Կոռուպցիան միլիարդների վնաս է հասցնում ԵՄ-ի տնտեսությանը. ԵՄ-ի զեկույցը կոռուպցիայի վերաբերյալ

Եվրոպական հանձնաժողովը փետրվարի 3-ին ներկայացրել է ԵՄ անդամ երկրներում կոռուպցիայի մակարդակի մասին առաջին զեկույցը: ԵՄ-ի աջակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում ապահովելու համար 2011 թվականին ստեղծվեց ԵՄ-ում կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը: Հանձնաժողովը մշակեց նաև ԵՄ-ի հակակոռուպցիոն զեկույցը, որը մոնիթորինգ է իրականացնում՝ անդամ երկրներում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը պարզելու համար:

Այս տարի զեկույցն առաջին անգամ ներկայացվում է հանրությանը: Հետագայում այն կհրապարակվի յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ: Զեկույցն անդրադառնում է ԵՄ անդամ երկրների թույլ և ուժեղ կողմերին, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի հաջողված դեպքերին: Ըստ զեկույցի՝ միայն կոռուպցիան տարեկան 120 միլիարդ եվրոյի վնաս է պատճառում ԵՄ-ի տնտեսությանը: Այս մի փոքր ավելի քիչ է, քան ԵՄ-ի տարեկան բյուջեն: Զեկույցի պատրաստման համար 2013 թվականի սկզբին անցկացվել են Եվրոբարոմետրի հարցումներ:

Հարցման պատասխանները հաստատում են կոռուպցիայի մասին դրական ընկալման և կաշառքի ցածր դեպքերի մակարդակը Դանիայում, Ֆինլանդիայում, Լյուքսեմբուրգում և Շվեդիայում: Այս երկրներում պատասխանողներից քչերն են նշել կաշառք վճարելու մասին: Գերմանիայում, Նիդերլանդներում, Բելգիայում, Էստոնիայում և Ֆրանսիայում պատասխանողների ավելի քան կեսը կարծում են, որ կուռուպցիան տարածված երևույթ է, սակայն կաշառք վճարած մարդկանց իրական թիվը ցածր է: Որոշ երկրներում բավականին շատ մարդիկ են նշել կաշառք վճարելու իրենց սեփական փորձի մասին. նման երկրներից են Հունգարիան, Սլովակիան և Լեհաստանը: Այս երկրներում կաշառակերության օրինակներ նկատվել են մասնավորապես առողջապահական համակարգում:

Պատասխանողների 3 քառորդը (76%) կարծում է, որ կոռուպցիան տարածված է իրենց երկրներում: Եվրոպացիների 73 %-ը կարծում է, որ կաշառք տալը և կապերի օգտագործումը հաճախ ամենահեշտ միջոցներն են կոնկրետ հանրային ծառայություններից օգտվելու համար:

Զեկույցում տեղ են գտել նաև որոշ երկրների հաջողված փորձերը, որոնց թվում են Սլովենիայի կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը, Ռումինայի ազգային հակակոռուպցիոն վարչությունը, Լատվիայի կոռուպցիայի կանխարգելամն և դրա դեմ պայքարի բյուրոն, Իսպանիայի դատախազության հակակոռուպցիոն պայքարի հատուկ բաժինը և այլն:

Անդրադարձ կա նաև քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող հակակոռուպցիոն պայքարի հաջողված փորձերին, որոնցից մեկը Սլովակիայի բաց տեղական կառավարման նախաձեռնությունն է, որն իրականացնում է Թրանսփարենսի Ինթերնեշնլի կողմից: 

 2013 թվականի բիզնեսի ոլորտին վերաբերող Եվրոբարոմետրի հարցումների համաձայն, ԵՄ անդամ երկրների կազմակերպություների 32 %-ը, որոնք մասնակցել են պետական գնումներին, ասում են, որ կոռուպցիայի պատճառով իրենք զրկվել են մրցույթում հաղթելու հնարավորությունից: Նման իրավիճակ է հատկապես շինարարական և ինժեներական ոլորտի կազմակերպություններում:  

Համաձայն Եվրոբարոմետրի կոռուպցիայի վերաբերյալ հատուկ հարցմանը    եվրոպացի պատասխանողների 45%-ը հավատում են, որ սեփական շահի համար պաշտոնի չարաշահումը տարածված է պաշտոնայաների շրջանում, ովքեր պատասխանատու են պետական տենդերների համար: Նման կարծիք ունեն Չեխիայի, Նիդերլանդների, Հունաստանի, Սլովենիայի, Խորվաթիայի և Իտալիայի քաղաքացիները: Իսկ պաշտոնյաների նկատմամբ ավելի դրական կարծիք ունեցող երկրների թվում են Դանիան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Լյուքսեմբուրգը և Միացիալ Թագավորությունը:

Իրավաբան.net

 

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել