«Դուք գտնում եք՝ դատարանը Ձեր անձի նկատմամբ խտրական վերաբերմո՞ւնք ունի»․ դատավորը՝ Տարոն Մարգարյանի գործով փաստաբանին

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում ապրիլի 19-ին տեղի ունեցավ Երևանի նախկին քաղաքապետ, այժմ Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Մարգարյանի և նրա ընտանիքի անդամների ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերի և դրամական միջոցների բռնագանձման գործով դատական նիստը։ Այն նախագահում է դատավոր Կարապետ Բադալյանը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ պատասխանողների ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Առաքելյանը նիստի սկզբում հայտնեց, որ բացարկի միջնորդություն ունի ներկայացնելու։ Այն վերաբերում էր նախորդ դատական նիստերի ընթացակարգերին, ներկայացված միջնորդությունների մերժմանն ու դատավորի վարքագծին։

Նա, մասնավորապես, նշեց, թե նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ տեղեկացրել էր, որ 2023 թվականի հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12։40-ին, պետք է այլ դատական նիստի մասնակցի և խնդրել է այս դատական նիստը հետաձգել, սակայն դատարանն անտեսել է խնդրանքը՝ պատճառաբանելով այս գործով նշանակվող դատական նիստերի առավել կարևորությունը։

Ասաց, որ դատական նիստը նշանակվել է նույն օրը՝ ժամը 10։00-ին, ինքը փորձել է իմանալ դատական նիստի հնարավոր տևողության մասին, բայց իր հարցը մնացել է անպատասխան։

Առաքելյանի խոսքով՝ այս գործով 2023 թվականի հոկտեմբերի 4-ին՝ ժամը 10։00-ին նշանակված դատական նիստը սկսելուց անմիջապես հետո ներկայացվել է միջնորդություն՝ տվյալ դատական նիստը մինչև ժամը 12։00-ն իրականացնելու վերաբերյալ՝ կրկին նույն օրն այլ դատական գործով ծանրաբեռնված լինելու հանգամանքով պայմանավորված, սակայն, առանց որևէ հստակ պատճառաբանության, դատարանն այդ միջնորդությունը ևս մերժել է։

«Գտնում եմ, որ նման պայմաններում ակնհայտ է, որ դատարանի կողմից առկա է դատավարության մասնակցիս նկատմամբ կանխակալ վերաբերմունք, որն իրենից ներկայացնում է դատավորի վարքագծի կանոնների դիտավորությամբ կատարված ակնհայտ և կոպիտ խախտում»,-նշեց Առաքելյանը։

Փաստաբանը շարունակեց՝ 2024 թվականի մարտի 21-ին կայացված դատական նիստում իր կողմից նիստը նախագահող դատավոր Կարապետ Բադալյանին ներկայացվել է բացարկ, մինչդեռ միջնորդությունը մերժվել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նշված մասի իրավակարգավորումներով։ Նրա խոսքով՝ նախագահող դատավորը որևէ կերպ չի բացահայտել տվյալ միջնորդությունը ներկայացնելու չարամտություն, անբարեխղճություն, չի բարձրաձայնել դրանց չափանիշը, չի վկայակոչել որևէ հիմնավորում կամ պատճառաբանություն առ այն, թե ինչով է դրսևորվում պատասխանողի ներկայացուցչի կողմից դատական նիստը խափանելու և դատական գործի քննությունը ձգձգելու հանգամանքը։

Փաստաբանը, բերելով մի քանի փաստական հիմքեր, նշեց նաև, որ նախագահողն իր խոսքով կամ վարքածով ակնհայտորեն դրսևորում է կողմնակալություն ու խտրականություն, ինչն ընդհանրապես չի նպաստում դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը։

Կողմերը դիրքորոշում հայտնեցին բացարկի միջնորդության վերաբերյալ։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման գործերով վարչության դատախազ Ռուզաննա Խուդավերդյանը ասաց՝ հիմք չկա բացարկ ներկայացնելու, պետք է միջնորդությունը մերժվի։

Պատասխանողի կողմի մյուս ներկայացուցիչները նշեցին, որ բացարկ հայտնելու իրավունքը պատկանում է կողմին, անվիճարկելի են բացարկի մեջ ներկայացված կետերը, իսկ իրավական վերլուծությունները ևս հիմնավոր են։

Դատավոր Կարապետ Բադալյանը բացարկի վերաբերյալ հարց ուղղեց Մուշեղ Առաքելյանին։

– Ես ճի՞շտ եմ հասկանում, որ Դուք գտնում եք՝ դատարանը Ձեր անձի նկատմամբ խտրական վերաբերմո՞ւնք ունի կամ դրսևորո՞ւմ է։

– Հարգելի՛ դատարան, միջնորդության մեջ բացի այդ միտքը հնչելու ձևակերպումներ իրականացնելուց, նաև տվյալ միտքը բացող և հիմնավորող որոշակի փաստական հանգամանքներ են ներառված, ինչի վերաբերյալ ընթերցեցի։

Փաստաբանն ընդգծեց, թե ներկայացված միջնորդությունը, որը վերաբերվում էր այլ դատական նիստով ծանրաբեռնված լինելուն, որը պետք է լիներ Արագածոտնի մարզում, դատարանի կողմից մերժվել էր իր՝ բավարար ջանասիրություն չցուցաբերելու պատճառաբանությամբ կամ հիմնավորմամբ։

– Հիմա Ձեր մտքերի մեջ խտրականությունը որտե՞ղ է։

– Ավելի մանրամասն ամբողջ միջնորդությանս մեջ նկարագրված է։

– Ձեր ազգային պատկանելության, ռասայական պատկանելության, անձնական հատկանիշների կամ այլ խտրականության հիմք հանդիսացող եզրերից որևիցե մեկով դատարանը խտրականությո՞ւն է դրսևորել Ձեր նկատմամբ։

– Հարգելի՛ դատարան, Ձեր կողմից թվարկված առաջին մատնանշվածների մասով, բնականաբար, ո՛չ:

– Ես ուզում եմ հասկանալ, թե Դուք ի՞նչ նկատի ունեք։ Այսինքն՝ դատարանը Ձեր միջնորդությունը մերժել է, Դուք համարում եք խտրականությո՞ւն դա։

– Ինձ թվում է՝ այս 40 րոպեի ընթացքում միջնորդությունս հնարավորինս մանրամասն ներկայացրի և ևս մեկ անգամ պնդում եմ, որ միջնորդության մեջ փաստական հանգամանքներն առկա են։

Այս գործով դատական նիստը հետաձգվեց։ Դատական ակտը կհրապարակվի ապրիլի 23-ին։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել