Հարցը հանված է. փաստաբանները հաղթեցին

Արդարադատության նախարարությունը հրաժարվել է իր հեղինակած «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերից: Այս մասին Իրավաբան.net-ին ասաց Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը:

«Հարցը հանված է: Հետո թեմայի վերաբերյալ կլինեն քննարկումներ, թե` ոչ, դեռ պարզ չէ»,- նշեց Արդարադատության նախարարի մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք, որ դեռևս ամիսներ առաջ այդ նախագծերը բավականին աղմուկ էին բարձրացրել փաստաբանների շրջանում: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը որոշում էր ընդունել ժամանակավոր աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որը կզբաղվեր նախագծերի ընդունման դեմ պայքարի համար Պալատի ռազմավարության մշակմամբ, անհրաժեշտ քննարկումների և այլ միջոցառումների կազմակերպմամբ:

Նախագծերով նախատեսվում էր փաստաբանների գրանցամատյանը վարելու նոր ընթացակարգ: Այդ էլեկտրոնային փաստաթուղթը պարունակելու էր օրենքով նախատեսված տեղեկություններ փաստաբանների, փաստաբանների օգնականների, հավատարմագիր ստացած այլ պետության փաստաբանների վերաբերյալ: Փաստաբանները դժգոհ էին, քանի որ ՀՀ փաստաբանների պալատի կողմից արտոնագրված փաստաբանին փաստաբանների պետական գրանցամատյանում մեկ տարի ժամկետով հաշվառելու համար նախատեսվել էր գանձել տարեկան պետական տուրք` 60.000 դրամի չափով: Ընդ որում` չհաշվառվելու դեպքում ներկայիս փաստաբանները չեն կարող այլևս համարվել փաստաբան:

Օրենքի նախագծով նախատեսվող փաստաբաններից գանձման ենթակա պետական տուրքի գումարները նախատեսվում էր ուղղել հանրային պաշտպանի գրասենյակի պահպանման, փաստաբանների պետական գրանցամատյանի տեխնիկական սպասարկման և շահագործման ծախսերին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել