«Ներքին կարգով իրենց միջի դավաճաններից տեղեկացել ենք, որ ցանկություն ունեն աշխատանքից ազատելու տնօրենին»․ Բյուրականի դպրոցից մանրամասներ են հայտնում

Լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ այսօր՝ մայիսի 16-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում: Բյուրականի՝ Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում ուսուցիչներն ու աշակերտները հայտարարել են գործադուլ և դասադուլ՝ դպրոցի տնօրենին աշխատանքից ազատելու՝ Արագածոտնի մարզպետի որոշման դեմ:

Նշենք, որ տեղեկություններ են տարածվել նաև, որ տնօրենը ցանկություն է ունեցել միանալ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, որի պատճառով նրան աշխատանքից հեռացնելու որոշում է եղել։

Հ․ Թումանյանի անվան միջնակարգ դպրոցից Iravaban.net-ին հայտնեցին, որ տնօրենի՝ շարժմանը մասնակցություն ունենալու ցանկությունը իրականությանը չի համապատասխանում, բայց քաղաքական ենթատեքստ և դիտավորություն առկա է․ «Դիտավորությունը կայանում է նրանում, որ հունվար ամսին՝ Զատիկին, երբ դպրոցում հոսանք չի եղել և ջեռուցման համակարգը չի աշխատել՝ դպրոցի աշխատակիցներին Մկրտչյանը թույլ է տվել չներկայանալ աշխատանքի։

Աշխատանքի վայրում մարդ չի եղել ցրտի պատճառով և մարզպետարանը որոշել է, որ այդ օրը պետք է այց կատարի դպրոց, որի արդյունքում արձանագրել են, որ Մկրտչյանը տեղում չէ և վերջինիս նկատողություն են տվել։ Մկրտչյանը՝ մեղքն իր վրա վերցնելով չի բողոքարկել, սակայն երկուշաբթի օրը նկատողությունը նույն հիմքով կրկնվել է, այս անգամ 16։40-ին է եղել դիտարկումը մարզպետարանի կողմից, 12-րդ դասարանի աշակերտները ուսուցչի հետ վերջին զանգի փորձ են կատարել, աշխատակիցները եղել են դպրոցում, Մկրտչյանը դուրս է եկել՝ խնդիր ունեցող երեխայի տուն այց կատարելու համար։ Զանգահարել են, հինգ րոպեից ներկա է եղել դպրոցում, բայց արձանագրել են, որ տեղում չի եղել, աշխատանքային պարտականությունները չի կատարել և նորից նույն հիմքով նկատողություն են հայտարարել։

Ներքին կարգով տեղեկացել ենք իրենց մեջ՝ դավաճաններից, որ ցանկություն ունեն աշխատանքից ազատելու Մկրտչյանին, այդ իսկ պատճառով ամբողջ ուսուցչական կազմը, աշակերտները, դասադուլ, գործադուլ են անում՝ պահանջելով նկատողության չեղարկում»։

Դպրոցից մեզ փոխանցեցին, որ տեղեկություն չունեն կոնկրետ անձի վերաբերյալ, ով կցանկանար, որ Լուսինե Մկրտչյանը ազատվեր զբաղեցրած պաշտոնից․ «Տեղեկանում ենք, որ կա ինչ-որ մեկը, որ ցանկանում են բերել՝ Մկրտչյանի փոխարեն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել