Հակակոռուպցիոն քրեական դատարանում երեկ՝ օգոստոսի 13-ին, շարունակվեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատաքննությունը։ Նիստը նախագահում է դատավոր Վահե Դոլմազյանը։
Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունները: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանին։
Ըստ մեղադրանքի՝ դատավորն ակնհայտ անարդար դատական ակտ է կայացրել և չարաշահել պաշտոնեական լիազորությունները։ Նա բավարարել է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը, փոխել է վերջինիս խափանման միջոցը և 2,5 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատել կալանքից։ Սերգեյ Գրիգորյանը Արուսյակ Ալեքսանյանի եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկերն է։
Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդել էր, որպեսզի ապացուցման գործընթացում հետազոտվեն գործի համար նշանակություն ունեցող մի շարք փաստական հանգամանքներ։
Պաշտպանն այս դատական նիստին ընդգծեց, որ հետազոտվող տվյալները վերաբերելու են այն հանգամանքին, որ իր պաշտպանյալի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ առանց Բարձրագույն դատական խորհրդի համաձայնության։
Նա նշեց՝ խնդիրը ցույց տալն է այն, որ պաշտոնատար անձինք շարունակաբար արձանագրում են հանցագործության դեպքեր, որոնք ըստ նրանց, կատարվել է Արուսյակ Ալեքսանյանի կողմից։
Հետազոտվող ապացույցները վերաբերում էին օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում կազմած արձանագրություններին, կային Արուսյակ Ալեքսանյանի վերաբերյալ տեղեկություններ՝ սահմանը հատելու, տարբեր տեղեկանքների, նրա եղբոր, եղբոր կնոջ վերաբերյալ։
Առկա էին արձանագրություններ նաև արտաքին դիտում, ներքին դիտում, հետախոսային հաղորդակցության վերաբերյալ վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ։
«Պատահական չէ, որ օրենսդրությամբ, Սահմանադրությամբ, միջազգային փաստաթղթերով շատ հստակ նախատեսված են երաշխիքներ՝ պետական մարմինների կողմից դատավորի հետ կապված քրեական հետապնդում սկսելու, իրականացնելու պրոցեսի մասով։
Չպետք է իշխանության այլ մարմինները անսահմանափակ հնարավորություններ ունենան դատավորի նկատմամբ փաստացի քրեական հետապնդում իրականացնել՝ առանց դատական իշխանության, անկախության երաշխավոր ԲԴԽ-ի համաձայնության։ Սա ի՞նչ է, եթե ոչ ձևականություն»,-ասաց Երեմ Սարգսյանը։
Պաշտպանի խոսքով՝ քրեական վարույթ նախաձեռնելուց հետո կատարվել են գործողություններ, որոնք կրկին ուղղված են Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակելուն, դրա վերաբերյալ փաստական տվյալներ են հաղորդվում, որպեսզի «ամրապնդվի» սկսված և շարունակվող քրեական հետապնդումը։
«Ես գտնում եմ, որ պետությունը, ներպետական իշխանությունները չեն փորձել ճշգրտորեն կիրառել համապատասխան օրենսդրությունը, չեն դրսևորել բարեխիղճ վիճակ, այլ եղել է անբարեղճություն՝ կոնկրետ դատավորի անկախության և անձեռնմխելիության երաշխիքների մասով»,-նշեց պաշտպանը։
Ապացույցները հետազոտվեցին։ Մեղադրյալ Էրիկ Ալեքսանյանը հայտնեց, որ հաջորդ դատական նիստի ժամանակ հանդես կգա ապացույցները լրացնելու վերաբերյալ միջնորդությամբ։
Այնուհետև Արուսյակ Ալեքսանյանի մյուս պաշտպանները հանդես եկան միջնորդությամբ։
Միջնորդությունը ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի 4 աշխատակիցներին հակընդդեմ հարցման եղանակով դատարան հրավիրելու մասին էր։
