«Հիշեցնեմ սովամահության դեպքը և ամեն ինչ պարզ կլինի, թե ինչպես ենք դիմանում»․ արցախցի մայրիկը՝ շրջափակման պայմաններում գոյատևելու մասին

Արցախը 258 օր է շրջափակման մեջ է։ Հարևան թշնամին ակտիվ պատերազմ է վարում տեղեկատվական հարթակում՝ թիրախավորելով անչափահաս աղջկան, և ներկայացնում է, թե իբր Արցախում ամեն ինչ «լավ» է, իսկ ապօրինի տեղադրված անցակետով մարդիկ ազատ անցնում են։

Իսկ իրականությունն այն է, որ Արցախում մարդիկ ապրում են ցեղասպանության ամենատարրական սցենարով․ Iravaban.net-ի հետ զրույցում ասում է Արցախի բնակիչ, «Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր Տաթևիկ Խաչատրյանը։

Նա նշում է, որ երկար ժամանակ խուսափել է իր երեխային բացատրել, թե ինչ է կատարվում, ինչու չի կարող իր սիրելի ուտելիքներն ուտել, սակայն շարունակվող շրջափակման պայմաններում երեխային իրականությունը ներկայացնելու անհրաժեշտություն է եղել։

«Սկզբում, երբ դեռ խանութները չէին դատարկվել, փորձում էի խուսափել այդ թեմաներից` կարծելով, որ նորից կբացվի, ինչպես արդեն 1 անգամ եղել էր։ Հետո, երբ ամեն ինչ գնալով խորացավ և երեխաս արդեն կոնկրետ հարցեր էր տալիս, որոշեցի, որ իր տարիքին համապատասխան բառերով պետք է բացատրեմ իրողությունները։ Այսօր արդեն նա գիտի, թե ինչու են փակ խանութները, ինչու առաջվա պես չի կազմակերպվում իր լոգանքը, ինչու ենք մենք ամենուր ոտքով գնում, և թե ինչու չենք կարողանում իր զոհված քեռու շիրիմին այցելել։ Հիմա տղայիս բոլոր ցանկությունները, երազանքներն ու մտքերը պայմանավորվում են ճանապարհի հետ. «Ճանապարհը բացվի, սա կառնենք ինձ համար, էսինչ տեղը կգնանք, էսինչ բանը կանենք» և այլն»,-ասում է Տաթևիկը։

Արցախում շուրջ 9 ամիս շարունակվող շրջափակման հետևանքով մարդիկ թերսնուցված են։ Երեխաների առողջ սննդի մասին մտածելն անգամ ավելորդ է թվում։

«Ես միշտ ուշադիր եմ եղել երեխայիս առողջ սնունդ առաջարկելու հարցում և մեր տանը շաքարավազը ինչ-որ կարևոր դեր չի ունեցել, բայց հիմա այդ անառողջն էլ չկա, ուստի խնդիրներ, իհարկե, կան և բազմաթիվ են։ Բալանսավորված սնվելը մնացել է անցյալում, հիմա սոված չմնալու մասին ենք զուտ մտահոգվում։ Այնուամենայնիվ այս ամբողջ սղության մեջ փորձում ենք մայրիկներով մեկս մյուսին աջակցել և փորձում ենք կիսվել մեր հայթայթածներով»։

Շրջափակված Արցախում բազմաթիվ խնդիրներից զատ առաջ է եկել նաև հիգիենան ճիշտ կազմակերպելու խնդիրը, դեպքեր կան, երբ անգամ լվացք անելու կամ մազերը լվալու հնարավորություն չկա։

Ամեն ինչ սկսել ենք խնայողաբար օգտագործել, առաջ լվացք անելու համար ըստ չափաբաժնի էի լվացող միջոցը ավելացնում, իսկ հիմա` «այնքանով որքանով»: Մանկական գել այլևս չունեմ և երեխայիս համար օգտագործում եմ ունեցածս հեղուկ օճառը։ Այսպես, իհարկե, կարելի է երկար թվել, բայց այդ կենցաղային ողջ աբսուրդի մասին անընդհատ հիշելը անդուր է, թեպետ մոռանալ ևս չի ստացվում»,-նշում է մեր զրուցակիցը։

