Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով դեղեր ստացող բնակչության սոցիալապես անապահով ու հատուկ խմբերի ցանկը և հրապարակային օֆերտայի պայմանագրի շրջանակներում շահառուներին տրամադրվող դեղերի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով նախատեսվում է, որ նոր կարգավորումը ուժի մեջ կմտնեն 2025թ. դեկտեմբերի 1-ից:
Նախապատմություն
Ներկայիս համակարգում շահառուներն անվճար և արտոնյալ պայմաններով դեղերը ստանում են միայն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններից:
2025թ. փետրվարի 20-ին կառավարությունն արդեն հաստատել է փորձարարական մեխանիզմի ներդրում, որով ապրիլի 1-ից սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարային դիաբետով հիվանդներին տրամադրվող դեղերը հասանելի են դարձել անմիջապես դեղատներից՝ հրապարակային օֆերտայի պայմանագրի շրջանակներում:
Նոր նախագիծն առաջարկում է ընդլայնել այս համակարգը՝ ներառելով նաև այլ հիվանդություններ և ավելի շատ շահառուների:
Ովքե՞ր են դեղերի փոխհատուցման ծրագրի շահառուները
Նախագծով սահմանվում է հստակ ցանկ, թե բնակչության որ խմբերը կարող են ստանալ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով դեղեր.
- Հաշմանդամություն ունեցող անձինք (բոլոր խմբերը)
- Հայրենական պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք
- Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ
- Մինչև 18 տարեկան երեխաներ
- Սոցիալապես անապահով ընտանիքների անդամներ (ընտանիքի անապահովության գնահատման համակարգում 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ)
- Փախստականներ և տեղահանված անձինք, այդ թվում՝ 2023թ. Արցախից բռնի տեղահանված անձինք
- Կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ
- Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ
- Բռնադատվածներ
- Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների և ժամանակավոր օթևանների շահառուներ
- Առանց ծնողական խնամքի մնացած 18-23 տարեկան անձինք
Ինչպե՞ս կգործի նոր համակարգը
Համաձայն նախագծի՝
- Շահառուները դեղերը կկարողանան ստանալ ցանկացած դեղատնից, որը միացել է հրապարակային օֆերտայի համակարգին:
- Դեղերի տրամադրումը կիրականացվի առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից դուրս գրված էլեկտրոնային դեղատոմսի հիման վրա:
- Փոխհատուցումն իրականացվում է դեղի սահմանված փոխհատուցման գնի չափով, բայց ոչ ավելի քան տվյալ համընդհանուր անվանման դեղի համար հաշվարկված փոխհատուցման առավելագույն չափը:
- Եթե դեղի արժեքը գերազանցում է փոխհատուցման առավելագույն չափը (բայց ոչ ավելի քան կրկնակին), տարբերությունը վճարում է շահառուն:
Դեղերի գների հաշվարկման մեխանիզմ
Նախագծով սահմանվում է դեղերի հենակետային գնի, փոխհատուցման գնի և փոխհատուցման առավելագույն չափի հաշվարկման մեթոդաբանություն:
- Դեղի հենակետային գինըհաշվարկվում է յուրաքանչյուր դեղի համար՝ հաշվի առնելով նախորդ 12 ամիսների ընթացքում դեղի ներմուծման միջին կշռված գինը:
- Դեղի փոխհատուցման գինըհաշվարկվում է հենակետային գնի նկատմամբ շահութաբերության գործակցի կիրառմամբ:
- Փոխհատուցման առավելագույն չափըհաշվարկվում է յուրաքանչյուր համընդհանուր անվանման դեղի համար՝ հաշվի առնելով նախորդ 12 ամիսների ընթացքում դեղի սպառման ծավալները:
Ի՞նչ կփոխվի
- Շահառուներն այլևս չեն կապված լինի միայն իրենց պոլիկլինիկայի հետ և կկարողանան դեղերը ստանալ ցանկացած ծրագրին միացած դեղատնից:
- Կավելանա փոխհատուցվող դեղերի տեսականին, ինչը հնարավորություն կտա շահառուներին ընտրել իրենց հարմար դեղորայքը:
- Ծրագրին ներգրավված դեղատների քանակը կավելանա, ինչը կբարձրացնի դեղերի հասանելիությունը բոլոր բնակավայրերում:
- Էլեկտրոնային համակարգի միջոցով կապահովվի ծրագրի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:
Ակնկալվող արդյունքներ
Որոշման հիմնավորման համաձայն, նախատեսվում է՝
- Ավելացնել շահառուների թիվը, ովքեր կստանան անվճար և արտոնյալ պայմաններով դեղեր
- Բարելավել քրոնիկ հիվանդությունների կառավարումը
- Բարձրացնել առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններին դիմելիությունը
- Նվազեցնել հոսպիտալացման դեպքերը և ծախսերը
- Ապահովել դեղերի գների կանոնակարգումը
ՀՀ պետական բյուջեի նախագծով 2026 թվականի համար հրապարակային օֆերտայի շրջանակում տրամադրվող դեղերի ծրագրին նախատեսվում է հատկացնել 4.6 մլրդ դրամ:
Նախագծի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում: