Ապրիլյան պատերազմի հերոսի գործով վերաքննիչ բողոքի քննությունը շարունակ ձգձգվում է

Վերաքննիչ քրեական դատարանում, դատավորներ՝  Ռուբիկ Խաչատրյանի նախագահությամբ և դատավորներ Մհեր Արղամանյանի, Սերգեյ Չիչոյանի մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ Ապրիլյան պատերազմի հերոս Վլադիմիր Մանուկյանի գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմի հերոս, ավագ լեյտենանտ Վլադիմիր Մանուկյանը, ով պատերազմի ժամանակ իր վիրավոր զինվորին փրկելիս վիրավորվել էր Թալիշում և առողջական ծանր խնդիրներ ձեռք բերել, 16 օր ծառայությանը  չներկայանալու համար (ծառայությանը չներկայացած օրերին բուժում է ստացել ձեռքբերված հետտրավմատիկ սթրեսային խանգարման համար)  դատապարտվել է 1 տարվա պայմանական ազատազրկման՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով:

Ներկայումս վերաքննիչ ատյանում բողոքարկվում է առաջին ատյանի դատավճիռը:

Տևական ժամանակաշրջան այս գործով դատական նիստերը չէին կայանում՝ դատավարության որևէ մասնակցի դատարան չներկայանալու պատճառով:

Այսօրվա դատական նիստին ներկայացել էր Վլադիմիր Մանուկյանի նոր պաշտպան Սերգեյ Մանուկյանը: Նա դատարանին տրամադրեց ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի  ղեկավար Մելանյա Առուստամյանի կողմից ընդունված որոշումը՝ իրեն որպես հանրային պաշտպան այս գործում ներգրավվելու վերաբերյալ:

Դատավորների կազմի և դատախազի վերաբերյալ  Սերգեյ Մանուկյանն առարկություն չհայտնեց, սակայն միջնորդություն ներկայացրեց դատական հետաձգելու մասին և խնդրեց ժամանակ տրամադրել գործի նյութերին ծանոթանալու համար: 

Նշենք, որ նախորդ դատական նիստի սկսվելուց հետո էր պարզ դարձել, որ գործով ներգրավված պաշտպան Դավիթ Մնացականյանն  ազատվել է հանրային պաշտպանի գրասենյակում աշխատանքից, հետևաբար չի կարող ներկայացնել Վլադիմիրի շահերը: Եվ դատարանը հաջորդ դատական նիստը նշանակել էր շուրջ մեկ ամիս անց, որպեսզի նոր պաշտպանը կարողանար գործի նյութերին ծանոթանալ (նախորդ նիստը տեղի է ունեցել փետրվարի 20-ին):

Միջնորդությունը բավարարվեց և հաջորդ նիստը տեղի կունենա մայիսին:

Իրավաբան.net-ի հետ զրույցում Սերգեյ Մանուկյանն ասաց, որ առայսօր ստացել է միայն մեկ թերթիկ, որի համաձայն, ինքը  ներգրավվել է որպես հանրային պաշտպան, սակայն, թե ի՞նչ գործի մասին է խոսքը, դեռևս ոչինչ ասել չի կարող, քանի դեռ չի ստացել գործի նյութերից  որևէ օրինակ:

Վլադիմիր Մանուկյանի գործին կարող եք մանրամասն ծանոթանալ այստեղ։

Սերգեյ Հակոբյան

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել