Հիմա՝ աճուրդը կայացե՞լ է, թե ոչ․ հնարավոր է, որ գործով կիրառվի արագացված դատաքննություն

«Կեչառիս հոթել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արա Հակոբյանը հայց է ներկայացրել ընդդեմ պարտապան Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի՝ պահանջելով, որ Այվազովսկու թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքի աճուրդը չկայացած ճանաչվի և դրա հիման վրա Հովհաննես Սողոմոնյանի և «Արնդանե» ՍՊԸ-ի միջև 2021-ի դեկտեմբերի 10-ին նույն անշարժ գույքի նկատմամբ կնքված աճուրդային առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչվի՝ կիրառելով անվավերության հետևանքները։

Նշենք, որ Iravaban.net հետաքննություն  է հրապարակել Այվազովսկու 14 հասցեի տարածքի համար հայտարարված շուրջ 70 աճուրդների մասին, որոնցում հաղթողները փոխկապակցված են Միհրան Պողոսյանի հետ։

Դեկտեմբերի 6-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Աջափնյակ-2» նստավայրում տեղի է ունեցել նշված գործով հերթական նիստը՝ դատավոր Մարիաննա Ստեփանյանի նախագահությամբ։

Դատավորը առաջարկեց կողմերին ներկայացնել իրենց դիրքորոշումը՝ ապացուցման ենթակա փաստերի շրջանակի վերաբերյալ։ Հայցվորը շարունակեց պնդել, որ աճուրդը չի կայացել, քանի որ լոտի գինը չի վճարվել սահմանված 15 օրում, իսկ «Արնդանե»-ի վճարած նախավճարը հետ է վերադարձվել։ Հետևաբար, ըստ հայցվորի, ներկայացված հայցադիմումը պետք է բավարարվի։

Հարցի քննարկման ժամանակ պատասխանող կողմը բարձրացրեց հայցվորի՝ գործով շահագրգիռ անձ լինելու հարցը։ 3 պատասխանողների ներկայացուցիչներն էլ այն կարծիքին են, որ լոտը վաճառվել է, կնքնվել է աճուրդի արձանագրությունը, այնուհետև կնքվել է համաձայնագիրը՝ վճարումը ավելի ուշ կատարելու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ պատասխանողները նշում են՝ հայցվորը գործով շահագրգիռ անձ չէ, քանի որ Այվազովսկու թիվ 14-ի նկատմամբ սեփականության իր իրավունքը ճանաչելու պահանջ չի ներկայացրել, և հայցի բավարարման արդյունքում հայցվորի մոտ ոչ մի իրավունք չի ծագում։

Սնանկության կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի ներկայացուցիչ Արթուր Ապիկյանը դատարանում հայտարարեց, որ չկայացած աճւորդը հետևանքներ չի կարող առաջացնել, մինչդեռ տվյալ դեպքում աճուրդի արդյունքում կնքվել է առուվաճառքի պայմանագիր, որի հիման վրա «Արնդանե»-ն գրանցել է իր սեփականության իրավունքը կադաստրում, հետևաբար՝ աճուրդը կայացել է։

Արա Հակոբյանի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը նշեց, որ հայցվորը գործով շահագրգիռ անձ է, քանի որ մինչև գույքը «Արնդանե»-ին վաճառելը դրա մասով արդեն իսկ գործող պայմանագիր է եղել և իրենց վստահորդը օրինական ակնկալիքներ է ունեցել։ Բացի այդ, կասեցվել է Արա Հակոբյանի կողմից իրավունքի պետական գրանցումը, ինչը նրան դարձնում է շահագրգիռ անձ։

Դատարանը հակված էր նրան, որ կողմերի միջև բացակայում է փաստերի վերաբերյալ վեճը, և վեճը գնում է իրավական հարցի շուրջ՝ արդյոք կայացել է աճուրդը, թե՝ ոչ: Հովհաննես Սողոմոնյանի ներկայացուցիչ Արթուր Ապիկյանը  խնդրեց դատարանին լրացուցիչ ժամանակ տրամադրել՝ Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործից դատական ակտերը սույն գործով դատարանին ներկայացնելու համար:

Նիստը հետաձգվեց և նշանակվեց 2024 թվականի փետրվարի 7-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել