Արբիտրաժի ինստիտուտը իրավական ոլորտի նշանակալի ձեռքբերումներից է. Արթուր Աթաբեկյան

«Վստահ եմ, որ երրորդ ամենամյա հայկական միջազգային արբիտրաժային շաբաթը կշարունակի իր կարևոր առաքելությունը՝ նպաստելով մասնագիտական հանրույթի կարողությունների զարգացմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանը և արդարադատության համակարգի արդյունավետության բարձրացմանը»,-նշել է ԲԴԽ նախագահը Միջազգային արբիտրաժային շաբաթվա հանդիսավոր բացման արարողությանը։

Նա նշել է, որ իրավաբանական համայնքի, գործարարության և միջազգային գործընկերների համագործակցության համար այս նախաձեռնությունը կարևոր հարթակ է, որտեղ քննարկող հարցերը ձևավորում են նաև ոլորտի ապագայի օրակարգը։

ԲԴԽ նախագահը կարևորել է օրենսդրության կատարելագործմանն ուղղված Հայաստանի նշանակալի քայլերը (Նյու Յորքի 1958թ․ կոնվենցիային անդամակցումը և UNCITRAL-ի Մոդելային օրենքի հիման վրա «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքի ընդունումը), ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման (2023թ. AMCA ստեղծումը), արդյունավետ կատարողականի (ՀՀ դատարանների կողմից արբիտրաժային որոշումների ճանաչումը և կատարումը), Եվրոպական և տարածաշրջանային դատական ու արբիտրաժային պրակտիկային հետևելու առումով:

Նրա խոսքով` Արբիտրաժի ինստիտուտը իրավական ոլորտի վերջին տասնամյակների ամենանշանակալի ձեռքբերումներից է, ինչի ձևավորումը էապես վերափոխել է արդարադատության մատչելիության և արդյունավետության ընկալումները՝ համալրելով դատական իշխանության գործիքակազմը:

«Թեև Հայաստանում արբիտրաժի ինստիտուտը դեռևս գտնվում է զարգացման փուլում, արդեն այսօր մենք տեսնում ենք դրա ազդեցությունը, օրինակ, դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման հարցում։ Դատական իշխանությունն իր հերթին կարևոր դերակատարություն ունի արբիտրաժի գործընթացում արդարության վերահսկման, արբիտրաժային գործառույթների պաշտպանության, արբիտրաժային վճիռների ճանաչման և կատարման գործում»,-նշել է Արթուր Աթաբեկյանը։

Նա շեշտել է, որ դատարանները նաև ապահովում են արբիտրաժային գործընթացի գործնական արդյունավետությունը ոչ միայն Հայաստանի տարածքում, այլ նաև արտերկրում՝ կարևորելով նաև այն մոտեցումը, որ դատարանների միջամտությունը լինի սահմանափակ և կանխատեսելի, որպեսզի պահպանվի արբիտրաժի անկախությունն ու կողմերի ինքնավարությունը:
Նա հավելել է, որ նման համագործակցային մոդելը մի կողմից ամրապնդում է վստահությունը արբիտրաժային համակարգի նկատմամբ, մյուս կողմից՝ ընդգծում է դատարանների դերը որպես արդարադատության գլխավոր երաշխավորի։

Եզրափակելով ելույթը` ԲԴԽ նախագահն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ այսօր շարունակաբար ձևավորվում է այնպիսի իրավական միջավայր, որտեղ դատարաններն ու արբիտրաժային կառույցները գործում են համակարգային փոխլրացնող ճանապարհներով՝ հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա։

Միջազգային Արբիտրաժի Երրորդ Տարեկան Շաբաթը (AAW 2025) նախաձեռնվել է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի (AMCA) և Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից։

Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և Baker Botts-ի գործընկեր Միջազգային վեճերի բաժնի վարիչ դոկտոր Յոհաննես Քեփը: Միջոցառմանը հյուրընկալվել են Հայաստանից և արտերկրից առաջատար իրավաբաններ, հաշտարարներ և դատավորներ։

Շաբաթվա ընթացքում ավելի քան 46 հեղինակավոր բանախոսներ կանդրադառնան միջազգային արբիտրաժում Հայաստանի զարգացող դերին, ապացույցների հավաքագրման մարտահրավերներին և հաշտարարության ինստիտուտին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել