«Բոլոր ապացույցները ձեռք են բերվել իրավասություն չունեցող անձանց կողմից»․ տեղի ունեցավ Ծառուկյանի գործով հերթական դատական նիստը

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում շարունակում է  քննվել 2017 թվականի ընտրությունների ժամանակ ենթադրյալ կաշառք տալու գործը, որով որպես մեղադրյալ ներգրավված  են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու «Մուլտի գրուպ կոնցեռնի» տնօրեն Սեդրակ Առուստամյանը։ Դատարանում այսօր նշանակված էր գործով հերթական դատական նիստը։

Դատական նիստի ընթացքում Գագիկ Ծառուկյանի պաշտպան  փաստաբան Սմբատյանը, քրեական գործով հետազոտված բոլոր ապացույցները անթույլատրելի  ճանաչելու  միջնորդություն ներկայացրեց, հիմնավորելով, որ բոլոր ապացույցները ձեռք են բերվել իրավասություն չունեցող անձանց, մասնավորապես ԱԱԾ Քննչական դեպարտամենտի կողմից։

Ըստ մեղադրանքի՝ Գագիկ Կոլյայի Ծառուկյանը, 2008 թ-ից հանդիսանալով «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ղեկավար, ինչպես նաև դրանում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 6-րդ գումարման 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին հնարավոր առավել ձայներ ապահովելու և դրա արդյունքում ՀՀ Ազգային Ժողովում պատգամավորի համար նախատեսված առավել շատ մանդատներ ունենալու նպատակով, իր ղեկավարությամբ գործող կուսակցությունների դաշինքի և ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու դիտավորությամբ, ընտրություններին նախորդող ժամանակահատվածում, անհրաժեշտ նյութական, այդ թվում դրամական միջոցներ տալով, իր համակիրների մասնակցությամբ գործոց հանցավոր խմբի կազմում իրականացրել է ընտրողներին կաշառք տալը՝ հանցավոր խմբում ընդգրկելով «Ծառաուկյան» կուսակցությունների դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական և տարածքային մարմինների անդամների և համակիրներին:

Սեդրակ Առուստամյանն, ըստ մեղադրանքի, 2002թ. հանդիսանալով «Մուլտի Գրուպ Կոնցեռն » ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն՝ ՀՀ ԱԺ 6-րդ գումարման 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին հնարավոր առավել ձայներ ապահովելու և դրա արդյունքում ՀՀ Ազգային Ժողովում պատգամավորի համար նախատեսված առավել շատ մանտադներ ունենալու նպատակով, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ գործող կուսակցությունների դաշինքի և ընտրացուցակում ընդգրկված թեկնածուների օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու միասնական դիտավորությամբ, Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ ընտրողներին կաշառք տալու հարցում նախապես ձեռք բերված համաձայնության պայմաններում, ընտրություններին նախորդող ժամանակահատվածում, ապահովելով անհրաժեշտ նյութական, այդ թվում դրամական միջոցների տրամադրումը, Գագիկ Ծառուկյանի կողմից իր համակիրների մասնակցությամբ գործող հանցավոր խմբի կազմում Գողարքունիքի մարզի նախընտրական շտաբի պատասխանատու Վազգեն Պողոսյանի միջոցով ընտրողներին տվել է կաշառք: Սեդրակ Առուստամյանը Գագիկ Ծառուկյանի հրահանգով ստանձնել է ընտրությունների ողջ ժամանակահատվածում դրամական միջոցները համակարգողի պարտականությունները և Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 9 հասցեում գտնվող աշխատասենյակում Վազգեն Պողոսյանին է տրամադրել 10.000-ական ՀՀ դրամներից բաղկացած թղթադրամներ, որպեսզի վերջինիս միջոցով իրագործվի Գեղարքունիքի մարզում Գ. Ծառուկյանի ղեկավարությամբ գործող կուսակցությունների դաշինքի և ընտրացուցակում ընտրված թեկնածուների օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու գործընթացը՝ այդ կերպ միասնական ջանքերով նպաստելով կաշառք տալուն ուղղված դիտավորությունը ավարտին հասցնելու գործընթացին:

Մեղադրյալները չեն ընդունում իրրենց վերագրվող արարքները և պահանջում են արդարացնել իրենց։

Գործը 2023 թվականի հունիսի 27-ից գտնվում է  Վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանում։

Պաշտպանների պնդմամբ` քրեական գործի հարուցման համար հիմք են հանդիսացել «Երևանշին» ընկերությունում զննությամբ  հայտնաբերված փաստաթղթերը, որոնք, ըստ վարույթն իրականացնող մարմնի, տվյալներ են պարունակել 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողների ձայները ենթադրաբար գնելու` ընտրակաշառքի մասին, բայց այդ փաստաթղթերն իրականում եղել են ընտրական ծախսերի վերաբերյալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել