Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ ապրիլի 19-ին, շարունակվեց Հայաստանի ազգային հերոս, Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի և ևս 12 ամբաստանյալների գործով դատական նիստը, որը նախագահում էր դատավոր Տիգրան Դավթյանը։
Նշենք, որ բացի Անդրանիկ Փիլոյանից մեղադրանք է առաջադրվել նաև Աշոտ Հակոբյանին, Վիգեն Մկրտչյանին, Հրաչյա Երեմյանին, Միհրդատ Մաթևոսյանին, Արթուր Օհանյանին, Արա Յաղջյանին, Գոռ Համբարձումյանին, Արտակ Բեյբությանին, Թաթուլ Գևորգյանին, Տիգրան Գասպարյանին, Գագիկ Պողոսյանին և Վիգեն Գրիգորյանին։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստին հարցաքննվեց մեղադրյալ Հրաչյա Երեմյանը։
Գործի նյութերի համաձայն՝ նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Հրաչյա Երեմյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, համապատասխան անձին նախարարությունում աշխատանքի ընդունելու համար ԱԻ նախարարի պաշտոնը զբաղեցրած Անդրանիկ Փիլոյանին հայտնել է 960 000 դրամին համարժեք 2 հազար դոլար կաշառք տալու պատրաստակամության մասին։ Անդրանիկ Փիլոյանը համաձայնեցրել է կաշառքը ջեռուցման կաթսայի և դրա գործարկման համար անհրաժեշտ դետալների տեսքով ընդունումը։ Երեմյանը «Իդեալ» համակարգի խանութ-սրահներից մեկից շուրջ 644 հազար դրամ արժողությամբ Baxi կաթսա է ձեռք բերել և դրա գործարկման համար անհրաժեշտ դետալներ։ Միայն կաթսան, արժեքը զեղչված, կազմել է շուրջ 341 հազար։ Երեմյանն այս ամենը պահել է իր ավտոտնակում՝ հետագայում Փիլոյանին փոխանցելու համար։
Որոշ ժամանակ հետո Փիլոյանի խորհրդական Աշոտ Հակոբյանը ձեռնամուխ է եղել ջեռուցման կաթսան Անդրանիկ Փիլոյանի որդու և դստեր անվամբ ձեռք բերված բնակարան տեղափոխելու և տեղադրելու գործընթացն իրականացնելուն։ Ընթացքում Հակոբյանը պարզել է, որ Հրաչյա Երեմյանն ուռճացրել է կաթսայի գինը ու դրա մասին հայտնել է Փիլոյանին, ինչն էլ առաջացրել է վերջինիս զայրույթը։
Այնուհետև նախարարը Հրաչյա Երեմյանին կանչել է իր մոտ, նախատել է, հետո պահանջել, որ վերջինս լքի իր աշխատասենյակը։ Այս ամենից հետո Երեմյանը Փիլոյանի որդու և դստեր տուն է տեղափոխել Baxi կաթսան, պակասող գումարը Աշոտ Հակոբյանը վերցրել է Երեմյանից և տարբեր եղանակներով փոխանցել Փիլոյանին։
Մեղադրյալը հայտնեց՝ նախաքննության ընթացքում քննիչի մոտ ցուցմունք տալու ժամանակ եղել է հոգեպես հուզված և լարված վիճակում, իրեն բերման ենթարկելն անսպասելի էր այն պատճառով, որ այդ օրն իր հոր մահվան տարելիցն էր։ Նախաքննության ընթացքում մեղադրյալը հայտնել է, որ Անդրանիկ Փիլոյանն իր աշխատասենյակում ջեռուցման կաթսա գնելու համար իրեն տվել է 800 հազար դրամ, որից հետո նշված խանութից գնել է ջեռուցման կաթսան և առաքիչի միջոցով տեղափոխել սեփական ավտոտնակ, պահել այնտեղ․ «Ճիշտ է, այդ գումարն ինձ տվել է Անդրանիկ Փիլոյանն իր աշխատասենյակում, սակայն ոչ ամբողջությամբ, այլ դրա մի մասը՝ 400 հազար դրամը, տվել է իր վարորդի՝ Վահանի միջոցով»։
Երեմյանը հայտնեց, որ 2022 թվականի հունվարին զանգահարել է Աշոտ Հակոբյանը՝ տեղեկանալով ջեռուցման կաթսաների գտնվելու վայրի մասին։ Պարզվել է՝ կաթսան և այլ դետալներ չինական են, այլ ոչ իտալական։ Մի քանի օր անց չինական արտադրության դետալները վաճառել է իր ընկերոջը, ում տվյալները ներկայացրել էր նախաքննության սկզբում։ Իտալական դետալներ գնելու նպատակով ընդհանուր 300 հազար դրամ է փոխանցել Աշոտ Հակոբյանին, բայց նաև նշեց, որ գումարը փոխանցել է մաս-մաս։
Մեղադրյալի խոսքով՝ Անդրանիկ Փիլոյանին չի խաբել և նման մտադրություն չի ունեցել, ընդհակառակը՝ իրեն վատ է զգացել կատարվածի համար։ Նա նաև նշեց, որ իր և նախարարի միջև գումարային խոսակցություն ընդհանրապես չի եղել, այն եղել է ջեռուցման կաթսայի և այլ դետալների որակական հատկանիշների գնահատման վերաբերյալ։
Աշոտ Հակոբյանի և Անդրանիկ Փիլոյանի միջև եղած խոսակցության վերաբերյալ Երեմյանը պնդեց՝ դրանք ոչ միայն իրեն առաջադրված մեղադրանքի առնչություն չունեն, այլև նման խոսակցություններ իր և վերջիններիս միջև տեղի չեն ունեցել։
Մյուս դրվագի հետ կապված ամբաստանյալը հայտնեց, որ ԱԻՆ պետական ռեզերվների գրասենյակի նշված տեղամասում ապամոնտաժման աշխատանքների հրամանը ստացել է Փիլոյանից, որն իրեն հանձնարարել է տեղյակ պահել տեղամասի պահակներին, որպեսզի թույլ տան ներս մտնել այն աշխատակիցներին, ովքեր պետք է ապամոնտաժում կատարեն։ Այդ լիազորությունը վերահսկողության ապամոնտաժման աշխատակիցների նկատմամբ մեղադրյալը չի ունեցել, դա է եղել պատճառը, որ միջոցներ չի ձեռնարկել ապամոնտաժվող գույքի հետ կապված, քանի որ այն՝ որպես պետական ռեզերվների գրասենյակի մաս, իր ղեկավարության տակ չի եղել։
Հանձնաժողովի կազմում ընդգրկված լինելու հանգամանքի վերաբերյալ ասաց՝ նշված գույքն իր կողմից ընդունելը չի նշանակել, որ այն պատկանում է պետռեզերվներին։
«Ապամոնտաժվող գույքի մասով ցանկանում եմ նաև հայտնել, որ ԱԻՆ նախարարության ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանին նախարար Անդրանիկ Փիլոյանը տվել է բանավոր հանձնարարություն այն մասին, որ Վիգեն Մկրտչյանի հետ միասին կազմեն համապատասխան զեկուցագիր՝ ապամոնտաժվող գույքի վերափոխման վերաբերյալ, որը հետագայում իմ տեղեկություններով չի կատարվել»,-ասաց Երեմյանը։
Մեղադրյալը հավելեց, որ պետական ռեզերվը երբեք հաշվապահություն չի ունեցել ու չէր էլ կարող ունենալ, քանի որ նույնպես ենթարկվում է նախարարությանը։ Հրաչյա Երեմյանը հարցաքննության ավարտին հայտնեց, որ օգտվում է լռելու իր իրավունքից և չի ցանկանում պատասխանել այլ հարցերի։
