Ամուսինների համատեղ գույք․ ինչ իրավունքներ և պարտավորություններ ունեն ամուսինները

Երբ մարդիկ ամուսնանում են, նրանցից յուրաքանչյուրի առանձին ունեցած գույքը շարունակում է մնալ իրենց անձնական սեփականությունը։ Սակայն այն գույքը, որը ձեռք է բերվում ամուսնության ընթացքում, օրենքով համարվում է ամուսինների համատեղ սեփականություն, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջև կնքված պայմանագրով (օրինակ՝ ամուսնական պայմանագիր): Այս կարգավորումը սահմանված է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածում։

Անձնական սեփականություն

Ամուսիններից յուրաքանչյուրին կարող է պատկանել նաև անձնական գույք, որը համատեղ սեփականություն չի համարվում․

  • Մինչև ամուսնությունը ունեցած գույքը,
  • Նվիրատվությամբ կամ ժառանգությամբ ստացած գույքը,
  • Անհատական օգտագործման իրերը (հագուստ, անձնական պարագաներ և այլն), բացառությամբ թանկարժեք զարդերի և պերճանքի  առարկաների։

Ինչպես է կառավարվում համատեղ գույքը

  • Ամուսինները  միասին տիրապետում և օգտագործում են ընդհանուր գույքը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:
  • Գործարքները, որոնք վերաբերում են անշարժ գույքին (օրինակ՝ վաճառք, գրավ, վարձակալություն), պետք է կատարվեն երկու ամուսինների համաձայնությամբ։
    Եթե գործարքը կատարվել է առանց մյուս ամուսնու համաձայնության, ապա նա կարող է պահանջել այն ճանաչել անվավեր։

Գույքի բաժանում

Համատեղ գույքը կարող է բաժանվել.

  • Ամուսնության ընթացքում՝ ամուսիններից մեկի պահանջով,
  • Ամուսնալուծության ժամանակ կամ դրանից հետո գույքի բաժանումը կարող է իրականացվել ամուսինների միջև համաձայնությամբ, հաշտարարության միջոցով կամ դատարանի կողմից։ Ընդհանուր կանոնն այն է, որ գույքը բաժանվում է հավասար մասերով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ:

Կարևոր  է հիշել

  • Ամուսնական պայմանագրով ամուսինները կարող են այլ կերպ սահմանել գույքի պատկանելությունը, տնօրինման և բաժանման կարգը։
  • Համատեղ գույքի տնօրինման հարցերում երկուսի համաձայնությունը պարտադիր է։
  • Անձնական գույքը չի ներառվում բաժանման մեջ, եթե դատարանը չճանաչի, որ այն զգալիորեն ավելացել է ամուսնության ընթացքում ընդհանուր միջոցների հաշվին։
  • Ամուսիններից մեկի պարտավորությունների համար բռնագանձումը կարող է կիրառվել նրա անձնական գույքի, ինչպես նաև համատեղ գույքում նրա բաժնի նկատմամբ։

Եզրակացություն Ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը, որպես կանոն, համարվում է համատեղ սեփականություն և պատկանում է երկու ամուսիններին հավասար իրավունքներով։ Հետևաբար՝ յուրաքանչյուր ամուսին պետք է տեղեկացված լինի իր իրավունքների ու պարտականությունների մասին, որպեսզի հետագայում խուսափի հնարավոր վեճերից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել