք, սահմանադրորեն մարդու իրավունքների պաշտպանության հիմնական երաշխավորը և իրավունքի գերակայության պատասխանատվությունը դատական իշխանության ուսերին է։ Անկախ դատարան ունենալը ոչ միայն իդեալ է, որին պատմականորեն ձգտել են բոլոր պետությունները, այլ նաև այսօր Սահմանադրությամբ ամրագրված պետության պոզիտիվ պարտավորությունն է։ Անկախ դատարան ունենալու մեջ շատ կարևոր դերակատարություն ունի հենց փաստաբանությունը»,-ասաց Մարաբյանը։
Իրավաբանական գիտությունների թեկնածուն հավելեց՝ փաստաբանությունը պետք է լինի այն կարևոր գործիքը, որը պետք է դատարանին հաշվետու պահի հասարակության առաջ, ստիպի դատարանին, որպեսզի հարգի օրենքը և իրավունքը, և անձի իրավունքները պաշտպանի օրենքի գերակայության համատեքստում։
Մանրամասները՝ տեսանյութում։