ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը ստանձնեց իր լիազորությունները

Այսօր` հոկտեմբերի 4-ին, Հայաստանի փաստաբանների պալատի նորընտիր նախագահ Արա Զոհրաբյանը ստանձնեց իր լիազորությունները. Փաստաբանների պալատի առաջին նախագահ Ռուբեն Սահակյանը հանդիսավոր պայմաններում Փաստաբանների պալատի երկրորդ նախագահին փոխանցեց Մխիթար Գոշի «Գիրք դատաստանին»:

«Նախ, շնորհակալություն եմ հայտնում մեր փաստաբաններին Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին ակտիվ մասնակցելու համար: Այս ընտրություններն աչքի ընկան ոչ միայն փաստաբանների աննախադեպ մասնակցությամբ, այլ նաև հանրային հետաքրքրությամբ: Շնորհակալ եմ նրանց, ովքեր ինձ վստահել են: Շնորհակալություն եմ հայտնում այն փաստաբաններին, ովքեր իրենց քվեն փոխանցել են մյուս թեկնածուներին. դրանով նրանք ազատորեն դրսևորել են իրենց կամքը, որը ես հարգում և ընդունում եմ»,- իր ելույթում ասաց Արա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնը ստանձնելն իր համար բարձր պատիվ է և խոստացավ այդ պատիվը բարձր պահել:

«Ընտրություններով ոչիննչ չի ավարտվում, հակառակը` սկսվում է նոր փուլ, այսինքն` գաղափարներին և սկզբունքներին հետևողական լինելու և արդյունավետ աշխատելու համար»,- նշեց Փաստաբանների պալատի նորընտիր նախագահը:

Լիազորությունների ստանձնումից անմիջապես հետո` նա հրապարակեց Փաստաբանների պալատի նախագահի իր առաջին որոշումը:

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հիմնադրման, իր գործունեության ընթացքում փաստաբանության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, ինչպես նաև 28 տարվա անձնվեր փաստաբանական գործունեության համար Հայաստանի փաստաբանների պալատի առաջին նախագահ Ռուբեն Սահակյանին պարգևատրեց «Փաստաբանության ասպետ» ոսկե մեդալով:

 

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել