«Քեթրին Գրուպ»-ի «մահվան թուղթը» ընթացքի մեջ է․ դատարանում 15 միլիոն դոլարի գրավի հարցն է վիճարկվում

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի և նրան փոխկապակցված 7 անձանց՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս դատական նիստին 2 միջնորդություն ներկայացվեց։ Առաջինը քննարկվեց Ամերիաբանկի ներկայացուցիչ, փաստաբան Հրաչյա Մարանգուլյանի ներկայացրած միջնորդությունը։

Նշենք, որ նիստին ներկայացրել էր Տիգրան Սահակյանը՝ «Քեթրին Գրուպ» ՍՊ-ի սնանկության գործով կառավարիչը, նա հայտնեց՝ քանի որ բանկի կողմից սնանկության վարույթին առնչվող միջնորդություն պետք է ներկայացվի, բանկի ներկայացուցչի խնդրանքով է ներկայացել նիստին։

Սնանկության գործով կառավարիչը հայտնեց, որ ընկերության լուծարման  մասին դատարանը որոշում է կայացրել, տվյալ պահին այն գոյություն ունի, հիմա գտնվում է լուծարման փուլում, երբ կավարտվի, պարտավորությունները մարված չեն լինի, գույքեր այլևս չի ունենա, այդ պարագայում կգնա վերջնական լուծարման, «մահվան թուղթը կվերցնի»։

Նշվեց, որ օրենքի ուժով «Քեթրին Գրուպ» ՍՊԸ տնօրեն Անտոնիո Ռիկարդո Մերինոն այլևս որևէ իրավասություն չունի, միակ օրինական ներկայացուցիչը հանդիսանում է Տիգրան Սահակյանը։

Հրաչյա Մարանգուլյանը հանդես եկավ հայցի ապահովման միջոցը մասնակի ձևափոխելու միջնորդությամբ։

Նա նշեց, որ նախնական ապահովման միջոցը կիրառվել է այն ժամանակ, երբ Հակակոռուպցիոն դատարանը գոյություն չի ունեցել, գույքերի հանդեպ իրականացվել է վաճառքի տնօրինման, օտարման արգելք, և միաժամանակ գույքերի վրա քրեական գործի վարույթով եղել է կալանք։

«Ամերիաբանկը հանդիսանում է այդ գույքերի գրավառուն, որովհետև պահանջի չափը ահռելի մեծ է՝ 12 միլիոն 941 դոլար, 106 միլիոն դրամ, 103 հազար եվրո, 18 հազար եվրո, այսինքն՝ շուրջ 15 միլիոն դոլար ավելի գումար»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ այդ գրավների մեջ է եղել 2 անշարժ գույք, որոնք գտնվում  են Արշակունյաց փողոցում։ Դրանք պատկանել են այլևս գոյություն չունեցող «ՄՄՄ» ընկերությանը, որը եղել է բանկի նախկին հաճախորդ, և վարկային պարտավորությունների դիմաց սնանկության կառավարիչը վաճառել է մեկ այլ ընկերությանը, որը կապ չի ունեցել «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ի և այս գործի որևիցե մասնակցի հետ։

Առաջարկություն է ստացվել «Քեթրին Գրուպից», որպեսզի այդ գույքերը գնի, ընկերությունն ամբողջապես բանկի վարկային միջոցներով դա գնել է, որոշ ժամանակ միայն տոկոս է վճարել, իսկ հետո պատրաստվել է մեծ բիզնեսներ ծրագրել։

««Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ից 1 լումա չի դրվել, հետագայում 234 հազար դոլար իրենք մարել են այդ վարկից, մենք մի քանի անգամ դիմել ենք քննիչին, որպեսզի կալանքից հանեն, սակայն մերժում ենք ստացել, մի քանի անգամ դիմել ենք դատարան, տարբեր ատյանների միջոցով գործը վերջապես հասել է Հակակոռուպցիոն դատարան, 2 դատավորներ միջնորդությունը բավարարել են»,-նշեց բանկի ներկայացուցիչը։

Նա հայտնեց, որ այն ժամանակ, երբ քրեական գործով առկա փաստերը հաստատվեն, պարտավորվել են առաջին իսկ պահանջով գումարը տալ պետությանը, ու այս համատեքստում դատարանը վճռել է, որ կալանքը պետք է վերանա։

«Երբ մենք 15 միլիոն դոլար ներկայացրել ենք, 14 միլիարդից պետբյուջե ենք վճարել շահութահարկի տեսքով գումար, հիմա այն պահից ի վեր, երբ մենք մեր վնասը վերականգնենք, այդ 2 գույքն իրար հետ 1,7 միլիարդով վաճառվեն, Ամերիաբանկը 1,6 միլիարդը ստանա, ոչ միայն բանկի ցուցանիշները կլավանան, այլև դրա 18%-ը միանգամից այս տարում վճարվելու է շահութահարկ»,-ասաց նա։

Նա ընդգծեց, որ այսպես կհամընկնի նաև Ամերիաբանկի շահերը, քանի որ 6-7 տարի է՝ գումարները սառած են, քրեական գործով ևս կա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որ «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ն չէր կարող դա հանցավոր ճանապարհով ձեռք բերել։

Փաստաբանը միջնորդեց Արշակունյաց փողոցում գտնվող 2 գույքերի սահմանափակումները հայցի նախնական ապահովման մասով հրատապ վերացնել։

Նշեց նաև, որ այդ 2 գույքերը ձեռք են բերվել բանկի վարկային միջոցներով, իսկ Միհրան Պողոսյանի կողմից մարվել է վարկի ընդամնեը 3,5 %-ը՝ 227 հազար 207 դոլարի չափով։

Դատախազ Տիգրան Ենոքյանը բանկի ներկայացուցչին ասաց, որ ըստ հայցադիմումի Միհրան Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերը ևս գրավադրված են «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ի համար, հարցրեց, թե 12 միլիոն դոլարը գերազանցող վարկի մեջ ներառվել են նաև այդ գույքերը, թե ոչ, փաստաբանն ասաց այո, մյուս գույքերի վերաբերյալ չի կարող հակառակը հերքել կամ հաստատել, սակայն այդ գույքերի մասով անօրինական ճանապարհով գումարի վճարման խնդիր չի առաջացել։

Ենոքյանն ասաց, որ հայցի շրջանակներում Միհրան Պողոսյանին պատկանող մյուս գույքերի մասով, որոնք ևս բանկի գրավի առարկա են հանդիսանում, արդյո՞ք չեն կարող չբացառել, որ դրանց վերաբերյալ ևս միջնորդություններ են ներկայացվելու, Մարանգուլյանն ասաց՝ տարբերություն կա, մյուս գույքերը  ինչ-որ թվականից պատկանել են Միհրան Պողոսյանին, ինքը որևէ տեղեկություն չունի, թե մինչև այդ պահն ումն է եղել, ինչ միջոցներով են ձեռք բերվել, բայց այդ 2 գույքն ամբողջովին բանկի կողմից տրված գումարով է ձեռք բերվել։

Նրա խոսքով՝ այստեղ հրատապության խնդիր չկա, երրորդ անձանց կողմից գրավադրված բոլոր գույքերի վրա կալանք կա, հետևաբար որևէ գործողություն իրականացնել չի կարող այնքան ժամանակ, մինչև դատարանը վերջնական դատական ակտով դրան գնահատական չտա։

Պատասխանողի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը միջնորդության վերաբերյալ հայտնեց, որ դատարանը պետք է հաստատված չհամարի այն, որ Միհրան Պողոսյանն է վճարել, եթե դա էական նշանակություն կունենա միջնորդության քննարկման համար, ապա հավելյալ կմիջնորդեն որոշակի ապացույցներ ձեռք բերել։

Դատախազ Տիգրան Ենոքյանը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի հիմքում դրվել է, որ իրավասու մարմինն ի սկզբանե հայցադիմում ներկայացնելիս Միհրան Պողոսյանին դիտարկել է «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ի իրական շահառու՝ հաշվի առնելով, որ 2008 թվականի հուլիսի 15-ի դրությամբ Պողոսյանը ընկերության բաժնեմասը «դե յուրե» օտարել է։

«Դեռևս 2016 թ․ դրությամբ, երբ արդեն Պանամայի Հանրապետությունում գրանցվել է «Քեթրին Գրուպ» ընկերության բաժնեմասերը, Միհրան Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերը, որոնք ես թվարկեցի հարցադրումներ հնչեցնելիս, դեռևս շարունակում են մնալ գրավադրված նույն ընկերության համար, դրանք գրավի առարկաներ են, Ամերիաբանկ ընկերությունը ներկայացրել է, որ ընդհանուր վարկային միջոցները 13 միլիոն դոլարը գերազանցում են, և դա հիմնական փաստարկն է հանդիսանում, որ Միհրան Պողոսյանն իր բաժնեմասը նույնիսկ օտարելուց հետո շարունակել է վերահսկել այս ընկերության գործունեությունը, գործարքներն իրականացվել է ի հաշիվ իրեն»։

Նրա խոսքով՝ ընկերությանը պատկանող գույքերը ևս փաստացի վերահսկվել են Միհրան Պողոսյանի կողմից, այս գործով 6 միլիարդը գերազանցող գումարային պահանջ է ներկայացվել, և հայցվոր կողմն ակնկալում է, որ գումարի պահանջը պետք է բավարարվի Միհրան Պողոսյանին պատկանող ընկերությունների բաժնեմասերի վաճառքների դեպքում։

«Այդ դեպքում ընկերության հաշվեկշռում կան բազմաթիվ գույքեր, և ես կարծում եմ՝ ինչ-որ մի փուլում, երբ դատական ակտ կայացվի հօգուտ հայցվոր կողմի, ընկերության բաժնեմասը պետությանն անցնելու դեպքում այս շարժական և անշարժ գույքերը ևս կարող են անցնել պետությանը»,-ասաց Ենոքյանը։

Նախագահող դատավորի հարցին ի պատասխան դատախազն ասաց, որ ընկերության գործունեությունը ապօրինի է դիտարկվել, այդ հիմքով ընկերության հաշվեկշռի բոլոր գույքերն էլ ապօրինի են համարվել։

Պատասխանողի մյուս ներկայացուցիչ, փաստաբան Արթուր Հովհաննիսյանը միջնորդության վերաբերյալ հայտնեց, որ ճիշտ է միջնորդությունը իրենց վստահորդների շահերին չի առնչվում, սակայն այն հիմնավոր է։ Նա ասաց՝ 2 անշարժ գույքի պահանջ հայցի առարկայի շրջանակում չկա, որ ըստ դրա գրավի կամ վարկի հարցը վիճարկվի, և այս պրոցեսը կապ չունի սնանկության կառավարչի լիազորությունների հետ․ «Ընկերությունն ունի օրինական պարտականություն, վարկ ունի, վարկը չի կատարել, գրավ կա, որը պետք է օտարվի, նույնիսկ հայցի բավարարման դեպքում էլ այդ գրավը չի դադարելու»։

Երբ սնանկության կառավարիչը կգա և օրինական պահանջ կներկայացնի, կասի այս գույքն էլ եմ օտարում՝ պահանջները բավարարելու համար, կարծում եմ՝ դատարանը պարտավոր է միջնորդությունը բավարարել, որովհետև կառավարիչը օրինական կերպով է դա անում»։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս նիստին պատասխանող Գագիկ Բադալյանի անունից ներկայացվեց հայցի ապահովման միջոցը մասնակի ձևափոխելու մասին միջնորդություն։

Այս գործի շրջանակներում ներկայացված պահանջներից մեկը վերաբերում է Բադալյանին, որով արգելվել է որևէ գործողություն կատարել Ծաղկաձորում գտնվող քոթեջների և Զաքյան փողոցի տարածքի համար։ Միջնորդությամբ նշվեց, որ կա անձ, որը ցանկանում է վարձակալել Ծաղկաձորի քոթեջները, սակայն դրանց վրա արգելանք է կիրառված։

Միջնորդությունների վերաբերյալ դատարանը որոշում կկայացնի առանձին դատական ակտերով, որոնք կհրապարակվեն դեկտեմբերի 4-ին։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել