Ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) ՀՀ պետական բյուջեի հիմնական եկամուտներից է և կիրառվում է տարբեր գործարքների ու ծառայությունների նկատմամբ։ ՀՀ Հարկային օրենսգրքի 63-րդ հոդվածը սահմանում է ԱԱՀ-ի կիրառվող դրույքաչափերը։
Ի՞նչ դրույքաչափեր են սահմանված
- 20% դրույքաչափ – ԱԱՀ-ի հիմնական չափը կիրառվում է այն գործարքների և գործառնությունների նկատմամբ, որոնք համարվում են հարկման օբյեկտ (հոդված 60)։
- 16.67% հաշվարկային դրույքաչափ – Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման դիմաց ԱԱՀ-ի գումարը ներառող հատուցման գումարի մեջ ԱԱՀ-ի գումարը որոշվում է 16.67 տոկոս դրույքաչափի հաշվարկային մեծությամբ, եթե՝
- կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, Օրենսգրքի պահանջների խախտմամբ, իրեն չի համարել ԱԱՀ վճարող.
- ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հարկման ենթակա՝ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների գծով դուրս գրված հաշվարկային փաստաթղթում առանձին տողով չի նշել ԱԱՀ-ի դրույքաչափն ու գումարը.
- ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հարկման ենթակա՝ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների գծով հաշվարկային փաստաթուղթ դուրս չի գրել.
- ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների և (կամ) գործառնությունների գծով միայն ՀԴՄ կտրոն է տրամադրել գնորդին:
- 0% դրույքաչափ – կիրառվում է հատուկ դեպքերում, որոնք նախատեսված են Հարկային օրենսգրքի 65-րդ հոդվածով
Ի՞նչ է սա նշանակում հարկ վճարողների համար
- ԱԱՀ-ի հիմնական դրույքաչափը 20% է, և այն պարտադիր պետք է նշվի հաշվարկային փաստաթղթերում։
- Սխալ փաստաթղթավորման դեպքում հարկային մարմինները կարող են ԱԱՀ-ն հաշվարկել այլ ձևով՝ կիրառելով 16.67% դրույքաչափ։
- Որոշ գործարքների նկատմամբ հնարավոր է կիրառել 0% դրույքաչափ՝ օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։