Պաշտպանի խոսքով՝ նշված զեկուցագիրը, որի հիման վրա ԱԱԾ աշխատակիցները կազմել են արձանագրություններ, հանդիսացել է Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման աղբյուրը, որոնց հիման վրա սկսվել է մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ լուրջ միջամտություն ենթադրող միջոցառումների իրականացումը։
Նա նաև նշեց, որ պաշտպանության կողմը ԱԱԾ-ից խնդրելու է տրամադրել տեղեկատվություն՝ արդյոք իրացվել է օպերատիվ տվյալը, տրամադրել քաղվածք՝ առանց բացահայտելու պետական գաղտնիքը։
«Քանի դեռ ԱԱԾ-ն այդ տեղեկությունը չտրամադրի, մեզ մոտ չի դադարելու լինել կասկած, նույնիսկ, եթե այս դատավարությունը ավարտվի, նույնիսկ եթե մեղադրական դատավճիռ կայացվի, մեկ տարի, երկու տարի, երեք տարի հետո այդ գաղտնիքը պետք է բացահայտվի՝ ի վերջո, Համբարյանի այդ տվյալը եղե՞լ է, թե՞ ոչ, և նա ծառայողական իրավախախտում կատարե՞լ է, թե՞ ոչ»,-ասաց նա։
Դատախազը միջնորդության վերաբերյալ հայտնելով իր դիրքորոշումը՝ նշեց, որ բերված ապացույցները հիմնավոր չեն, միջնորդության և այս քրեական գործով հաստատված փաստական հանգամանքների միջև առկա է էական, բովանդակային խզում։
«Պատճառներից մեկը միջնորդության հեղինակների կողմից դատաքննությանը ավելի ուշ միանալու հանգամանքն է, հակառակ պարագայում հիմք ընդունելով վերջիններիս բարեխղճության կանխավարկածը, կարող եմ հաստատված համարել, որ վերջիններս, եթե տեղյակ լինեին, որ քրեական գործում առկա են այնպիսի փաստաթղթեր, որոնց բացակայությունը որպես միջնորդության հիմնավորում վերջիններս վկայակոչել են իրենց գրավոր միջնորդության մեջ»,-նշեց դատախազը։
Դատախազն անդրադառնալով փաստաբաններից մեկի այն պնդմանը, թե օպերատիվ հարցում, տեղեկությունների ձեռք բերում և այլ միջոցառումներ չեն իրականացվել, դրա վերաբերյալ արձանագրություն չկա, ընդգծեց, որ նշված արձանագրությունը կազմված է և գտնվում է առաջին հատորում, հետազոտվել է հիմնական դատալսումների փուլում։
Ներկայացված միջնորդության վերաբերյալ հանրային մեղադրողը նաև ընդգծեց հետևյալը․ «Որոշակի պնդումներ կատարվեցին օպերլիազորի կողմից կազմված զեկուցագրի բովանադակության վերաբերյալ, էստեղ էլ մենք հակասական դիրքորոշումներ լսեցինք, մի դեպքում պաշտպանության կողմը պնդեց, որ օպեր-լիազորից պետք է պարզել հակընդդեմ հարցման իրավունքի իրացման շրջանակներում ստացված օպերատիվ տեղեկությունների հավաստիությունը, և վերջինս պետք է հիմնավորի իր զեկուցագրի հիմնավորվածությունը։
Կարելի է եզրակացնել, որ օպերլիազորի և նրա վերադաս պաշտոնատար անձանց պետք է հարցադրում կատարվի, այդ թվում կաշառքի վերաբերյալ տեղեկության հիմնավորվածության վերաբերյալ, բայց, կարծես, վերջում պարոն Ղազարյանը հերքեց այդ հանգամանքը՝ նշելով, որ օպերատիվ տեղեկության ստացման աղբյուրի վերաբերյալ հարցադրումներ, որոնք հանդիսանում են պետական գաղտնիք, չեն պատրաստվում կատարել»։
Դատախազն իր դիրքորոշման մեջ նշեց նաև, որ չեն ներկայացվել բավարար հիմնավորումներ այն մասին, որ ԱԱԾ համապատասխան աշխատակիցները հարցաքննության պետք է հրավիրվեն և պետք է հարցադրումներ կատարվեն զեկուցագրի, նրանում զետեղված տեղեկությունների ստացման աղբյուրի, դրանց հիմնավորվածության վերաբերյալ այն պայմաններում, երբ մի դեպքում ստացման աղբյուրներն օրենքով պաշտպանված են, մյուս դեպքում տեղեկությունների հիմնավորվածությունները ստուգվել են վերադաս դատարանի կողմից և դրանց հիմնավոր լինելու վերաբերյալ գրավոր ապացույցները գտնվում են քրեական գործի նյութերում։
Նիստը հետաձգվեց, միջնորդության հարցին դատարանը կանդրադառնա հաջորդ նիստին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մարիամ Շահնազարյան
Լուսանկարները՝ Հասմիկ Սարգսյանի