«Սուրբ Ծնունդ․ երբ լույսը մտավ մեր աշխարհ»․ Տեր Տիգրան քահանա Բադիրյանը՝ տոնի խորհրդի մասին

Սուրբ Ծննդյան բուն օրը համարվում է հունվարի 6-ը, բայց մենք նախորդ օրվանից՝ հունվարի 5-ից ունենում ենք ճրագալույց, որը նշանակում է ճրագները վառելու ժամանակը։ Այսինքն այդ պահից լույսը մտավ աշխարհ․ Քրիստոսն է այդ ճրագը, լույսը։ Այս մասին Իրավաբան․net-ի «Եկեղեցին և իրավունքը» շարքի շրջանակներում՝ խոսելով Սուրբ Ծննդյան տոնի մասին, նշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան եկեղեցական-ժողովական գրասենյակի պատասխանատու Տեր Տիգրան քահանա Բադիրյանը։

-Տեր Տիգրան, կպատմե՞ք, թե ինչպես Դուք անցաք ու ընտրեցիք հոգևոր կյանքը։

-Հոգևորական դառնալու մտադրությունը ավետարանական պատգամի մարմնացմամբ է իմ մոտ առաջ եկել՝ Մարկոսի ավետարանը ընթերցելիս և երջանկության փնտրտուքն ինձ բերել է եկեղեցի։ Որպես հետևանք ես ձեռնադրյալ հոգևորական եմ այժմ։ Հոգևոր կրթությունս ստացել եմ Գևորգյան հոգևոր ճեմարանում, այնուհետև, արդեն որպես սարկավագ, ոչ համալսարանական՝ կյանքի ուսումնառությունս շարունակել եմ ու մինչ օրս էլ փորձում եմ և՛ ավագ սերնդից, և՛ հավատացյալներից ու ավագ հոգևորականներից սովորել։

-Ի՞նչ գործունեություն եք այս պահին ծավալում, որպես հոգևորական ո՞րն է Ձեր գործառույթն այժմ։

-Ես ծառայում եմ Դիվանատան եկեղեցական-ժողովական գրասենյակում, որը զբաղվում է եկեղեցական ժողովների կազմակերպմամբ և դրանց որոշումների արձանագրմամբ և հետագայում այդ որոշումների հետ հետագայում կատարման հետ կապված զեկույցներ կազմելով։ Նորին սրբության տնօրինությամբ և օրհնությամբ այդ ժողովական գրասենյակի պատասխանատուն եմ արդեն 3 տարի։

-Խոսենք Սուրբ Ծննդի մասին։ Սուրբ Ծնունդը քրիստոնեության ամենակարևոր տոներից մեկն է մեզ համար, եթե ոչ՝ հենց ամենակարևորը։ Ի՞նչ խորհուրդ այն իր մեջ ունի։

-Եթե մի կողմ դնենք աստվածաբանական երկարաշունչ բացատրությունները՝ Սուրբ Ծննդյան խորհրդի, կարելի է ուղղակի մի մտքով ասել, որ Սուրբ Ծնունդն Աստծո ներկայության տոնն է մեր կյանքում, որովհետև այսօր մենք էլ շատ հաճախ լսում ենք Աստծո մասին, շատ հաճախ լսում ենք Հիսուս Քրիստոսի մասին, բայց մեր կյանքում մեծամասմաբ չենք զգում նրա ներկայությունը։ Այսինքն՝ Հիսուս Քրիստոսը ծնվեց մեկ անգամ ժամանակի մեջ ու կա հավիտենականության մեջ։ Ի տարբերություն քաղաքացիական տոների, որոնք պատմական որևէ փաստի հիշատակում են, եկեղեցին իր տաղավար տոներն ու առհասարակ տնօրինական տոները, որոնք կապված են Հիսուս Քրիստոսի և Աստծո տնօրինության հետ, ոչ թե հիշվում են որպես պատմական դեպք, այլ՝ ներկա իրողություն, ավետիսն ենք փոխանցում Քրիստոսի ծննդյան, որ Քրիստոս ծնվեց և հայտնվեց, մեզ և ձեզ մեծ ավետիս․ ցույց տալու, որ քանի դեռ եկեղեցին կա, մենք բոլորս փրկության հույսն ունենք։

-Ինչու՞ է այնպես ստացվել, որ ուղղափառ, կաթոլիկ, առաքելական եկեղեցիները տարբեր օրեր են նշում Սուրբ Ծնունդը, ո՞րն է սրա պատմությունը։

-Իրականում և՛ ավետարանական, և՛ պատմական մեկնաբանությունների խնդիր կա՝ Սուրբ Ծնունդը հունվարի 6-ին մեր կողմից նշելու և Արևմտյան ուղղափառ եկեղեցու ու կաթոլիկ եկեղեցու դեկտեմբերի 25-ին նշելու։ Նախևառաջ, մինչև երրորդ դար, բոլոր եկեղեցիները նշել են հունվարի 6-ին, այսինքն դեկտեմբերի 25-ի տեղափոխումը 3-րդ դարից հետո է տեղի ունեցել։ Պայմանավորված է ավետարանական այն հատվածի մեկնաբանության հետ, որ Զաքարիան, որպես քահանայապետ, ով Հովհաննես Մկրտչի հայրն էր, երբ լսեց որդի ունենալու ավետիսը՝ պապանձվեց և գիտենք, որ Հիսուս Քրիստոսն ու Հովհաննես Մկրտիչը 6 ամսվա տարբերություն ունեին ու ասվում է ՝ քավության տոնի օրը Զաքարիան խնկարկություն էր անում, որը 7-րդ ամսի 7-րդ օրն էր և դրանից հետո նոր հղիացավ Եղիսաբեթը՝ Հովհաննես Մկրտչի մայրը։ Երբ արդեն Եղիսաբեթը հղի էր և Մարիամ Աստվածածինը գնաց նրա մոտ ու Եղիսաբեթի որովայնում պտուղը շարժվեց, այսպես ասած ողջունեց տիրոջը, որ մտնում էր ու ճանաչեց նրան․ Եղիսաբեթը Մարիամ Աստվածածնին ասաց՝ օրհնյալ ես դու կանանց մեջ։ Այս հաշվարկների խնդիրը կա, որովեհտև նրանք հաշվում են, որ Քավության տոնից մինչ Հովհաննես Մկրտչի ծնունդն անցած ժամանակը դեկտեմբերի 25-ին է լրանում, իսկ եմր հաշվարկում, այն լրանում է հունվարի 6-ին։

Մի խնդիր էլ կա․ կաթոլիկ եկեղեցին հենց դեկտեմբերի 25-ին է նշում, այսինքն Գրիգորյան տոմարով, իսկ ուղղափառ եկեղեցին, թեև նշում է դեկտեմբերի 25-ին, բայց Հուլիանյան տոմարով և մեր՝ Գրիգորյան տոմարով այդ օրը Սուրբ Ծննդի տոնը հունվարի 7-ին է լինում։ Հուլիանյան և Գրիգորյան տոմարները 13 օր տարբերություն ունեն, իսկ ուղղափառ եկեղեցիները դեռևս շարունակում են շարժվել հուլիանյան տոմարով։

-Մենք գիտենք, որ Սուրբ Ծննդին նախորդում է պահոց շրջանը։ Մի փոքր մանրամասնենք այս մասին։ Քրիստոնյաներն ինչպե՞ս պետք է իրենց դրսևորեն, ի՞նչ վարքագիծ ունենան, ի՞նչ սնունդ ընդունեն, ինչպե՞ս պետք է պահպանվի ու ինչ ժամանակ է իր մեջ պարունակում պահոց շրջան, քանի՞ օր է այն տևում։

-Եկեղեցական օրացույցում տարվա կեսը՝ 156 օր պահոց շրջան է։ Մենք երեք մեծ պահքեր ունենք, որոնք համարյա 50 օր են հաշվվում․ սուրբ Հարությունից առաջ պահքը, Վերափոխման տոնից առաջ պահքը և Սուրբ Ծննդից առաջ պահքը։ Բայց հետագայում ամբողջությամբ, բոլոր պահոց օրերով, չտոնվող օրերով մնացել է միայն սուրբ Հարության պահքը, որը մեք Մեծ պահք ենք ասում կամ քառասնորդական պահք։ Մնացած հիսնական պահոց շրջանները բաժանվել են շաբաթապահքերի։ Սուրբ Ծննդյան պահքն էլ իր մեջ ունի երեք շաբաթապահք։ Այսինքն՝ երեք շաբաթ, հինգ օր, որոնք որ պահք են պահում։ Ընդհանրապես եկեղեցական ամբողջ խորհրդաբանությունը հիմնված է մի պարզ ճշմարտության վրա, որ մենք չենք հիշում ուղղակի պատմությունը՝ մենք ապրում ենք Հիսուս Քրիստոսի ներկայությամբ։ Մենք հավատում ենք կենդանի Աստծուն, ոչ թե մեկին, ով ժամանակին գործել է ու հիմա ոչ մի դեր չունի մեր կյանքում, այլ մեկին, ով հիմա էլ ներկա է մեր կյանքում և հիմա էլ մեր հետ կենդանի շփման մեջ է։

-Կասեք, թե ինչպե՞ս է նշվում, ինչպե՞ս է տոնվում Սուրբ Ծննդյան օրը, երբ է սկսվում տոնակատարությունը․ հունվարի 5-ի երեկոյան, թե հունվարի 6-ի առավոտյան։

-Սուրբ Ծննդի իրողությունը եղավ երեկոյան, ըստ պատումի, իսկ հովիվները, մոգերը, որ եկել էին, այդ ավետիսը ստացան արդեն հաոջրդ օրը։ Սուրբ Ծննդյան բուն օրը համարվում է հունվարի 6-ը, բայց մենք նախորդ օրվանից՝ հունվարի 5-ից ունենում ենք ճրագալույց, որը նշանակում է ճրագները վառելու ժամանակը։ Այսինքն այդ պահից լույսը մտավ աշխարհ․ Քրիստոսն է այդ ճրագը, լույսը, որ մտավ մեր աշխարհ ու լուսավորեց մեզ բոլորիս և արդեն քանի որ լույսը մտավ մեր աշխահ ու փեսան արդեն մեր հետ է ու մենք այդ փեսայի ներկայությամբ ավետիսն ենք տալիս բոլորին՝ ցնծալով մինչև հունվարի 6-ը։

Մի տարբերություն էլ կա մեր և կաթոլիկ, ուղղափառ եկեղեցիների մեջ, որ մենք Հիսուս Քրիստոսի ծնունդն ու մկրտությունը նույն օրն ենք նշում՝ հունվարի 6-ին, իսկ նրանք նշում են իրարից անջատ օրերի։

-Գիտենք նաև, որ այդ ժամանակահատվածում շատ հաճախ տնօրհնեքի կարգ է կատարվում։ Կխոսե՞ք նաև այդ մասին, թե ինչու է հենց այդ ժամանակահավտածը հատկապես ընտրված։

-Ըստ Մաշտոց ծիսամատյանի ընդհանրապես երկու տնօրհնեք կա՝ սուրբ Հարությունից և Սուրբ Ծննդից հետո։ Սրանք երկուսն էլ տիրոջ ներկայության ավետիսներն են, որ տրվում են մեզ ու տիրոջ ներկայությունը նախևառաջ մեր տներում։ Մանավանդ հայ եկեղեցին տուն համարել է նախ ընտանիքը, չի համարել քարե շինությունը միայն, ավետարանում անգամ, գրաբար թարգմանության մեջ, երբ Հիսուս Քրիստոսը  առաքյալներին պատվիրում է մտնել մարդկանց տները՝ ընտանիք հասկացողություն մեջ է ասվում։

-Տեր Տիգրան, մենք մեր հարցազրույցն անցկացնում ենք սբ․ Գայանե եկեղեցում։ Կխնդրեմ մի փոքր մանրամասնեք հենց եկեղեցու, դրա ճարտարապետության մասին։ 

-Սուրբ Գայանե եկեղեցին մեր հնագույն սրբավայրերից մեկն է։ Քառամույտ բազիլիկ է ներկայիս շինությունը, բայց 301 թվականից արդեն, սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի կարգադրությամբ սբ․ Գայանե կույսի համար վկայարան է այստեղ կառուցվել, նաև Տրդատ Մեծի, նրա քրոջ՝ Խոսրովդուխտի ու Աշխեն թագուհու անմիջական ներկայությամբ։ Դրանից հետո, Սահակ Պարթևի ժամանակ՝ 395 թվականին, վկայարանը նորից վերանորոգվել է և Եզր Փառաջնակերտցի կաթողիկոսի ժամանակ՝ 630 թվականին, որոշվել է վկայարանը քանդվել և սրբատաշ քարերով վանական համալիր կառուցել։ 630 թվականին սկսել է կառուցվել սբ․ Գայանեի վանքը։

Հաջորդ հիշատակությունը պատմության մեջ մենք տեսնում ենք Առաքել Դավիժեցու մոտ, որը 17-րդ դարի իրողությունները ներկայացնելով ասում է, որ սուրբ Գայանե վանքից մնացել էին միայն սյուներն ու հարավային ու հյուսիսային պատերը։ 1662 թվականին Փիլիպոս Աղբակեցի կաթողիկոսի կողմից հիմնովին նորոգվում է սուրբ Գայանե վանքը և հետագայում արդեն Սիմեոն Երևանցու ժամանակ նոր շինություններ են կառուցում և 1910 թվականին և 1980 թվականին՝ վերջին կառուցվածներն են լինում։

Սուրբ Գայանե  եկեղեցու գլխավոր խորանի ներքևում, ավանդատան կողմի մուտքով, գտնվում է սբ․ Գայանեի դամբարանը։ Մեր եկեղեցին շատ վկայություններ ունի սուրբ Գայանեի բուժիչ հատկությունների մասին։ Իհարկե սբ․ Գայանեն մեր եկեղեցու սրբերից մեկն է ու բարեխոսը մեր Տեր Փրկչի և Հիսուս Քրիստոսի առաջ և իր կյանքով վկայել է իր արժեքների հաստատուն լինելը։ Իր դավանածի կարևորությունն է ցույց տվել իր կյանքով՝ անգամ չվախենալով նահատակվելուց, մահվանից։

Սուրբ Գայանեի պատերը շնչում են աղթոքով, ամեն մի քարը մեծ օրհնություն է իր մեջ կրում, որովհետև 1100 տարի է արդեն և ավել, որ այստեղ աղոթքներ են լսվել, մարդիկ մխիթարություն են գտել և իրենց աղոթքների պատասխաններն են ստացել այս վանքի պատերի ներքով։

-Ո՞րն է Ձեր պատգամը՝ հասարակությանը, քրիստոնյաներին՝ Սուրբ Ծնունդի կապակցությամբ։

-Իմ աղոթքն այն է, որ մեր ժողովուրդը վերջապես ճանաճի կենդանի տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին, ազատվի յուրաքանչյուր տեսակի սնոտիապաշտությունից և վերջապես մեզ դարեր շարունակ պահած արժեքների իրական դավանողնու կրողը լինի, որովհետև մենք շատ-շատ ձևականություն ունենք, բայց քիչ բովանդակություն։ Ես աղոթում եմ, որպեսզի ավելիով ավելանա բովանդակությունը, որպեսզի մեր հավատացյալները ճրագալույցին ոչ միայն լույսի հետևից գան հետևից, այլ Հիսուս Քրիսոսի ավետիսը տանելու, որպեսզի մենք Սուրբ գիրք կարդացող մեր պատմությունը, մեր արժեքներն իմացող ժողովուրդ լինենք, ժողովուրդ, որին հնարավոր չի լինի հաղթել ու ծնկի բերել, որովհետև արժեքներով ժողովուրդը միշտ նպատակաուղղված է ու միշտ գիտի, թե հանուն ինչի է ապրում ու հանուն ինչի է պայքարում։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել