Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ սնանկության ոլորտում մի շարք փոփոխություններ են նախատեսված, այդ թվում՝ «Սնանկության մասին» օրենքում։ Նախատեսված է նաև վերանայել սնանկության կառավարչին ներկայացվող պահանջները և նշանակման կարգը:
Թեմայի վերաբերյալ Իրավաբան.net-ը զրուցել է սնանկության կառավարիչ Արտակ Մարտիրոսյանի հետ:
–Պարոն Մարտիրոսյան, բարեփոխումների ծրագրում նշվում է, որ անհրաժեշտ է մշակել և ներդնել կառավարիչների մասնագիտական ուսուցման կրթական ծրագրեր և կազմակերպել թեկնածուների ուսուցումը՝ նախքան որակավորում անցնելը: Որքանո՞վ այժմ կա սրա անհրաժեշտությունը, սա կբարձրացնի՞ կառավարիչների մասնագիտական հմտությունները։
-Միանշանակ ողջունելի են կրթական ծրագրերի ներդրումը ցանկացած բնագավառում: Սակայն ես առաջարկում եմ չբավարարվել միայն մինչև որակավորում ստանալը կրթական ծրագրերի իրականացմամբ, այլ դրանք պետք է կրեն շարունական բնույթ նաև արդեն որակավորված կառավարիչների համար: Նաև խիստ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել կրթող մասնագետների որակներին, փորձին, գիտելիքներին նույնպես, որպեսզի միայն ժամաքանակ լրացնելու ձևական պահանջը չբավարարվի, այլև բովանդակային իմաստով կազմակերպված դասընթացները դրական ազդեցություն ունենան կառավարիչների գիտելիքների և հմտությունների բարելավմանը: Ի նկատի ունեմ նաև փորձառու կառավարիչների ներգրավածությունը կրթական գործընթացներում՝ առավելապես պրակտիկ վարույթների ընթացքում հանդիպած խոչընդոտների և դրանց արդյունավետ հաղթահարման մոտեցումների և գործիքակազմի փոխանցման նպատակով, ինչը հաստատ ոչ մի տեսական գրականությունում չենք հանդիպի:
Կառաջարկեմ նաև, կրթական ծրագրերում ընդգրկել, ոչ միայն նեղ մասնագիտական դասընթացներ, այլ նաև ընդհանուր թեմաներ, օրինակ՝ հոգեբանություն, կոնֆլիկտների կառավարում և այլն, որոնք հաճախ առավել շատ են անհրաժեշտ լինում սնանկության գործով կառավարիչներին, քան նեղ մասնագիտական գիտելիքները:
–Այսօր կառավարիչների վարձատրությունը շատ տարբեր է՝ գործերի քանակով պայմանավորված: Այս խնդիրը լուծելու համար առաջարկվում է նաև վերանայել սնանկության կառավարիչների նշանակման համակարգը և ներդնել կառավարիչների ընտրության նոր համակարգչային ծրագիր, որը կառավարչի ընտրության հարցում պետք է հաշվի առնի մի շարք գործոններ, ինչպես օրինակ՝ գործերի բարդությունը, մասնագիտական հմտություններն ու մասնագիտական տարածքը: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք նման ծրագրի ներդնումը կնպաստի կառավարիչների միջև սնանկության գործերի առավել ճիշտ, միգուցե՝ արդարացի բաշխմանը:
-Կառավարիչների վարձատրության սանդղակը սահմանված է «Սնանկության մասին» օրենքով և ուղղակիորեն կապված է պահանջների մարման ծավալների հետ, իսկ այն վարույթներով, որոնցով հնարավոր չէ իրականացնել պահանջի մարում՝ կառավարիչները ստիպված են բավարարվել նվազագույն աշխատավարձով՝ անկախ վարույթի ընթացքում սեփական գրպանից կատարված վարչական ծախսերից և աշխատանքի ծավալներից: Ի դեպ վարձատրության չափերը և մոտեցումներն արդարացիորեն նույն են բոլոր կառավարիչների համար:
Այժմ էլ գործում է կառավարիչների ընտրության համակարգ, ինչը կազմակերպվում և վերահսկվում է ՀՀ արդարադատության նախարարության կողմից, սակայն հիմքում դրված է կառավարիչների կողմից վարվող գործերի բացառապես քանակային ցուցանիշը և տարածքը, որտեղ ցանկություն է հայտնել գործունեություն ծավալել կառավարիչը՝ ըստ մարզերի: Ես միանշանակ համաձայն եմ, որ կառավարիչների ընտրության հարցում խիստ անհրաժեշտ է հաշվի առնել կառավարչի գիտելիքները, փորձը, ասեմ ավելին` նաև մասնագիտական որակավորումները, անձնական որակները՝ հատկապես ազնվությունն ու անաչառությունը, բանակցելու հմտությունները, ինչու չէ, նաև նախորդ վարույթներով արձանագրված ձեռքբերումներն ու ձախողումները:
Ուստի կարծում եմ, որ պետք է նաև թե՛ պարտատերերին, թե՛ պարտապաններին հնարավորություն տալ առաջադրելու իրենց կողմից նախընտրած սնանկության գործով կառավարչի թեկնածությունը, հատկապես, երբ օրենքով հստակ սահմանված են հնարավոր շահերի բախումներով պայմանավորված բացառությունները: Հակառակ դեպքում նույնն է, թե հիվանդին չթողնենք վիրահատվի իր իսկ նախընտրած, իր համար վստահելի վիրաբույժի մոտ, քանի որ մյուս վիրաբույժները բավարար ծանրաբեռնվածություն չունեն և արհեստական մեխանիզմներով պետք է լրացնենք վերջիններիս զբաղվածությունը:
Իհարկե, զուգահեռ անհարժեշտ է ունենալ կառավարիչների ընտրության համակարգ, այն վարույթներով, որոնց դեպքում դիմողի կողմից չեն առաջադրվել կառավարչի թեկնածություններ: Սակայն կդժվարանամ առաջարկել կառավարիչների ընտրության մի այնպիսի մեխանիզմ, որը հնարավորություն կտա համադրել իմ կողմից վերևում նշված պահանջները և մասնագիտական հմտությունները՝ տվյալ սնանկության գործով կառավարչի ընտրության հարցում: Սակայն վստահ եմ, ինչ համակարգ էլ, որ ներդրվի, հիմքում պետք է ունենանք սնանկության վարույթների արդարացի բաշխման սկզբունքը, իսկ որդեգրած սկզբունքի դեպքում, ընթացիկ թերությունները առավել արդյունավետ ձևով հնարավոր կլինի շտկել: Արդարացի բաշխում ասելով՝ ես բնավ ինկատի չունեմ, որ տարեկան ամփոփ միջին արդյունքներով բոլոր գործող կառավարիչները պետք է ստացած լինել նույն վարձատրությունը:
–Ռազմավարությամբ առաջարկվում է փոփոխություններ կատարել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում՝ ավելացնելով սնանկության դատարանի դատավորների թիվը: Ըստ Ձեզ, սա կնպաստի՞ գործերի քննության ժամկետների կրճատմանը։ Ձեր մասնակցությամբ դատական նիստերն ի՞նչ պարբերականությամբ են նշանակվում։
-Կարծում եմ այս հարցի հասցեատերն առավելապես ՀՀ սնանկության դատարանն է, քանի որ իրենք են տիրապետում առկա և հնարավոր ծավալներին ընդհանրապես: Իսկ ինչ վերաբերվում է ինձ մոտ առկա վարույթներին, ես նմանատիպ խնդիրների չեմ բախվել: Սակայն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սնանկությունը մեր հասարակության լայն շրջանակներում ընդունված է որպես պարտքերից խուսափելու, ժողովրդական լեզվով ասված՝ ջրից չոր դուրս գալու միջոց, ուստի ենթադրում եմ, որ կամ պետք է դատավորների քանակը ավելացնել, կամ պետք է արդյունավետ մեխանիզմներ ներդնել, նմանատիպ երևույթները կանխելու նպատակով:
Իմ մասնակցությամբ դատական նիստերը նշանակվում են ըստ անհրաժեշտության: Սակայն վարույթները երբեմն կարող են անհարկի ծանրաբեռնվել դատական նիստերով, երբ պարտապանի կամ պարտատիրոջ ներկայացուցիչները որոշում են անհասկանալի և անբացատրելի առարկություններ ներկայացնել, ինչի արդյուքնում դատավորները ստիպված են լինում նիստեր հրավիրել, սակայն, ցավոք վերջում ակնհայտ է դառնում, որ նշված գործողություններով, պարտապանի կամ պարտատիրոջ ներկայացուցիչները փորձում են աշխատանքային ծավալ ցույց տալ իրենց պատվիրատուներին:
–Պարոն Մարտիրոսյան, նշվում է, որ սնանկության դատարանի արդյունավետության բարձրացման գործում իր դրական ազդեցությունը կունենա նաև էլեկտրոնային սնանկության համակարգի ներդնումը և փաստաթղթաշրջանառության իրականացումը՝ էլեկտրոնային եղանակով: Այս կարգավորումը պրակտիկայում արդյունավետ կլինի, ի՞նչ հնարավոր խնդիրներ կամ դժվարություններ կարող են առաջ գալ:
-Ցանկացած դեպքում, անձնական միջամտությունները հնարավորինս նվազեցնելը, վստահ եմ, լրացուցիչ վստահության հնարավորություն է համակարգի նկատմամբ: Դա է վկայում նաև, պետական գնումների էլեկտրոնային համակարգի ներդրումը մեր երկրում: Դժվարությունները, կարծում եմ, կլինեն, եթե բացառապես էլեկտրոնային համակարգով կազմակերպենք գործընթացը: Առավել պատկերավոր ներկայացնելու համար ասելիքս, կրկին դիմեմ բժիշկների օգնությանը, այսինքն՝ հիվանդի գանգատները լսելու հնարավորություն պետք է տանք բժշկին, հակառակ դեպքում բացառապես հետազոտության արդյունքներով, հնարավոր չի լինի արդյունավետ բուժում կազմակերպել:
Սակայն կարծում եմ՝ պետք է հստակ սահմանել համակարգից օգտվողների հնարավոր տեղեկատվության ծավալների հասանելիությունը, իսկ առավել կատարյալ կլինի՝ ունենալ նաև ծանուցումների էլեկտրոնային համակարգ, ինչի հաջողված փորձն արդեն ունենք մեր երկրում՝ մասնավորապես ԱՊՊԱ համակարգի դեպքում: Արդյունքում կնվազեն նաև փոստային ծառայության ծախսերը, ինչը վերջում, վարչական ծախսերի տեսքով, փոխհատուցվում է պարտապանի միջոցների հաշվին:
Կարծում եմ, վաղուց անհրաժեշտ է ունենալ պետական կառույցների կողմից ներկայացված հարցումների պատասխանները պարտապանի անվամբ սեփականության առկայության վերաբերյալ՝ մեկ հարթակում, հակառակ դեպքում ավելորդ ծանրաբեռնում ենք պետական կառույցներին, երբ ստիպված են լինում տվյալ վարույթի շրջանակում թե՛ դատարանին, թե կառավարչին, առանձին դեպքերում նաև կողմերին տրամադրել նույն հարցման պատասխանը: Նաև շատ եմ կարևորում էլեկտրոնային եղանակով աճուրդների կազմակերպումը, ինչը կարծես թե, սույն թվականի ապրիլի 1-ից արդեն գործարկվելու է:
–Ռազմավարության շրջանակում նախատեսվում է նաև «Սնանկության օրենսգրքի» նախագծի մշակում, որով սահմանվում է, որ օրինակ՝ անհրաժեշտ է կրճատել սնանկության վարույթի ժամկետները: Ինչպե՞ս եք սա պատկերացնում: Պրակտիկայում որքա՞ն է հնարավոր կրճատել այդ ժամկետը և ի՞նչ եղանակներ կան ժամկետները կրճատելու և սպասված արդյունքի հասնելու համար:
-Կարծում եմ հնարավոր է կրճատել այն գործերի ժամկետները, որոնց դեպքում պարտապանի անունով որևէ գույք չի հայտնաբերվել: Տվյալ դեպքում անհարժեշտ է օրենքով սահմանել պարզ ընթացակարգ, բոլոր կողմերին էլեկտրոնային տարբերակով արագ հասանելի դարձնել հարցման արդյունքները և ակտիվների բացակայության հիմքով ավարտել գործընթացը:
Եթե պարտապանի անունով սեփականություն առկա չէ, նախորդող տարիներին էլ գրանցված չեն եղել կասկածելի օտարման գործարքներ, ապա վարույթի ժամկետն ինչքան ուզում է երկարի, միևնույնն է արդյունքը նույնն է՝ չբավավարված պահանջներ:
Կարծում եմ՝ նման դեպքերում բոլոր կողմերի շահերից է բխում պարզ ընթացակարգով նմանատիպ գործերի արագ ավարտը:
–Պարոն Մարտիրոսյան, ինչպե՞ս կգնահատեք սնանկության համակարգի վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակը։ Եթե իրազեկվածության մակարդակը ցածր է, ապա ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն այդ ուղղությամբ։
-Իրազեկվածության մակարդակը կարծում եմ բավականին բարձր է, սակայն մենք ունենում ենք խնդիրներ իրազեկվածության որակի հետ կապված: Օրինակ վարույթումս առկա էր կամավոր սնանկության գործ, երբ պարտապանին վերջինիս ներկայացուցիչը բավարար չէր իրազեկել գործընթացին, իսկ վերջինս սեփականության իրավունքով գույքերի առկայությամբ դիմել էր կամավոր սնանկության և խիստ զարմացած էր, որ ի վերջո իրեն պատկանող գույքերի վաճառքի արդյունքում մասնակի բավարարավեցին պարտատերերի պահանջները: Հատկապես կարևոր է որակյալ և գրագետ տեղեկության տրամադրումը, որպեսզի նմանատիպ խնդիրներից խուսափենք, հակառակ դեպքում, ցանկացած վարկային պարտավորություն ունեցող անձի, երբեմն կամավոր սնանկության վարույթներով զբաղվող փաստաբանները դիտարկում են որպես պոտենցյալ հաճախորդների և արդյունքում ունենում ենք այն, ինչ ունենում ենք:
–Ոլորտում ի՞նչ խնդիր եք Դուք տեսնում, որ միգուցե ներառված չեն դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մեջ, բայց Դուք առաջնահերթ եք համարում։
-Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է ներդնել և զարգացնել, ֆինանսական առողջացման համակարգը, հատկապես պետության շահերից է բխում սնանկության վտանգի ինստիտուտի կայացումը նույնպես: Սա թերևս գործող օրենսդրությամբ նախատեսված է, սակայն, բազմաթիվ խնդիրներով պայմանավորված, պրակտիկ կիրառում չի ունենում:
Իմ կողմից նշված համակարգերի գործարկումը վստահաբար նպաստելու է նաև մեր երկրի տնտեսության զարգացմանը, ֆինանսական կայունությանը և ի վերջո նաև սնանկության վարույթների կրճատմանը, ինչը նույնպես դրական ցուցանիշ է մեր երկրի համար:
Ինչպես նաև չափազանց կարևորում եմ գիտական հենքով սնանկության ոլորտի խնդիրների ներկայացումը, ուսումնասիրությունները և լուծումների տրամադրումը: Այսինքն անհրաժեշտ եմ համարում խրախուսել ոլորտի մասնագետներին որպեսզի հրապարակեն գիտական հոդվածներ, ղեկավարեն մագիստրոսական թեզեր, պաշտպանեն ատենախոսություններ և իրենց կուտակած փորձն ու գիտելիքները տրամադրեն նաև գիտությանը, ինչի արդյունքում կունենանք առավել որակյալ և շարունական սերնդափոխություն, ինչի կարիքը վստահաբար մեր երկիրը շատ ունի: