Հիմա շատ կարևոր բացահայտում է հնչելու․ Նիկոլ Փաշինյանի պատասխանը՝ իր հրաժարականի վերաբերյալ ներկայացված պահանջին

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այսօր՝ մայիսի 4-ին,  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը։

«Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, տապալելով արցախյան հակամարտության բանակցային գործընթացում հայկական շահերը պաշտպանելու գործը, բերել է պատերազմ ու պարտություն։ Խոստովանել է, որ կարող էր կանխել պատերազմն ու խուսափել հազարավոր զոհերից, բայց չի արել դա։ 2021 թվականի հունիսին խոստացել էր 1-2 ամիս անց վերադարձնել գերիներին, բայց մինչ օրս ունենք գերիներ։ Իր նախընտրական ծրագրով խոստացել է, որ վարելու է Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման քաղաքականություն՝ ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման միջոցով։

Պնդել է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո և որ առաջնահերթ է համարում Արցախի տարածքների դեօկուպացիան, սակայն փաստացի իրականացնում է «Ղարաբաղն Ադրբեջան է, և վերջ» քարոզն ու պաշտպանում Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման, այն է՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու թուրք-ադրբեջանական տեսակետը։

Խոստացել է թռիչքաձև տնտեսական աճ, բայց աճում են պետական պարտքը, աղքատությունը, գները և մահերը։

Չի կատարել բազմաթիվ խոստումներ, որոնցից վերջինը ողբերգական ավարտ ունեցավ, «պադավատապետության» դեմ խոսող, կարմիր լույսի տակ իր ավտոշարասյան կանգնեցնելը և հետիոտներին զիջելը որպես ձեռքբերում ներկայացնող Փաշինյանի ավտոշարասյունը սպանեց կնոջը և իր դեռ չծնված երեխային։

Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, չունի մեր պետությունը նոր զիջումների տնօրինելու մանդատ և պետք է հրաժարական տա»,-ընթերցեց Արմեն Ռուստամյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բանակցային գործընթացը տապալել է Սերժ Սարգսյանը և ինքը դրա մասին խոստովանել է 2018 թվականի ապրիլի 17-ին ԱԺ ամբիոնից արած հայտարարությամբ։

«Սերժ Սարգսյանն է այս ամբիոնից հայտարարել ապագա պատերազմի մասին՝ ասելով, որ այլևս երկար ժամանակ մենք չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը չի փորձի պատերազմի ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը։ Խոստովանել է, որ կարող էր կանգնեցնել պատերազմը», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ներկայացված պահանջին, իր խոսքում ասաց, որ «հիմա շատ կարևոր բացահայտում է  հնչելու», ինչից հետո Արմեն Ռուստամյանը լրացրեց իր հարցը։ Ընդդիմադիրները չցանկացան լսել պատասխանը, ինչն էլ առաջացրեց Փաշինյանի ծիծաղն ու դահլիճում ծափահարություններ սկսվեցին։

«Ախ չե՜ք ուզում, լսեք, էդ էինք ուզում լսել, ախ չե՜ք ուզում լսել՝ բա էդ ասեք, բա էդ ասեք, բա էդ ասեք։ Ա՜յ, ոնց միշտ փախել եք, ա՜յ, տենց միշտ փախնելու եք, ոնց միշտ փախել եք, տենց միշտ փախնելու եք։ Կեցցե՛ հայկական ժողովրդավարությունը։ Կեցցե՛ հայկական ժողովրդավարությունը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Դահլիճում գոռոցներ լսվեցին՝ Նիկոլ վարչապետ։

«Ուզում եմ ուշադրություն դարձնեք․ հենց ասացի՝ բացահայտում է հնչելու՝ թողեցին, փախան»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ընդմիջում հայտարարեց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել