Փաստաբան Արա Զոհրաբյանը 2013 թվականի սեպտեմբերի 14-ին ընտրվեց Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ, հոկտեմբերի 4-ին էլ ստանձեց իր լիազորությունները: Նրա խոսքով` ինքը երբևէ Ձմեռ պապիկից չի խնդրել իրեն Փաստաբանների պալատի նախագահ դարձնել, քանի որ այն չի մտել Ձմեռ պապիկի լիազորությունների մեջ:
–Պարոն Զոհրաբյան իսկ եղե՞լ է մի ցանկություն, որը Ձմեռ պապիկն իրականացրել է:
– Ձմեռ պապիկին հավատացել եմ շատ փոքր տարիքում։ Իմ բոլոր բարի ցանկություններն իրագործել է միայն Աստված պապիկը։
-Սովորաբար հիշողություններով լի Ամանոր առաջինը մտաբերում են բանակում անցկացրած ամանորները: Դուք ի՞նչ ամանորյա հիշողություններ ունեք բանակային տարիներից:
– Ամանորը բանակում յուրահատուկ ձևով էինք նշում՝ առանց ընտանիքի անդամների, բայց ընկերներով շրջապատված։ Շատ ուրախ էր անցնում։ Հիմա էլ բանակային ընկերներով հաճախ ենք հավաքվում։
-Ամանորը հայերի համար ընտանեկան տոն է: Ձեր ընտանիքում կա՞ որևէ սովորություն ամանորյա տոները յուրովի նշելու:
– Ամանորն ինձ համար էլ է ընտանեկան տոն, և ես այն միշտ անցկացրել եմ ընտանիքիս հետ, բացի բանակային երկու տարիներից։
-Իսկ Ձեր որդիներն ի՞նչ են ուզել այս տարի Ձմեռ պապիկից:
– Մեր ժամանակ այդքան խաղալիքների տեսականի չկար, իսկ հիմա.. Մոլնյա Մաքվինի և նրա ընկեր-մեքենաների հերթական մոդելները։
-Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ի՞նչ կցանկանա, որ 2014 թվականը բերի իր հետ:
– Ցանկանում եմ, որ 2014 թվականը դառնա փաստաբանների վերելքի տարի։ Արդարադատության համակարգի նկատմամբ վստահության բարձրացման տարի և ընդհանրապես հավատի վերականգնման տարի։
Նունե Հովսեփյան
Լուսանկարը` Արա Զոհրաբյանի անձնական արխիվից