Տաթևիկի որդին այս տարի պետք է դպրոց հաճախի։ Իսկ խնդիրներն արդեն սկսվել են։

«Դեռևս անհապաղ բժշկական օգնության խնդիր չենք ունեցել, բայց, օրինակ, երեխայի դպրոց ընդունվելու հետ կապված երեխայիս հետ մի քանի օր շարունակ ոտքով քաղաքի մի ծայրից մյուսն ենք գնացել ու եկել` ամենաթեժ արևի ժամանակ»,-ասում է նա։

Տաթևիկն ասում է, որ շատ են լինում հուսահատության պահեր, իսկ հուսադրման պահերը շատ քիչ են, ապագան դարձել է անորոշ։ Մարդիկ փորձում են դա հաղթահարել՝ իրար հետ զրուցելով, իրար սփոփելով։

Հարցին, թե ինչպե՞ս են կարողանում դիմակայել շրջափակմանը՝ նա նշեց, որ չի կարող ճիշտ նկարագրել այն իրավիճակը, որում ապրում են։

«Երևի պարզապես հիշեցնեմ սովամահության դեպքը և ամեն ինչ պարզ կլինի, թե ինչպես ենք դիմանում։ Շատ դեպքերի մասին այդպես էլ չեն լսելու, որովհետև մեզ մոտ ընդունված չէ սեփական ցավն ու տառապանքը հանրայնացնելը։ Մարդիկ «տապակվում են իրենց դարդի մեջ»։ Պարզ է, որ մեր դիմանալը եղել է մահերի կտրուկ աճի հաշվին, եղել է վիժումների հաշվին, եղել է նոր հղիության դեպքեր չունենալու հաշվին։ Այսինքն՝ ցեղասպանության ամենատարրական սցենարով»,-ասաց նա։

Խոսելով թշնամու առաջարկած այլընտրանքային՝ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով օգնություն ուղարկելու տարբերակի մասին, մեր զրուցակիցն ասաց․ «Գուցե գալու է մի պահ, որ իմ աչքի առաջ իմ երեխան սովամահ է լինելու և ինձ համար «թքած» է լինելու, թե այդ պահին որտեղից սնունդ կհայտնվի և ես այդ պահին երեխայիս կյանքը փրկելու համար ինչ-որ անհայտ ծագման սնունդ տամ նրան, քանի որ դա ընտրություն է վատի և վատթարագույնի միջև։ Բայց բնականաբար, եթե ընտրություն լինի՝ ընդունել թշնամու ձեռքից հաց, թե կորցնել այն, ինչի համար այսքան զրկանքները կրում եմ․․․։ Ադրբեջանը խոսում է ինտեգրացիայի մասին, սակայն ոչ մի քայլ չի անում, անում է բռնակցում, անում է ցեղասպանություն և պարզ է, որ եթե որոշի Ադրբեջանի անձնագրեր բաժանել և Արցախի մնացյալ հատված էլ ադրբեջանականացնել, ապա իմ ներկայությունը և առավել ևս իմ երեխայի ներկայությունը այստեղ ոչնչի չի կարող օգնել»։

Ադրբեջանական անձնագրերով ապրելու մասին Տաթևիկն ասաց, որ դա նման կլինի «էշ նահատակ» լինելուն։

«Գոյություն ունի «էշ նահատակ» արտահայտություն, դա ասում են, երբ քո զոհողությունն անիմաստ է և ոչ մի բան չի փոխում։ Օրինակ՝ պարտերազմից հետո վեր կենալ և գալ Արցախում ապրել՝ իմանալով, որ շուրջբոլորդ զինված ադրբեջանցիներ են, դա որոշում էր, որը կայացրել էինք պատասխանատվությամբ և գիտեինք, որ դա զոհողություն է, բայց գնացինք դրան։ Այլ հարց է, երբ արդեն դու ապրում ես պատանդի կարգավիճակում, սովահարության մեջ, ապրում ես համաճարակի վտանգի մեջ, տեսնում ես՝ ինչ է կատարվում քո շուրջը՝ խոշտանգում, առևանգում, սպանություն, այս պարագայում շարունակել Արցախում ապրել որպես ադրբեջանցի՝ «լինել էշ նահատակ»»,-ասաց Տաթևիկ Խաչատրյանը։

Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել