Հայաստանի տնտեսական ակտիվությունը երկարաժամկետ կտրվածքով ապահովել և ապահովում է հանքարդյունաբերությունը․ փոխնախարար Հովհաննես Հարությունյան

Կառավարությունը հաստատել է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների պլանը (մինչև 2035 թվականը): Հատկանշական է, որ այն առաջինն է 3-րդ հանրապետության պատմության մեջ։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը Iravaban.net-ի հետ զրույցում նշեց, որ ռազմավարությամբ նախանշվում են ՀՀ-ում հանքարդյունաբերության զարգացման կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ուղղությունները, սահմանվում են ոլորտի կարգավորման ու զարգացման, ընդերքի ռացիոնալ և համալիր օգտագործման, բնապահպանական և առողջապահական ռիսկերի կառավարման ու մեղմման, եկամուտների համաչափ/արդարացի բաշխման մեխանիզմները։

«Ամենակարևորն ու գլոբալը դա բնապահպանական, աշխատանքի, սոցիալական պաշտպանության նոր միջազգային ստանդարտների կիրառումն է Հայաստանի Հանրապետությունում, որը մեր ուղենիշային նպատակն է»,-նշեց փոխնախարարը։

Ռազմավարությամբ սահմանված է 3 հիմնական նպատակ՝ երկրաբանության միասնական թվային տեղեկատվական շտեմարանի ստեղծում ու վարում, ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում արդյունավետ որոշումների կայացում, հանքարդյունաբերության ոլորտում միջազգային ստանդարտների, մոտեցումների կիրառումը:

Հովհաննես Հարությունյանն ընդգծում է՝ այսօր հանքարդյունաբերությունից չի կարող հրաժարվել աշխարհում և ոչ մի պետություն, այդ թվում՝ Հայաստանը։

«Մենք գիտենք բավականին զարգացած, Կենտրոնական Եվրոպայում գտնվող երկրներ, որոնք ունեն հանքարդյունաբերություն։ Այն երկարատև, շարունակական պրոցես է, որովհետև տարիների ընթացքում այդ պահին արդիական դարձող օգտակար հանածոների հայտնաբերումը բոլորին ստիպում է զարգացնել հանքարդյունաբերության ոլորտը։ 

Ինչ վերաբերում է հանքարդյունաբերության ոլորտի հնարավոր, ենթադրյալ վնասներին, այստեղ կարևոր է ռիսկերի կառավարումը։ Հենց այդ կառավարումն ապահովելու համար էլ ստանդարտներն անընդհատ բարելավվում են, ինստիտուտներ են դրանց վրա աշխատում»,-նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ ռազմավարությունում այս առումով սահմանվել են մի շարք կարգավորումներ, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության մեխանիզմները, ներդրումային գրավչության խթանման քայլերը և այլն: 

Հովհաննես Հարությունյանը անդրադարձավ նաև ադրբեջանցիների կողմից Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի թիրախավորման խնդրին, ու հնչեցվող բնապահպանական մեղադրանքներին։ Նա նշեց՝ ՀՀ-ում ոլորտի կազմակերպությունները գործում են ներքին օրենսդրության կանոններով, իսկ այն կազմված է միջազգային լավագույն փորձը հաշվի առնելով։ 

Փոխնախարարն ընդգծում է, որ օրենսդրությունը ժամանակ առ ժամանակ լավարկելու կարիք է առաջանում և նոր ստանդարտները տեղայնացվում են։

«Զարգացող երկրին կողքից այդպես հետևելը շատ դժվար է լինում։ Երբ տեսնում են, որ Հայաստանի Հանրապետությունն արագ տեմպերով զարգանում է, ունի մեծ ներուժ, արդեն մի քանի տարի է՝ բարձր տնտեսական աճ է գրանցում, կլինեն պետություններ, մարդիկ, ովքեր չեն ուզում դա տեսնել, մտացածին, աճը խոչընդոտող խոսույթներ են դնում շրջանառության մեջ։ Այդ ամենը միայն խոսույթներ են, չունեն փաստական հիմքեր»,-նշեց Հարությունյանը։ 

Նա ևս մեկ անգամ շեշտեց՝ արդյունաբերության յուրաքանչյուր ճյուղ իր դերն ունի տնտեսական ցուցանիշներում, իսկ հանքարդյունաբերությունն այն ճյուղերից է, որը երկարաժամկետ կտրվածքով ապահովել է և ապահովում է Հայաստանի տնտեսական ակտիվությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել