Սնանկ ճանաչված անձանց համար պետք է որոշակի բացասական իրավական հետևանքներ սահմանվեն՝ հետագա գործունեության հետ կապված․ սնանկության կառավարիչ

Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ սնանկության ոլորտում մի շարք փոփոխություններ են նախատեսված, այդ թվում՝ «Սնանկության մասին» օրենքում։ Նախատեսված է նաև վերանայել սնանկության կառավարչին ներկայացվող պահանջները և նշանակման կարգը:

Թեմայի վերաբերյալ Իրավաբան.net-ը զրուցել է սնանկության կառավարիչ Մարիամ Ղուլյանի հետ:

Բարեփոխումների ծրագրում նշվում է, որ անհրաժեշտ է մշակել և ներդնել կառավարիչների մասնագիտական ուսուցման կրթական ծրագրեր և կազմակերպել թեկնածուների ուսուցումը՝ նախքան որակավորում անցնելը: Տիկին Ղուլյան, որքանո՞վ այժմ կա սրա անհրաժեշտությունը, սա կբարձրացնի՞ կառավարիչների մասնագիտական հմտությունները։

-Ցանկացած գործընթաց, որը միտված է խորացնելու կառավարիչների գիտելիքները, հմտությունները, միանշանակ դրական ազդեցություն կունենա: Իմ գնահատմամբ կառավարիչների աշխատանքին առաջին հերթին խոչընդոտում է այն, որ սնանկության վարույթի ընթացքի բազմաթիվ հարցեր չունեն օրենսդրական կարգավորում: Թե ընթացակարգային, թե բովանդակային բազմաթիվ էական հարցեր կան, որոնց կարգավորումը տրված է իրավակիրառ պրակտիկայում՝ դատական ակտերով, իրավիճակային լուծումներով: Սա բացառելու համար պետք է հնարավորինս մանրամասն կարգավորում տալ բոլոր հարցերին:

Ընդ որում` քիչ չեն իրավիճակները, երբ նույն խնդրի վերաբերյալ առկա են իրարամերժ դատական ակտեր: Օրինակ, երկու վարույթների առկայության դեպքում, որոնցով նույն գույքը հանդիսանում է գրավի առարկա, որ վարույթի շրջանակներում պետք է այն իրացնել, կամ ինչ կարգով պետք է ընդգրկվի երաշխավորի գույքը հիմնական պարտապանի սնանկության վարույթի շրջանակներում, երաշխավորին սնանկ ճանաչելու հարցի վերաբերյալ և նմանատիպ բազմաթիվ հարցեր:

-Այսօր կառավարիչների վարձատրությունը շատ տարբեր է՝ գործերի քանակով պայմանավորված: Այս խնդիրը լուծելու համար առաջարկվում է նաև վերանայել սնանկության կառավարիչների նշանակման համակարգը և ներդնել կառավարիչների ընտրության նոր համակարգչային ծրագիր, որը կառավարչի ընտրության հարցում պետք է հաշվի առնի մի շարք գործոններ, ինչպես օրինակ՝ գործերի բարդությունը, մասնագիտական հմտություններն ու մասնագիտական տարածքը: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք նման ծրագրի ներդնումը կնպաստի կառավարիչների միջև սնանկության գործերի առավել ճիշտ, միգուցե՝ արդարացի բաշխմանը:

-Բնականաբար համակարգչային եղանակով կառավարիչների ընտրությունը և կոնկրետ գործով նրանց նշանակումը ունի կարևոր, առանցքային նշանակություն այս կապակցությամբ առկա ռիսկերը նվազեցնելու հարցում։ Սա կնպաստի նաև այս ինստիտուտի հեղինակության բարձրացմանը։ Դժվար է պատկերացնել համակարգչային ծրագրի կողմից գործի բարդությունը, կառավարչի մասնագիտական հմտությունների գնահատումը և ըստ այդմ կոնկրետ կառավարչի նշանակումը, սակայն եթե տեխնիկական տեաանկյունից նման հնարավորություն առկա է և այդ ընտրության հիմքում կլինեն օբյեկտիվ չափանիշներ ապա դա ևս դրական եմ գնահատում։

Ռազմավարությամբ առաջարկվում է փոփոխություններ կատարել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում՝ ավելացնելով սնանկության դատարանի դատավորների թիվը: Ըստ Ձեզ, սա կնպաստի՞ գործերի քննության ժամկետների կրճատմանը։ Ձեր մասնակցությամբ դատական նիստերն ի՞նչ պարբերականությամբ են նշանակվում։

-Կարծում եմ՝ սնանկության գործեր քննող դատավորների թվի ավելացումը միանշանակ կնպաստի սնանկության գործերի քննության ժամկետների կրճատմանը, քանի որ իրականում դատավորների ծանրաբեռնվածությունը իսկապես մեծ է:

Սնանկության վարույթում որոշումների կայացման ժամկետները բավականին սեղմ են, և եթե այդ ժամկետները դատարանների կողմից պահպանվեն, դա մեծապես կնպաստի գործերի քննության ժամկետների կրճատմանը: Սակայն սնանկության վարույթներում կա ևս մեկ կարևոր գործոն, որն էապես ազդում է ժամկետների վրա. դա կողմերի ծանուցումների, դատավարական փաստաթղթերի հանձնման ապահովման խնդիրն է: Ժամկետների ողջամտության պահանջի խախտումներ լինում են հիմնականում այն գործերով, որոնցով պարտապանին ծանուցման խնդիր է առաջանում: Իսկ այս առումով խիստ կարևոր է փոստային ծառայության, հարկադիր կատարման ծառայության աշխատանքը:

Նշվում է, որ սնանկության դատարանի արդյունավետության բարձրացման գործում իր դրական ազդեցությունը կունենա նաև էլեկտրոնային սնանկության համակարգի ներդնումը և փաստաթղթաշրջանառության իրականացումը՝ էլեկտրոնային եղանակով: Այս կարգավորումը պրակտիկայում արդյունավետ կլինի, ի՞նչ հնարավոր խնդիրներ կամ դժվարություններ կարող են առաջ գալ:

-Էլեկտրոնային համակարգերի ներդրումը և էլեկտրոնային եղանակով փաստաթղթաշրջանառության կազմակերպումը ժամանակի հրամայական է: Բնականաբար, դրա ներդրմամբ կկրճատվեն թե՛ ծախսերը, թե՛ ժամանակի գործոնը: Սակայն, այստեղ կա էական մի հանգամանք. տարբեր հարցումները ցույց են տվել, որ Հայաստանում էլեկտրոնային ռեսուրսներից օգտվողների տոկոսը դեռևս բավական ցածր է: Ընդ որում, եթե իրավաբանական անձինք որոշակի առումով տեղեկացված են էլեկտրոնային ռեսուրսներից, կիրառվող էլեկտրոնային գործիքներից, ֆիզիկական անձանց պարագայում  իրազեկվածության ցուցանիշը շատ ցածր է:

Այսինքն, տեսականորեն իհարկե, էլեկտրոնային համակարգի ներդրումը խիստ դրական է, այն միանշանակ արդյունավետորեն կկիրառվի կառավարիչների, փաստաբանների կողմից, սակայն ընդհանրական կիրառում ստանալու նպատակով պետք է իրականացվեն իրազեկման կոնկրետ միջոցառումներ, այն պետք է մշակվի այնպես, որ դրա կիրառմամբ չխախտվեն անձանց իրավունքներն ու օրինական շահերը:

-Տիկին Ղուլյան, ռազմավարության շրջանակում նախատեսվում է նաև «Սնանկության օրենսգրքի» նախագծի մշակում, որով սահմանվում է, որ օրինակ՝ անհրաժեշտ է կրճատել սնանկության վարույթի ժամկետները: Ինչպե՞ս եք սա պատկերացնում: Պրակտիկայում որքա՞ն է հնարավոր կրճատել այդ ժամկետը և ի՞նչ եղանակներ կան ժամկետները կրճատելու և սպասված արդյունքի հասնելու համար:

-Կարծում եմ՝ գործող օրենսդրությամբ սահմանված ժամկետները ողջամիտ են: Պետք է ապահովել, որ օրենքով սահմանված ժամկետները պահպանվեն: Օրենքով սնանկության դատավարական ժամկետների կրճատումը պետք է տեղի ունենա սնանկության դատավորների թիվն ավելացնելուն զուգահեռ, քանզի մեծամասամբ գոյություն ունեցող ժամկետները խախտվում են նաև դատավորների ծանրաբեռնվածության պատճառով։ Բնականաբար դատավորների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու պայմաններում միայն կարելի է օրենքով վերջիններիս վրա դնել գործերը առավել կարճ ժամկետում քննելու պարտականություն։

-Ինչպե՞ս կգնահատեք սնանկության համակարգի վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակը։ Եթե իրազեկվածության մակարդակը ցածր է, ապա ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն այդ ուղղությամբ։

-Իրազեկվածության մակարդակը բավականին ցածր է: Հիմնականում սնանկությունը ընկալվում է որպես պարտավորությունների կատարումից խուսափելու միջոց: Կարծում եմ՝ ժամանակն է, որպեսզի սնանկ ճանաչված անձանց համար սահմանափակումների տեսքով որոշակի բացասական իրավական հետևանքներ սահմանվի՝ կապված նրանց հետագա գործունեության հետ, որպեսզի հնարավոր լինի բացառել անբարեխիղճ պարտապանների կողմից սնանկության վարույթը զուտ որպես պարտավորությունների կատարումից խուսափելու գործիք դիտարկելուց։ Իրականում սնանկության վարույթի շրջանակներում պետք է շեշտը դնել անձի ֆինանսական վիճակի, ձեռնարկատիրական հնարավորությունների վերականգնման, այլ կերպ ասած՝ առողջացման վրա:

Այսինքն, այն դեպքերում, երբ հնարավոր է, սնանկության վարույթի շրջանակներում գործող կարգավորումների հիման վրա պատշաճ կառավարման պայմաններում պետք է ապահովել ֆինանսական առողջացումը և բիզնես գործունեության վերականգնումը:

Ոլորտում ի՞նչ խնդիր եք Դուք տեսնում, որ միգուցե ներառված չեն դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մեջ, բայց Դուք առաջնահերթ եք համարում։

-Պետք է խնդիր դնել՝ պարտատերերի իրավունքների պաշտպանությունը առավել արդյունավետ կազմակերպել: Եթե սնանկության վարույթում է գործը, արդեն պարզ է, որ պարտատերերի պահանջները, որպես կանոն, ամբողջական բավարարում չեն ստանալու: Ստացվում է մի իրավիճակ, երբ անձը ստանձնում է պարտավորություններ, որից հետո հենց ինքն է շահագրգռված սնանկության դիմելուն, քանի որ սնանկության վարույթում ունի բավականին գործիքներ՝ վարույթի տևողությունը հնարավորինս երկարաձգելու առումով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել