«Գնա մեռի». ցմահ դատապարտյալը դատարանում ելույթ ունեցավ

Դատական նիստերի դահլիճի փոխարեն` քրեակատարողական հիմնարկի միջոցառումների սրահ: Այսօր Նուբարաշեն ՔԿՀ-ում տեղի ունեցավ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի գործով դատական նիստը, ում հիմնական պահանջն` իր գործի վերաբացումն է:

Ենոքյանը նշեց, որ Հայաստանում արդեն 16 տարի է, որևէ գործ չի վերաբացվել. «Շատ փաստաբաններ կան, որ կփաստեն իմ գործում եղած շատ անհամապատասխանություններ: ԱՄՆ-ում և Հոլանդիայում գործող IFS անկախ փորձագիտական կենտրոններում զարմացել էին, որ 1996թ.-ին Հայաստանում չի եղել ԴՆԹ փորձաքննության հնարավորություն, սակայն, եղել է մատնահետքաբանական փորձաքննության հնարավորություն, որը չի արվել: Մարդուն մահապատժի են դատապարտել առանց դրանք անելու: Յուրաքանչյուր օր մարդ կարող է ասել, որ սպանություն է կատարել, առանց համապատասխան փորձաքննություններ կատարելու նրան մահապատժի դատապարտե՞նք: Հայաստանը այնքան հետամնաց է, որ սպանության գործիքները վերացնում են հերիք չի, մարդիկ նոր հանգամանքներ են բերում ասում են` չէ, գնա մեռի: Ամբողջ աշխարհում դատարանները սխալվում են մեր մոտ` ոչ»,- հավելեց Մ. Ենոքյանը:

Ենոքյանը անդրադարձավ նաև արտասահմանի փորձագետներից ստացած պատասխանին, ովքեր նշել էին, որ նրանք չեն կարողացել գտնել որևէ ապացույց, որ նա կազմակերպել կամ իրականացրել է սպանությունը: Իսկ սրան հակառակ Հարությունյանի ցուցմունքներում շատ անհամապատասխանություններ կան: Արամ Հարությունյանը իր նախնական ցուցմունքներում նշել էր, որ Մհեր Ենոքյան այս սպանությունը չի կատարել, այլ պարզապես փորձել է կանխել այն: Սակայն հետագայում գործը այլ ընթացք է ունեցել: Իսկ մեզանում նոր հանգամանքների պարագայում, գործը չեն վերսկսում. ասում են չէ, գնա մեռի:

Սրան ի պատասխան դատախազը նշեց, որ բավական հիմքեր չկան վարույթ հարուցելու համար, երբ որ լինեն` կհարուցվի:
Ենոքյանը անդրադարձավ դատավճռի հիմքերում եղած ապացույցներին, փաստելով, որ այլ փաստեր ևս դրվել են դատավճռի կայացման հիմքում, սակայն նա շեշտը դնում է միայն դատաբժշկական փորձաքննության վրա:

Մհեր Ենոքյանը միջնորդություն ներկայացրեց, որ հրավիրվի փաստաբան Լևոն Բաղդասարյանը, որպեսզի պաշտպանի իր շահերը դատարանում:

Դատարանը, բավարարելով ներկայացրած միջնորդությունը, դատական նիստը հետաձգեց հունիսի 15-ին;
Հիշեցնենք, որ 1996 թվականին համակուրսեցուն սպանելու մեղադրանքով Մհեր Ենոքյանը դատապարտվել էր մահապատժի։ 2003թ.-ին Ռ. Քոչարյանի հրամանով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։ Այժմ նա իր պատիժը կրում է Նուբարաշեն ՔԿՀ-ում:

Տիգրանուհի Հարությունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել