Մեր երկրում որակավորված հաշտարարների պակաս կա, քանի որ պետությունը 2015 թ.-ից ի վեր չի կատարել օրենքով սահմանված պարտականությունը. Վանիկ Մարգարյան

Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ փոփոխություններ են նախատեսվում Քաղաքացիական դատավարության օրենսգրքում, «Հաշտարարության մասին» օրենքում:

Թեմայի վերաբերյալ Իրավաբան.net-ը զրուցել է արտոնագրված և Լոնդոնյան Վեճերի արդյունավետ լուծման կենտրոնի (CEDR) կողմից հավատարմագրված հաշտարար, Հայաստանի հաշտարարների ինքնակառավարվող կազմակերպության խորհրդի անդամ Վանիկ Մարգարյանի հետ, ով իր կարծիքն է հայտնել նախատեսվող փոփոխությունների մասին:

-Պարոն Մարգարյան, դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսվում է որոշակի իրավահարաբերությունների վերաբերյալ, ինչպես օրինակ՝ ընտանեկան, աշխատանքային, բանկային և այլն, վեճերով պարտադիր հաշտարարության դեպքերի սահմանումը: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ արդյունք կտա այդ փոփոխությունը։ Արդյո՞ք այն կարող է գործուն մեխանիզմ լինել։

-Մեր երկրում հաշտարարության ներդրման պահից ի վեր ես և բազմաթիվ մասնագետներ, այդ թվում՝ միջազգային փորձագետներ, կողմ էինք արտահայտվում պարտադիր հաշտարարության սահմանմանը, որը պետք է գործուն մեխանիզմ լիներ հաշտարարության զարգացման համար: Ի ուրախություն մեզ, վերջապես ներկայացված նախագծով սահմանվել է դեռևս միայն ընտանեկան գործերով պարտադիր հաշտարարությունը, այսինքն՝ սահմանված տեսակի գործերով հայցվորը պետք է նախ դիմի արտոնագրված հաշտարարի և փորձի վեճը կարգավորի հաշտարարությամբ, այնուհետև միայն հնարավորություն կունենա հայց ներկայացնել դատարան: Ողջունելի է նաև, որ ռազմավարությունը, կարծես թե, հնարավոր է համարում այս գործերի շրջանակի ընդլայնումը և ընտանեկան գործերը պետք է որ միայն առաջին փուլը լինեն:  Ամեն դեպքում հարկ է նկատել, որ մեր երկրում կա որակավորված հաշտարարների պակաս, քանի որ պետությունը փաստացի 2015 թվականից ի վեր չի կատարել օրենքով սահմանված պարտականությունը՝ յուրաքանչյուր տարի կազմակերպել որակավորում, ինչի արդյունքում այժմ ունենք շատ քիչ թվով ակտիվ հաշտարարներ: Նման պայմաններում ոչ պակաս կարևոր է պարտադիր հաշտարարության սպասարկման հնարավորության համար նոր հաշտարարների որակավորման կազմակերպումը՝ հուսամ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից կազմակերպող դասընթացներով, որոնց ես ինքս պատիվ եմ ունեցել մասնակցել 2015 թվականին և դրանց արդյունավետությունը անգնահատելի է:

Ռազմավարությամբ նախատեսվում է քայլեր ձեռնարկել հաշտարարության իրականացման ժամանակակից գործիքների ներդրման ուղղությամբ, օրինակ՝ առցանց կամ հեռախոսային հաշտարարություն, դրանց միջոցով սպառողների և հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջև վեճերի լուծումն իրականացնելու համար: Նշվում է, որ նման հարթակի միջոցով վեճերի լուծումը կարող է իրականացվել սեղմ ժամկետում՝ սպառողի համար նվազ ծախսատարությամբ կամ նույնիսկ անվճար՝ հանրային ծառայություններ մատուցող անձի միջոցներով: Ի՞նչ խնդիրներ, ռիսկեր եք այստեղ տեսնում։ Կարո՞ղ է սա որպես դատարանների բեռնաթափման գործիք հանդիսանալ։

-Վեճերի լուծման ցանկացած այլընտրանքային միջոց հանդիսանում է դատարանների բեռնաթափման գործիք: Կարծում եմ, որ հաշտարարությունը կարող է արդյունավետ լինել ոչ միայն հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ վեճերով, այլև ֆինանսական՝ բանկերի, վարկային ու ապահովագրական կազմակերպությունների, քանի որ վերջիններիս հայցերով դատական գործերը կազմում են քաղաքացիական գործերի բացարձակ մեծամասնությունը և դատական ծանրաբեռնվածության հիմնական պատճառն են: Այստեղ կարևոր է արտոնագրված հաշտարարին ու հաշտարարությունը չշփոթել ֆինանսական համակարգի հաշտարարի հետ, քանի որ հաշտարարությունը չի ենթադրում հաշտարարի կողմից որևէ որոշման կայացում կամ պարտադրում կողմերին, մինչդեռ ֆինանսական համակարգի հաշտարարը փաստացի կատարում է արբիտրի դեր և կայացնում է պարտադիր որոշումներ: Այս համատեքսում, կարծում եմ, որ հաշտարարության գործընթացի հեշտացումը տեխնիկական լուծումներով, ներառյալ՝ առցանց եղանակով դրա իրականացումը միայն դրական արդյունքներ կտա: Այն որևէ ռիսկեր չի պարունակում, քանի որ հաշտարարության գործընթացը կարգավորվում է բացառապես կողմերի համաձայնությամբ, որն արձանագրվում է գրավոր հաշտությամբ:

Հաշտարարի գործունեության և ընդհանուր առմամբ այս ոլորտում ի՞նչ բացեր կան, որոնք կարգավորման անհրաժեշտություն ունեն, բայց ռազմավարության մեջ ընդգրկված չեն։

-Ըստ էության բոլոր հիմնական խնդիրները արձանագրվել են և պետք է փաստել, որ այս ոլորտի զարգացման համար շատ արդյունավետ աշխատանք է կատարվել թե արդարադատության նախարարության, թե միջազգային գործընկերների՝ հատկապես Եվրոպայի խորհրդի և Եվրոմիության ջանքերով, որոնց կողմից ներգրավված փորձագետները մանրամասն տեղյակ են ոլորտից: Ես ինքս բազմաթիվ առաջարկներ եմ ներկայացրել օրենքի փոփոխության նախագծում, որոնց մեծ մասը ընդունվել է: Մնում է սպասել ռազմավարությամբ և օրենքի փոփոխությամբ սահմանված գործողությունների իրականացմանը: Պակաս կարևոր չէ հաշտարարների ինքնակառավարվող կազմակերպության դերը, որը ձևավորվել է դեռևս 2015 թվականին, բայց մի շարք կազմակերպչական և ակտիվ հաշտարարների պակասի հետևանքով կազմակերպությունը չի կարողանում ակտիվ գործել և նպաստել հաշտարարության զարգացմանը: Օրենքի վերջին նախագծով նաև կարգավորվել են այս կազմակերպչական հարցերը, որոնք նոր հաշտարարների ներգրավումից հետո կարող են հանգեցնել հաշտարարների ինքնակառավորվող կազմակերպության ակտիվացմանը: Ընդ որում, քչերը գիտեն, որ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ անցած տարի գործարկվեց կազմակերպության կայքը, որը ևս կնպաստի հաշտարարության մասին տեղեկացվածության բարձրացմանը:

Թեպետ օրենքը դեռևս չի ներկայացվել, չի ընդունվել, արդյո՞ք բավարար եք գնահատում ոլորտում կատարվող փոփոխությունները։

-Դժվար է գնահատել այս պահին փոփոխությունները, քանի որ դեռևս կատարվել են նախապատրաստական աշխատանքներ՝ մշակվել են ծրագրեր, օրենքի փոփոխության նախագիծ, իսկ փոփոխություններին կարող ենք գնահատական տալ դրանց իրականացումից հետո: Սակայն փաստ է, որ 2015 թվականին ներդրված և մոռացության մատնված հաշտարարությանը վերջապես պաշտաճ ուշադրություն է դարձվում, ինչը բնականաբար կարող է և պետք է հանգեցնի ոլորտի զարգացմանը, իսկ որպես արդյունք՝ դատարանների բեռնաթափմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել