«Երբ ես խոսում եմ, ձեռք եմ բերում թշնամիներ, երբ լռում եմ՝ հաղթանակներ»․ Վլադիմիր Գասպարյանի վերջին խոսքը դատարանում

Հակակոռուպցիոն քրեական դատարանում հուլիսի 8-ին տեղի ունեցավ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա նախկին տեղակալ Լևոն Երանոսյանի, ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանի և ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանի գործով նիստը։ Նիստը նախագահում է դատավոր Վարդգես Սարգսյանը։

Ըստ գործի նյութերի՝ Ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանը Երանոսյանին խնդրել է իր ծանոթ Վահրամ Ղազարյանին ընդունել ոստիկանության զորքերում ծառայության։ Նշված անձն ընդունվել է աշխատանքի, սակայն ծառայության չի ներկայացել։ Դրա փոխարեն կատարել է Թունյանի վարորդի պարտականությունները։ Այս դեպքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի 7 միլիոն 954 հազար դրամի վնաս, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Վլադիմիր Գասպարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևն ասաց, որ մինչև պաշտպանական ճառերով հանդես գալը, միջնորդություն ունի։ Նա միջնորդեց նշանակել դատաբժշկական փորձաքննություն առողջական վիճակի պարզման համար, փորձագետին առաջադրել հետևյալ հարցերը՝ ներկայումս ի՞նչ հիվանդությամբ կամ հիվանդություններով է տառապում Վլադիմիր Գասպարյանը, եթե տառապում է որևէ հիվանդությամբ, ապա այդ հիվանդությունը դասվո՞ւմ է արդյոք ՀՀ Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի նշված որոշմամբ նախատեսված հիվանդությունների շարքին, և հայտնաբերված հիվանդությունները արդյո՞ք կարող են նույն որոշմամբ հաստատված ցանկի համաձայն խոչընդոտ հանդիսանալ նրա նկատմամբ հնարավոր նշանակվելիք ազատազրկում պատիժը կրելուն։

Բժշկական գաղտնիք պարունակելու պատճառով նիստը դռնփակ անցկացվեց, որից հետո 10 րոպե ընդմիջում հայտարարվեց։

Ընդմիջումից հետո դատական նիստը դռնբաց անցկացվեց, դատարանը որոշեց ներկայացված միջնորդությունը մերժել, քանի որ հիվանդություններից որևէ մեկը ներառված չէ այն դրսևորմամբ, որով սահմանել է ՀՀ Կառավարությունն իր որոշումների մեջ։

«Ի ուրախություն Ձեզ, այդ հիվանդությունները չունեն այն բարդ աստիճանը, որը սահմանված է Կառավարության համապատասխան որոշմամբ, հետևաբար առկա պայմաններում դատաքննությունը վերսկսելու և Գասպարյանի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությունը բացակայում է»,-ասաց դատավորը։

Վլադիմիր Գասպարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը հանդես եկավ իր պաշտպանական ճառով։

Նա իր ելույթը սկսեց Վլադիմիր Գասպարյանի խոսքը մեջբերելով․ «Ես սեփական փառք ման չեմ գալիս, ես ապրում եմ Տիրոջ իմ հավատով, ես պատրաստ եմ քարկոծվել, ընկնել, նորից գնալ, քանզի ոչ մի գործ անպատիժ չի մնա․․»։

Պաշտպանը նշում է՝ իր աչքից չեն վրիպել, որ, օրինակ, 2018 թվականից առ այսօր ԱԺ նախագահի տեղակալ, հետագայում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի անվտանգությունն ապահովում են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի անվտանգությունը հանրահավաքներին ապահովում էին կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ավելին՝ ներկայումս ՔՊ կուսակցության շենքի անվտանգությունը ապահովում են հատուկ նշանակության գումարտակի կարմիբերետավորները։

«Սա աննորմալ երևույթ է, բայց ոչ հանցավոր, որովհետև նաև հետագայում կգանք էն երևույթին՝ արդյո՞ք Վ․ Գասպարյանը տեղեկացված եղել է էն իրավիճակի մասին, որ գոյություն է ունեցել երեք ծառայողների շուրջ, բայց այստեղ հանցավորության, հանցանքի հետ հատվող արարք, բոլոր դեպքերում, ես չեմ տեսնում։

Սա կնշանակի խելագարության կանխավարկած, որովհետև, օրինակ, պրն Ենոքյանը, ում անձի հանդեպ ունեմ բացարձակ և ընդգծված հարգանք, այսօր դատախազությունում զբաղեցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության պետի տեղակալի պաշտոնը, և որևէ առնչություն չունի այդ վարչությունը Վլադիմիր Գասպարյանին մեղսագրված արարքի նկատմամբ հսկողության հետ, սա բնորոշ է, օրինակ, հակակոռուպցիոն կամ այն ժամանակ Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործերի նկատմամբ հսկողությանը, և, ի՞նչ է, հիմա պարոն Ենոքյանը չարաշահո՞ւմ է լիազորությունը, կամ այն անձը, որն իրեն գործուղել է սույն քրեական գործով հսկողություն սահմանելու, չարաշահե՞լ է լիազորությունը, վստահաբար, ոչ»,-նշեց պաշտպանը։

Նրա խոսքով՝ Գասպարյանի մոտ ստորագրման են հանձնվել օրական 55-60 փաստաթուղթ, որոնցից միջինում միայն 5-ն են եղել զեկուցվող, և հրամանները, կոչումների շնորհումները վերջինիս չեն զեկուցել, այսինքն՝ դրանք «չզեկուցվող հարցեր» են եղել։

Պաշտպանն ընդգծում է, որ Վլադիմիր Գասպարյանը Հայաստանում չի եղել որպես միայն ՌՈ պետ, ներկայացրել է ՀՀ-ն ամբողջ աշխարհում, եղել է ՀՀ ներկայացուցիչը տարբեր հարթակներում, ու ֆիզիկապես որևէ մեկին նոր պաշտոն շնորհելը, պայմանագրի ժամկետ երկարաձգելը չի ունեցել այն կարևորությունը, որ Վլադիմիր Գասպարյանին զեկուցվի։

«Մենք ունենք բազմաթիվ ցուցմունքներ, ես հատուկ կցանկանայի առանձնացնել Կամո Միրզախանյանի, Արշալույս Թափրոշյանի, Արմենի Սիմոնյանի, Տիգրան Մուրադյանի ցուցմունքներն առ այն, որ ատեստացիա կոչվածը երբեմն կրել է ֆորմալ բնույթ, և այս անձինք հաստատել են իրենց ցուցմունքներով։ Ընդամենը մեկ ծառայող է նշել, որ Վլադիմիր Գասպարյանին ֆիզիկապես տեսել է, մյուս բոլոր հարցաքննված վկաները կա՛մ ատեստացիաների չեն մասնակցել, կա՛մ հենց իրենց զորամասերից միջնորդագրերը ներկայացվել են վերադաս ատյաններ, այնտեղից արդեն ստորագրված պայմանագրերը վերադարձել են։ Մենք չունենք այն փաստական տվյալը, որ, օրինակ, Գասպարյանը որևէ ծառայողի ուղիղ ցուցում է տվել, որ այ այս 3 ծառայողները չպետք է հաճախեն աշխատանքի և պետք է աչք փակել կամ այս հարցով չպետք է զբաղվել»։

Ալեքսանդր Կոչուբաևն ընդգծեց՝ գործի նյութերում չկա այն տվյալը, որ Վլադիմիր Գասպարյանը, օրինակ, գումարտակի հրամանատարին, իր տեղակալին, կանչի, ասի՝ այս երեք ծառայողներին աշխատանքի ընդունի, ու չհետաքրքրվի՝ նրանք ուր են, ինչով են զբաղվում։ Չկա փաստարկ նաև, որ Գասպարյանը որևէ մեկին ցուցում է տվել նախապատրաստել պայմանագիր, եզրակացություն, ատեստացիան դրական նշանակել։

«Վլադիմիր Գասպարյանին վստահված չեն եղել դրամական միջոցներ, և չորրորդը՝ Վլադիմիր Գասպարյանը չէր կարող իրականացնել կադրային ինքնուրույն  տեղաշարժ։ Այլ խոսքով՝ յուրացման, վատման մասով մեղադրանքներն ամբողջությամբ անհիմն են, որովհետև, ըստ մեղադրական վարկածի՝ Վլադիմիր Գասպարյանը տեղեկացված է եղել, ավելին՝ ցուցում է տվել, որպեսզի այս անձանց բացակայությամբ որևէ մեկը չհետաքրքրվի, բայց մենք չունենք այդ տվյալները։ Մեղադրանքում գեղեցիկ տողեր են գրված այս մասով, բայց մեղադրանքը անհրաժշետ է, որպեսզի փաստարկվի։ Որևէ պաշտոնում նշանակվելը և այլ պաշտոնից բխող ծառայություն իրականացնելը հանցագործություն չէ»,-ասաց նա։

Նա նշեց, որ միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի դատարանում լսեն Վալերի Օսիպյանին, քանի որ նա, Վլադիմիր Գասպարյանի ձեռքից ստանալով տան բանալիներ, այն պարագայում, երբ ինքն ունի տուն, չէր կարող Կառավարության որոշմամբ սահմանված կարգով հավակնել բնակարան ստանալուն, ինքը տուն ստանում է, բայց երբ հատուկ քննչական ծառայության պետին գրություն է ուղարկում, որ չարաշահում են հայտնաբերել, իր անունը չի գրում․ «Բա, եթե Վլադիմիր Գասպարյանը չարաշահել է լիազորություններ կամ վատնում էր, հանցանք էր կատարում, նույն այդ զեկուցագիրն ու գրությունը Օսիպյանի հանդեպ էլ է կատարվել։ Վլադիմիր Գասպարյանից առաջ 60 տարի ոստիկանությունում ոչ մեկը բնակարան չի ստացել, Վլադիմիր Գասպարյանի պաշտոնավարումից հետո ոստիկանության որևէ ծառայող բնակարան չի ստացել»։

«Պաշտպանական ճառում մենք պետք է փորձենք վերհիշել՝ ում մասին է խոսքը, մեղադրյալի աթոռին ով է նստած։ Մինչև 2018 թվականի մայիսի 9-ը կամ մայիսի 10-ի առավոտը, Վլադիմիր Գասպարյանին անգամ ձեռքով բարևելը կհամարվեր մասնագիտական չափազանց մեծ վերելք, իսկ այսօր այս անձին մենք նստեցրել ենք, ասում ենք՝ բնակարան ես տվել, յուրացում ես կատարել, վատնում ես կատարել, այսինքն՝ նրա ամբողջ վաստակը՝ սկսած Անկախության համար մղվող պայքարից, սկսած արցախյան բոլոր գոյամարտեր մինչև պրոֆեսիոնալ ոստիկանության համակարգ, անտեսվում է»,-ասաց Կոչուբաևը։

Պաշտպանն ամփոփելով խոսքը՝ խնդրեց Վլադիմիր Գասպարյանին ճանաչել անմեղ, ճանաչել և հռչակել վերջինիս անմեղությունը։

Վլադիմիր Գասպարյանը ևս հանդես եկավ ճառով՝ ասելով․ «Երբ ես խոսում եմ, ձեռք եմ բերում թշնամիներ, երբ լռում եմ՝ հաղթանակներ, ես խոհեմաբար կնստեմ․․»։

Ամբաստանյալ Վարդան Թունյանն իր վերջին խոսքում խնդրեց վճիռ կայացնելիս հաշվի առնել իր անցած ճանապարհը, գործունեությունը, և կատարած աշխատանքը չանտեսել․ «Ես Մոսկվայից, երբ որ եկա, ինձ նշանակեցին ՊՆ կարևորագույն պաշտոնում, ինձ ճանաչողները կհաստատեն իմ կենցաղը, նիստուկացը, պահվածքը․ ոչինչ չփոխվեց, ես պատվով և բարեխղճորեն ծառայել եմ, և որևէ բիծ կամ շտրիխ չի եղել։

Հետագայում ոստիկանությում Ներքին աուդիտի վարչության գործուղումները մինչև իմ պաշտոնավարումը, տարեկան հասնում էին 60-70 միլիոն դրամ, իմ ղեկավարած տարիներին առավելագույնը կազմել են 5-7 միլիոն դրամ, և ինձ մեղսագրել ամսական կտրվածով 124 լիտր բենզինի վատնում կամ ծանոթ վարորդին նշանակել, կամ ընտանիքին ծառայող ոմն վարորդ, դա ինձ համար աբսուրդ է»։

Ամբաստանյալ Գուրգեն Գրիգորյանը պնդեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, և որպես զորամասի հրամանատար ձեռնարկել է բոլոր կանխարգելիչ միջոցառումները, երբ զեկուցել են, որ որևէ զինվոր չի ներկայացրել ծառայության, ինքն էլ անմիջապես զեկուցել է վերադաս հրամանատարությանը։

«Վստահ եմ, որ ճիշտ որոշում կկայացնեք»,-ասաց Գրիգորյանը։

Լևոն Երանոսյանը չցանկացավ հանդես գալ վերջին խոսքով։

Դատավճիռը կհրապարակվի այսօր՝ հուլիսի 9-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել