Օդը աղտոտելու համար նախատեսված է քրեական պատիժ, ընդհուպ մինչև ազատազրկում

Քրեական օրենսգրքի 289 հոդվածը սահմանում է մթնոլորտային օդը աղտոտելու համար նախատեսված պատիժները:

Հոդվածում նշվում է՝

1. Սահմանված նորմատիվների գերազանցմամբ արտանետումներով կամ սարքավորումների, կառույցների կամ այլ օբյեկտների շահագործման կանոնները խախտելու հետևանքով օդն աղտոտելը կամ դրա բնական հատկություններն այլ ձևով փոփոխելը, եթե այդ արարքները դիտավորությամբ կամ անզգուշությամբ էական վնաս են պատճառել գյուղատնտեսական հանդակներին, շինություններին, մշակութային արժեքներին, կենդանական և բուսական աշխարհին, հողերին կամ ջրերին՝ պատժվում է տուգանքով՝ 500.000-700.000 դրամի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 5 տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք անզգուշությամբ վնաս են պատճառել մարդու առողջությանը՝ պատժվում են տուգանքով՝ 600․000-1․000․000 դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:

3. Առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ՝ պատժվում են ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել