Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ ապրիլի 21-ին, շարունակվում է «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի մասնակցությամբ դատական նիստը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստը 5 րոպե ընդմիջվեց, որից հետո դատավորը նիստերի դահլիճից հեռացրեց Yerevan․Today լրատվական կայքի լրագրողին։
-Հարգելի լրագրողներ, Yerevan․Today-ից լրագրող ունե՞նք։
-Ես եմ։
-Ոտքի կանգնեք։
-Ձեզ ամեն անգամ վերնագրեր գրելուց հուշո՞ւմ են։ Հուշում են՝ ի՞նչ վերնագրեր գրեք։
-Կարծո՞ւմ եք մենք Ձեր նման չենք կարողանո՞ւմ ինքնուրույն աշխատել։
-Այսի՞նքն։
-Այսինքն, եթե Դուք ինձ մեղադրում եք նրանում, որ գուցե ինձ հուշում են վերնագիր գրելուց, ես էլ նույն կարծիքը կարող եմ ունենալ Ձեր մասին՝ մտածելով, որ Ձեզ հուշում են՝ ինչպես նիստ վարել։
-Դուրս գնացեք դահլիճից։
Լրագրողի դուրս գալուց հետո դատավորն արդարացրեց կատարվածը՝ ասելով, որ իրեն իր կազմից են ցույց տվել և ամեն անգամ նկատել են ընդգծումներ։
«Նաև ասեցին, թե այդ լրատվականը ում է պատկանում, ես չգիտեի էլ։ Բայց չի կարելի ամեն անգամ այս կամ այն եղանակով փորձել․․․չծավալվենք էլի։ Լավ, ասեմ՝ ամեն անգամ ընդգծում է կատարվում՝ «նախկին ՔՊ-ական դատավոր»։ Բան ունենք ասելու՝ տղամարդավարի ասեք։ Բացարկ եք ուզում հայտնեք, դուք ձեր բացարկը հայտնեք»,-ասաց դատավորը։
Փաստաբան Արամ Օրբելյանն ասաց, որ դատավորի ասածից բխում է, որ ինքն ունի համոզմունք, որ փաստաբանները լրագրողի հետ նյութի վերնագիր են քննարկել։
«Նման պնդում անելու համար պետք է ունենանք հիմքեր։ Միայն փաստը, որ կոնկրետ լրատվամիջոցը դրական կամ բացասական վերաբերմունք ունի քաղաքական որոշակի ուժերի նկատմամբ, հիմք չի տալիս ենթադրել, որ կոնկրետ առանձին անձինք իրականացնում են լրատվամիջոցի գրաքննություն»,-նշեց փաստաբանը։
Փաստաբան Լուսինե Սահակյանն անդրադառնալով միջադեպին՝ ընդգծեց, որ դատարանը հրապարակայնության խախտում է թույլ տալիս։
«Ավելին, խոսքի ազատություն եք սահմանափակում, որի իրավունքը չունեք։ Ավելին, լրագրողի հետ պաշտպանական կողմը կարող է շփվել, իրավունք ունի շփվել, որոշ դեպքերում պարտադիր է շփվել։ Ես գտա այդ նյութը, լրագրողը գրել է՝ «Հիշեցնենք, որ դատավորը նախկին ՔՊ-անդամ է»։ Դուք նախկին ՔՊ անդա՞մ չեք»,-նշեց Լուսինե Սահակյանը։
Դատավորն ասաց, թե ո՞վ չգիտի, որ նա երկու ամիս եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։
Լուսինե Սահակյանն ասաց, որ այդ հարցը մինչև գործի ավարտ և հետագայում էլ հետապնդելու է դատավորին։
Մանրամասները՝ տեսանյութում։