Սոնա Հակոբյանն ամուսնու՝ Հովհաննես Խաչատրյանի հետ ծանոթացել է 2005 թվականին, ինչպես ինքն է ասում՝ տեսել են իրար ու հավանել։
«Ես ուրախ էի, որ իրեն հանդիպեցի, որովհետև ինքը շատ հոգատար ամուսին էր ու հոգատար հայր, ափսոս, որ կարճ տևեց։ Շատ էր սիրում իր ընտանիքը, ամեն ինչ անում էր, որ լավ լինի, երեխաները չնեղվեն։ Ամեն աշխատանք անում էր, որ էրեխաները ոչ մի բանից չնեղվեին»,–Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում պատմում է Սոնան։
Ամեն աշխատանք անելուց հետո, Հովհաննեսը ցանկություն է հայտնում՝ համալրելու Զինված ուժերի շարքերը։ Երեք որդիների հայրն ասել էր, որ դա շատ լավ աշխատանք է, բայց Սոնան այնքան է դեմ եղել, որ նույնիսկ երկար ժամանակ նեղացած է եղել ամուսնուց, բայց ի վերջո համակերպվել Հովհաննեսի ընտրության հետ։
«5 ամիս էր, որ ընդունվել էր, աշխատում էր, Երասխավանի դիրքերում էր, ասում էր՝ շատ լավ է, ամեն ինչ նորմալ է, մի նեղվիր։ Հոկտեմբերի 9-ի երեկոյան զանգեց, ասաց, որ տեղափոխում են Արցախ։ Անսպասելի էր։ Հոկտեմբերի 13-ին մահանում է սկեսուրս ու իմանում ենք, որ զոհվել է նաև Հովհաննեսը։ Մեկը մյուսի մահը չիմացան։ Ասել էր՝ գնում եմ, գալու եմ, բայց չեկավ»,-պատմում է նա։
Հույս է տվել, որ անպայման գալու է, Սոնան էլ հույսով սպասել է, հիմա էլ կատարում է ամուսնու վերջին խնդրանքը, ապրում ու ամեն ինչ անում է երեք որդու համար։ Ասում է՝ շատ բարդ է, բայց շարունակում է պայքարել՝ կռիվ տալով անարդարության դեմ։
«Իմ ցավը, վիշտը մոռանում եմ՝ ինձ խեղդելով, որ երեխաներս իրենց լավ զգան, կոտրված չլինեն։ Տղաս ասում է՝ մամ, ինչքան ուժեղ ես դու, որ դիմանում ես։ Ասում եմ՝ Աստված է իմ հետ, դիմանում եմ, ի՞նչ անեմ»,-ասում է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։