Գործուն զղջալու հիմքով ազատում․ ովքե՞ր և ի՞նչ պայմաններում կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից

ՀՀ Քրեական օրենսգիրքը նախատեսում է դեպքեր, երբ անձը, առաջին անգամ հանցանք կատարելով, կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից։

Ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքների դեպքում

Եթե անձը կատարել է ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք և

  • համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ,
  • չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը,
  • վնաս պատճառելու դեպքում այն հատուցել կամ այլ կերպ հարթել է,

նա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից։

Ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների դեպքում

Նույն հնարավորությունը կարող է կիրառվել նաև ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի դեպքում, սակայն միայն բացառիկ հանգամանքների առկայության դեպքում։
Այդպիսիք կարող են լինել․

  • մեղմացնող հանգամանքներ կամ դրանց համակցություն,
  • անձի դերը հանցանքի կատարման մեջ,
  • նրա վարքագիծը հանցանքի ընթացքում կամ դրանից հետո։

Նաև այս դեպքում պահանջվում է, որ անձը

  • համագործակցի իրավապահ մարմինների հետ,
  • չվիճարկի իրեն մեղսագրվող արարքը,
  • հատուցի կամ հարթի պատճառված վնասը։

Սահմանափակումներ

Ազատման հիմքը չի կարող կիրառվել

  • մի շարք հանցագործությունների դեպքում (քրեական օրենսգրքի 133-154-րդ, 188-րդ հոդվածներով, 196-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ, 419-րդ, 420-րդ, 425-րդ հոդվածներով, 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 450-րդ, 522-րդ, 523-րդ հոդվածներով, 549-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 550-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված հանցանքներ),
  • այն դեպքերում, երբ հանցանքի համար նախատեսված է ցմահ ազատազրկում,
  • եթե հանցագործությունը կատարվել է անչափահասի (մինչև 14 տարեկան) կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի նկատմամբ։

Կրկնակի ազատում հնարավոր չէ

Եթե անձը արդեն մեկ անգամ օգտվել է այս հիմքից և ազատվել է պատասխանատվությունից, երկրորդ անգամ նույն հիմքով ազատվել չի կարող։

Ի՞նչ է կարևոր հիշել

  • Օրենսդրությունը հնարավորություն է տալիս առաջին անգամ սխալ կատարած անձին ստանալ «երկրորդ հնարավորություն», եթե նա ընդունում է իր մեղքը և հատուցում վնասը։
  • Սակայն կան ծանր հանցագործություններ, որոնց դեպքում այս արտոնությունը չի գործում։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել