Ընտանեկան և կենցաղային բռնություն․ տուժածների պաշտպանության մեխանիզմներ, կանխարգելման միջոցառումներ և ՆԳ նախարարության դերը ընտանեկան բռնության դեմ պայքարում

Ընտանեկան և կենցաղային բռնությունը շարունակում է մնալ լուրջ սոցիալական և իրավական խնդիր։ Տուժածների պաշտպանությունն ու կանխարգելիչ մեխանիզմների արդյունավետ կիրառումը ապահովելու համար ՀՀ Ներքին գործերի նախարարությանը վերապահվել են առանցքային լիազորություններ։ Դրանք ամրագրված են «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձան պաշտպանության  մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով։

 Ի՞նչ լիազորություններ ունի Ներքին գործերի նախարարությունը

  • Ոստիկանության ծառայողների վերապատրաստում – ապահովում է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում ոստիկանության իրավասու ծառայողների վերապատրաստումը, որի կարգը սահմանում է ներքին գործերի նախարարը.
  • Կանխարգելիչ հաշվառում – ընտանեկան բռնություն գործադրած անձինք վերցվում են հատուկ հաշվառման տակ։ Ոստիկանությունը պարտավոր է ամսական առնվազն մեկ հանդիպում ունենալ նրանց հետ՝ վերահսկելու և կանխելու կրկնվող բռնությունը։
  • Տուժածների իրազեկում և աջակցություն – ոստիկանություն դիմած անձինք ստանում են մանրամասն տեղեկատվություն իրենց իրավունքների և պաշտպանական միջոցների մասին։ Անհրաժեշտության դեպքում նրանք կարող են ուղղորդվել աջակցման կենտրոններ կամ ապաստարաններ։
  • Պարբերական վերապատրաստումներ – նախարարությունը պարբերաբար կազմակերպում է նոր դասընթացներ և ապահովում է, որ ոստիկանները մասնակցեն նաև այլ մարմինների կողմից կազմակերպվող վերապատրաստումներին։
  • Անհետաձգելի միջամտության որոշումներ – վտանգի անմիջական սպառնալիքի դեպքում կայացվում են անհետաձգելի միջամտության որոշումներ, և նախարարությունը հսկողություն է իրականացնում դրանց պատշաճ կատարման նկատմամբ։
  • Վտանգի գնահատման չափորոշիչների կիրառում – ոստիկանությունը պարտավոր է կիրառել հատուկ մշակված չափորոշիչներ, որոնք օգնում են ճիշտ գնահատել տուժածի անվտանգության աստիճանը։
  • Վիճակագրության տրամադրում – նախարարությունը պարտավոր է հավաքագրել և տրամադրել ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ վիճակագրական տվյալներ։

Ի՞նչ է սա նշանակում քաղաքացիների համար

  • Եթե որևէ անձ ենթարկվել է ընտանեկան բռնության, նա կարող է դիմել ոստիկանություն՝ ստանալու ինչպես պաշտպանական որոշում, այնպես էլ ուղեկցող աջակցություն։
  • Տուժածները պաշտպանված են ոչ միայն օրենքով, այլև գործնական մեխանիզմներով՝ ապաստարաններ, աջակցության կենտրոններ, մասնագիտական խորհրդատվություն։
  • Ոստիկանության ծառայողների պարտականությունն է կանխել նոր բռնության դեպքեր՝ հետևողական աշխատանքի միջոցով։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել