Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մաշտոցի անձնագրային բաժանմունքում մեծ թվով հերթեր կան: Նրանցից շատերն արդեն մի քանի օր շարունակ չեն կարողանում ձեռք բերել կենսաչափական անձնագրեր և նույնականացման քարտեր: Այս մասին նրանք հայտնեցին Իրավաբան.net-ի հետ զրույցում:
«Մատնահետք վերցնելու, լուսանկարելու պրոցեսը երկար է տևում, ընթացքում ինտերնետ կապն է ընդհատվում ու մնում ենք կանգնած. հերթն առաջ չի գնում»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Կենսաչափական անձնագիր ստացող քաղաքացիներից մեկը:
Հերթում սպասող մեկ այլ քաղաքացի նշեց, որ ինքը դեռևս հունվարի 8-ից վճարել է 28.600 դրամ` կենսաչափական անձնագրի և նույնականացման քարտի համար, բայց մինչև հունվարի 14-ը չի կարողանում ստանալ, քանի որ հերթն իրեն չի հասնում: Նրա խոսքով` մեկ ժամվա ընթացում ընդամենը 3-4 անձի են սպասարկում:
Ոստիկանության լրատվության բաժնից Իրավաբան.net-ին հայտնեցին, որ կենսաչափական անձնագիր ստանալիս այսօր ծրագրային խնդիր է եղել Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մալաթիայի բաժանմունքում: Ոստիկանության լրատվության բաժնի աշխատակցի փոխանցմամբ`տոնական օրերը մեծ ազդեցություն են ունենում հերթերի գոյացման հարցում:
Իսկ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մաշտոցի անձնագրային բաժանմունքում օրեր շարունակ իրենց հերթին սպասող քաղաքացիներից շատերի կարծիքով` հերթերի գոյացման պատճառը ներդրված նոր համակարգն է և այն, որ ընդամենը մեկ անձ է սպասարկում իրենց:
Մանրամասները` տեսանյութում:
Իրավաբան.net