Դատախազը նշեց, որ գումար տալու դրվագի հետ կապված անճշտություններ կան նախաքննության ընթացքում տեղի ունեցած հարցաքննության և այս հարցաքննության միջև։ Նա ասաց՝ այնպես չէ, որ նախաքննության ընթացքում կատարված հարցաքննություններն արժանահավատ են․ «Այս միջնորդությունը ներկայացնում եմ, որ դատարանը հնարավորություն ունենա հակասական ցուցմունքները գնահատելու և, ի վերջո, եզրահանգում կատարելու Հրաչյա Երեմյանի ցուցմունքները արժանահավատ են, թե ոչ»։
Հրաչյա Երեմյանի պաշտպանը նշեց, որ եթե հրապարակեն նախաքննական ցուցմունքը, միևնույն է, Հրաչյա Երեմյանի կողմից այդ հակասությունը պարզաբանվել է, իսկ եթե այլ հակասության մասին խոսք կա, կարող են հրապարակել։
Անդրանիկ Փիլոյանի պաշտպանը նախաքննական հարցաքննության հրապարակման վերաբերյալ նշեց․ «Ցուցմունքների հրապարակումը պետք է լինի խիստ որոշակի և խիստ դատավարական կանոնին համապատասխան, մասնավորապես, էական հակասություններ կան, թե ոչ, եթե այո, ապա այդ հակասությունները արդյո՞ք գնահատվում են մեղադրանքի հիմնավորվածության տեսանկյունից, թե՞ ոչ»։
Դատարանը, լսելով կողմերի դիրքորոշումները, հայտնեց, որ չեն ներկայացվել այնպիսի փաստարկներ, որոնք կարող են հաստատել, որ էական հակասություններ կան ցուցմունքների միջև, ուստի ցուցմունքների հրապարակման անհրաժեշտություն չկա։
Աշոտ Հակոբյանի պաշտպանը հանդես եկավ երկու միջնորդությամբ, որից առաջինը վերաբերում էր գրավին, երկրորդը՝ դատարան ներկայացված Աշոտ Հակոբյանի գրպանից հայտնաբերված 450 հազար դրամին։
Միջնորդեց վերադարձնել նշված գումարը՝ հաշվի առնելով, որ գործին այն չի վերաբերում, և դեռևս նախաքննության ընթացքում վերջինիս նկատմամբ կիրառվել է խափանան միջոց՝ գրավ 10 միլիոն դրամի չափով։
«Գտնում ենք, որ կարող է խափանման միջոցը գրավի տեսքով առհասարակ վերացվել, իսկ եթե դատարանը, այնուհանդերձ, կգտնի, որ խափանման միջոցը հիմքերը որոշակի չափով դեռևս պահպանվել են, կխնդրենք նվազեցնել գրավի չափը»,-ասաց պաշտպանը։ Նա նաև հավելեց՝ Աշոտ Հակոբյանն այս պահին չի աշխատում, չունի եկամտի աղբյուր։
Դատախազն առարկեց միջնորդության դեմ՝ ասելով, որ սա այն փուլն է, որի ընթացքում խոչընդոտելու կամ ապացուցման գործընթացի որևէ կերպ միջամտելու ռիսկն ավելի բարձր է, քանի որ դեռևս մեղադրյալներ կան, որոնք պետք է հարցաքննվեն։
Դատարանը հայտնեց՝ խափանման միջոց գրավը վերացնելու մասով միջնորդությունը ենթակա է մերժման, իսկ գումարը՝ 450 հազար դրամը, որը չի ճանաչվել որպես իրեղեն ապացույց, կվերադարձվի Աշոտ Հակոբյանին։
Վիգեն Գրիգորյանի պաշտպանի կողմից ներկայացված միջնորդության վերաբերյալ որոշեց մեղադրյալին վերադարձնել վարորդական իրավունքի վկայականը և հեռախոսները, իսկ գումարի հարցը կքննարկվի մինչև վերջնական դատական ակտի կայացումը։
Հաջորդ դատական նիստին մեղադրյալներից ևս երկուսը կհարցաքննվեն։
Այս գործով մյուս դատական նիստը տեղի կունենա ապրիլի 26-ին։
Մարիամ Շահնազարյան