Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր՝ փետրվարի 6-ին, տեղի ունեցավ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի, ու նրա կնոջ՝ Զարուհի Բադալյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը։ Այն նախագահում է դատավոր Կարապետ Բադալյանը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս նիստին գործին ներգրավված երրորդ անձի ներկայացուցիչ Մերի Սաֆարյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ՝ հայտնելով, որ հակակոռուպցիոն դատարանում քննվող մեկ այլ քրեական նիստով է ծանրաբեռնված։
Պատասխանող կողմի ներկայացուցիչները միացան ներկայացված միջնորդությանը։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանն ասաց, որ նպատակահարմար է նիստը շարունակել՝ հաշվի առնելով, որ գործի հիմնական կողմերը ներկա են։
Նշենք, որ այս նիստով գործին ներգրավվեցին Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազներ Համլետ Հարությունյանն ու Արտաշես Հարությունյանը։
Դատարանը մերժեց ներկայացված միջնորդությունը, երրորդ անձի ներկայացուցչի բացակայությունը հարգելի չհամարվեց, նաև նշվեց, որ այսօրվա նախնական դատական նիստը նախորդիվ համաձայնեցված է եղել։
Նիստը շարունակվեց, պատասխանողի ներկայացուցիչ, փաստաբան Արթուր Հովհաննիսյանը արագացված դատաքննություն կիրառելու և ներկայացված հայցն «անկհայտ» անհիմն ճանաչելու հիմքով մերժելու մասին միջնորդություն ներկայացրեց։ Միջնորդությամբ պատասխանող կողմը հայտնեց, որ այս փուլում դատարանն իրավունք ունի արագացված դատաքննություն կիրառելու, եթե հայցն «ակնհայտ» անհիմն է, եթե ձևակերպված հայցադիմումը ակնհայտորեն ոչ իրավաչափ է, ենթակա է մերժման՝ անկախ առկա փաստերից։
Փաստաբանի խոսքով այն ենթակա է մերժման, քանի որ ներկայացվել է ոչ պատշաճ հայցվորի կողմից ոչ պատշաճ պատասխանողների դեմ։
Նա անդրադարձավ հայցվոր-պատասխանող դատավարական կողմերին, նրանց կարգավիճակին, հակադիր շահերով օժտված լինելու հարցերին։
Միջնորդությամբ պատասխանողի ներկայացուցիչը քննության առարկա էր դարձրել այն խնդիրը, թե Սահմանադրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում արդյոք հայցվորը կարող է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին վարույթներով հանդես գալ, և տվյալ պարագայում Սեդրակ Քոչարյանն ու Զարուհի Բադալյանը կարող էին հանդես գալ որպես պատասխանողներ։
«Այս գործով հայցադիմումի ներկայացումը չի բխում դատախազության լիազորություններից։ Սրանով պայմանավորված՝ դատախազությունը չի կարող հանդես գալ որպես պատշաճ հայցվոր»,-ասաց Հովհաննիսյանը՝ վկայակոչելով Սահմանադրության 176-րդ հոդվածը, որտեղ նշվում են դատախազությանը վերապահված լիազորությունները։
Նա նշեց, որ դատախազությունը ներկայացված հայցադիմումով պնդել է, որ ծախսերն իրականացվել են Ռոբերտ Քոչարյանի միջոցների հաշվին, այսինքն՝ վերջինս հանդիսացել է գույքի իրական շահառուն, և փոխկապակցված անձինք՝ Սեդրակ Քոչարյանն ու Զարուհի Բադալյանը այդ պահանջի մասով ոչ պատշաճ պատասխանողներ են։
«Այս գործով հայցադիմումը Սեդրակ Քոչարյանի և Զարուհի Բադալյանի դեմ ներկայացվել է որպես Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված անձանց, ընդ որում ներկայացված պահանջները վերաբերում են վերջիններիս պատկանող օրինական կամ ստացվելիք գույքը բռնագանձելու մասին պահանջներ, մինչդեռ գույքի իրական շահառուն Ռոբերտ Քոչարյանին դիտելու պայմաններում Սեդրակ Քոչարյանին և Զարուհի Բադալյանին պատկանող օրինական գույքը որևէ դեպքում չի կարող գնահատվել որպես բռնագանձնման ենթակա գույք»,-ասաց նա։
Ինչպես այլ նիստերով բազմիցս հայտնել է իր դիրքորոշումն այս խնդրի վերաբերյալ, այնպես էլ այս միջնորդության քննարկման ժամանակ Գևորգ Քոչարյանը շեշտեց՝ դատախազությունը քաղաքացիական նմանատիպ գործերով իրականացնում է պետական շահերի պաշտպանություն։
Ասաց՝ այստեղ խոսքը օրինական եկամուտներով չհիմնավորվող եկամուտների մասին է, և դրանց օրինական եկամուտներով չհիմնավորվելը չի ենթադրում, որ ՀՀ-ին վնաս է հասցվել։
«Լիազորությունների շրջանակը, բնականաբար, չէր կարող ամբողջությամբ Սահմանադրությամբ սահմանվել։ Այս դեպքում մենք ունենք «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» առանձին օրենք, որտեղ առանձին կարգավորումներ են նախատեսված, նշված է՝ համապատասխան կարգավորումների բացակայության դեպքում պետք է առաջնորդվել քաղաքացիական դատավարության և այլ օրենքներով»,-հայտնեց դատախազը։
Քոչարյանն ասաց՝ «Դատախազության մասին» օրենքով սահմանվում են լիազորություններն ու պարտականությունները, որոնցով օժտված է հայցվորը։ Ոչ պատշաճ պատասխանողի վերաբերյալ առաջ քաշած դիրքորոշման վերաբերյալ նա հայտնեց՝ օրենքի իմաստով թե՛ սեփականության իրավունքով անձին պատկանող գույքը, և թե՛ որպես իրական շահառու հանդիսացող անձին պատկանող գույքը հավասարապես նույն հարթության վրա են։
Հայցվորի մյուս ներկայացուցիչ Համլետ Հարությունյանը միջնորդության վերաբերյալ նշեց, որ պետական շահերի պաշտպանության հայցի հարուցման հարաբերությունների կարգավորումը թողնված է օրենսդրին, և վերջինս «Դատախազության մասին» օրենքով նախատեսել է՝ դատախազությունը որ դեպքերում կարող է պետական շահերի պաշտպանության հայց հարուցել։
Փաստաբան Արամ Վարդևանյանը նախքան դիրքորոշում հայտնելը, Արթուր Հովհաննիսյանին հարցրեց՝ արդյոք միջնորդությամբ միաժամանակ վկայակոչվում է, որ առկա է ոչ պատշաճ հայցվոր և պատասխանող և իրավական շահագրգռվածության բացակայություն, թե բոլոր դեպքերում շեշտադրումն այն է, որ կա ոչ պատշաճ հայցվոր և ոչ պատշաճ պատասխանող։ Հովհաննիսյանն ասաց՝ եթե կողմը չունի իրավական շահագրգռվածություն, այդկերպ հայցադիմում ներկայացնողը համարվում է ոչ պատշաճ հայցվոր։
Հաջորդ հարցը վերաբերում էր այն խնդրին, թե բոլոր դեպքերում ոչ պատշաճ հայցվորի վերաբերյալ մեկնաբանությունը բխում է արդյոք Սահմանադրության 176-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սահմանադրի նախատեսած լիազորության շրջանակից դուրս լինելու հանգամանքից։
Վերջինս դրական պատասխան տվեց, ասաց՝ բացի այդ, պետք է դիտարկել նաև նյութաիրավական նորմը, այսինքն՝ եթե հայցվորը լիազորված լիներ, այստեղ նյութաիրավական նորմը բացակայելու էր։
Վարդևանյանը միացավ ներկայացված միջնորդությանը, ասաց՝ այն ենթակա է բավարարման, ու վերջին արձանագրումն արդեն բավարար է հասկանալու համար այն, որ այստեղ գործ ունեն ոչ պատշաճ հայցվորի հետ։
Պատասխանողի ներկայացուցիչներ Հարություն Հարությունյանը և Արմեն Ֆերոյանը, երրորդ անձանց ներկայացուցիչ Կարինե Խումարյանը ևս միացան միջնորդությանը։
Դրա վերաբերյալ քննարկումն ավարտվեց, դատարանն արձանագրեց՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածը հստակ նախատեսում է այն, որ գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտության բացակայության դեպքում առաջին ատյանի դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն, եթե հայցն ակնհայտ անհիմն է, սակայն այս փուլում դատարանը պետք է որոշի, թե արդյոք անհրաժեշտություն կա դատավարական այլ գործողություններ իրականացնելու՝ վկաներ հարցաքննելու, ապացույցներ հետազոտելու և այլնի համար։
Նախագահող դատավոր Կարապետ Բադալյանն ասաց՝ այս առումով միջնորդությունը ներկայացվել է վաղաժամ, հայտնեց՝ ներկայացված միջնորդությունը, այս ծավալուն քննարկումները վկայում են՝ «ոչինչ էլ ակնհայտ չէ այս գործով», որովհետև գործի ծավալը ևս մեծ է, իսկ իրավական խնդիրները՝ շատ։
Դատարանը որոշեց միջնորդությունը մերժել, նախագահող դատավորը նաև հայտնեց՝ որոշումն արձանագրային է, բողոքարկման ենթակա չէ։
Այս գործով հաջորդ նախնական դատական նիստը տեղի կունենա մարտի 14-ին։
Մարիամ Շահնազարյան