744.133 ԱՄՆ դոլար ավանդը՝ Անի Լյովայի Սարգսյանի վերաբերյալ գործերի հիմքում

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր՝ հունիսի 29-ին, շարունակվեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր աղջկա, Անի Լյովայի Սարգսյանի՝  ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի և դրամական միջոցների բռնագանձման մասին Գլխավոր դատախազության հայցադիմումի քննությունը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատական նիստի ընթացքում Անի Սարգսյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը գործի վարույթը կասեցնելու միջնորդություն ներկայացրեց։

Հիշեցնենք՝ 2018 թվականի հուլիսի 6-ին Լյովա Սարգսյանին և վերջինիս դստերը` Անի Սարգսյանին Քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: ՔՕ 310.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաև Լյովա Սարգսյանի որդուն` Նարեկ Սարգսյանին։

Փաստաբանի խոսքով՝ ինչպես քրեական, այնպես էլ այս գործի առարկան Անի Սարգսյանի կողմից բանկում թողած 744.133 ԱՄՆ դոլար ավանդն է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի հարստանալու համար (310.1-րդ հոդվածի 1-ին մաս), որը նախատեսում է գույքի բռնագրավման սանկցիա։

«Այսինքն, նույն գույքը, որը այս հակակոռուպցիոն քաղաքացիական գործի շրջանակներում որակվում է որպես ապօրինի ծագում ունեցող, տվյալ քրեական գործի շրջանակներում էլ կարող է որակվել որպես բռնագրավման ենթական գույք, կամ դրա արժեքը կարող է որակվել որպես հանցագործությամբ պատճառված վնաս։ Այսինքն, այս և քրեական գործի զուգահեռ ընթացքի դեպքում պատասխանողը կարող է ենթարկվել կրկնակի պատասխանատվության։ Օրինակ՝ եթե այս գործն ավարտվի հայցի բավարարմամբ և ավանդը բռնագանձվի ի օգուտ ՀՀ-ի, այդ նույն ավանդի արժեքը քրեական գործով կարող է որակվել որպես հանցագործությամբ պատճառված վնաս, որի հատուցման պարտականությունից պատասխանողը կարող է չազատվել»,-նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ գործի կասեցման բոլոր պայմանները առկա են։

Նա մատնանշեց հնարավոր անմեղության կանխավարկածի խախտման ռիսկը։ Ըստ նրա՝ միջնորդության իմաստն այն է, որ այս ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով չարվի այնպիսի քայլ, որով առաջնորդվելով պետությունը, դատական համակարգը ստիպված կլինի անձին մեղավոր ճանաչել քրեական օրենսգրքով սահմանված արարք կատարելու համար․ «Եթե այս դատական վճռով գույքը որակվում է որպես ապօրինի ծագում ունեցող, դա կարող է ունենալ կողմնորոշիչ կամ այլ ազդեցություն քրեական վարույթի ելքի վրա»։

Անի Սարգսյանի մյուս ներկայացուցիչ Ամրամ Մակինյանն էլ հայտնեց, որ քրեական գործը դեռևս նախաքննության փուլում է։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ Տիգրան Ենոքյանը դատարանում հայտարարեց՝ միջնորդությունն անհիմն է, քանի որ պետության գործիքակազմերը հստակ են․ «Այդ պարագայում ակնհայտ է, որ ավանդն արդեն իսկ բռնագանձման առարկա դարձել է և չեմ կարծում, որ այն կրկնակի կարող է բռնագանձվել»։

Բացի այդ, դատախազը նշեց, որ քրեական գործով առնվազն 3 տարի է անհրաժեշտ եզրափակիչ դատական ակտ ունենալու համար․ «Ուսումնասիրությունների մոտ 90 տոկոսի սկսելու հիմքը քրեական գործի առկայությունն է և նման պրակտիկան (սկզբում քրեական, իսկ հետո քաղաքացիական գործի ելքին սպասելը-խմբ․) կձախողի ինչպես դատական, այնպես էլ իրավասու մարմնի ամբողջ աշխատանքը»։

Դատավոր Կարապետ Բադալյանը որոշեց մերժել միջնորդությունը։ Ըստ օրենսդրական կարգավորումների՝ գործը կարող է կասեցվել, եթե առկա է քրեական կամ սահմանադրական կարգով քննվող գործ, որը անհնարին է դարձնում այս գործի քննությունը․ «Թե ինչ կլինի այդ քրեական գործի ճակատագիրը՝ պարզ չէ։ Այսինքն, մենք խոսում ենք ոչ թե անհնարինության, այլ հավանականությունների մասին, որոնց վերաբերյալ դատողությունները դատարանին չի համոզում, որ գործի քննությունն անհնարին է մինչև քրեական գործով եզրափակիչ ակտի կայացումը»։

Այնուհետև Վահագն Գրիգորյանը ներկայացրեց հայցադիմումի վերաբերյալ իր առարկությունները։ Պատասխանող կողմը պնդում է, որ իրավասու մարմնի կողմից արված վերլուծությունները և կազմված փաստաթղթերը, այդ թվում՝ ուսումնասիրություն սկսելու մասին որոշումը, դրա արդյունքների վերաբերյալ եզրակացությունը ունեն զրոյական ապացուցողական նշանակություն․ «Զրոյական, քանի որ դրանք ոչ թե ապացույցներ են, այլ հայցվորի դիրքորոշումը պարունակող փաստաթղթեր»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել