Ինձ հետ շփվելու պատճառով աշխատանքից ազատվել են մանկապարտեզի, սպորտդպրոցի, Արյունաբանական կենտրոնի տնօրենները․ Վանաձոր համայնքի ղեկավարի թեկնածու Մամիկոն Ասլանյան

Լոռու մարզի Վանաձոր խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ին տեղի կունանան ՏԻՄ ընտրություններ: Համամասնական ընտրություններում համայնքի ղեկավարի իր թեկնածությունն է առաջադրել  նաև Մամիկոն Ասլանյանը: Վանաձորի նախկին քաղաքապետը առաջադրվել է «Ազատ դեմոկրատներ» և «Իմ Հզոր համայնք» կուսակցությունների կողմից ձևավորված «Ասլանյան» դաշինքով:

Իրավաբան․net-ի հետ զրույցում Մամիկոն Ասլանյանը նշեց, որ քաղաքական թիմը քարոզարշավի շրջանակում հասցրել է այցելել բոլոր համայնքներ և ներկայացնել իր նախընտրական ծրագիրը: Համայնքի ղեկավարի թեկնածուի խոսքով՝ քարոզարշավը ընթանում է բազմաթիվ նեգատիվ երևութներով: Մասնավորապես՝ ճնշումներ են գործադրվում այլ քաղաքական ուժերին կամ դաշինքին հարող մարդկանց նկատմամբ և տարբեր պետական օղակների աշխատակիցներին ցուցակներ պարտադրում:

«Օրինակ՝ Վանաձորի 7-րդ մանկապարտեզի տնօրենին՝ Նոնա Բադալյանին, աշխատանքից հեռացրել են միայն նրա համար, որ ինձ հետ շփվել է: Մոտ 20 օր առաջ, նախկին պայմանավորվածության համաձայն, նոր մանկապարտեզ կառուցելու նպատակով այցելել ենք մանկապարտեզի հարակից տարածք՝ առանց որևէ քարոզչության և նկարահանումների: Այդ ընթացքում ինչ-որ մեկը մեզ տեսել էր այդ տարածքում, և դրա համար այդ աղջկան աշխատանքից հեռացրին: Աշխատանքից հեռացրել են նաև Վանաձորի արյունաբանական կենտրոնի տնօրենին՝ Հայկանուշ Մարգարյանին, որովհետև իր եղբայրը իմ ցուցակում է»,-ասաց Մամիկոն Ասլանյանը:

Возможно, это изображение (1 человек и текст)Համայնքապետի թեկնածուի խոսքով՝ Վանաձորի սպորտդպրոցի տնօրեն՝ Սարգիս Չիլինգարյանին ևս աշխատանքից հեռացրել են իր հետ շփում ունենալու համար:

Վանաձորի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Մամիկոն Ասլանյանը վստահեցնում է, որ իր պաշտոնավարման տարիներին քաղաքում բազմաթիվ դրական փոփոխություններ են եղել, բայց այդ ամենը թվարկել չի կարող:

«Այս տարիներին Վանձորում մեծ փոփոխություններ են եղել, թե՛ ենթակառուցվածքների, թե՛ կենցաղային բարենպաստ պայմաններ ստեղծելու և թե՛ կանաչ գոտիների վերականգման առումով: Կատարվել են նաև փողոցների և կամուրջների վերականգման աշխատանքներ»,-նշեց Վանաձորի նախկին քաղաքապետը և հավելեց, որ ընտրություններում հաղթելու դեպքում համայնքի բարելավման մեծ ծրագրեր ունեն, որոնք իրագործելու են:

«Այս պահին գործընթացի մեջ է տրանսպորտային վերազինման ծրագիրը: Առաջիկայում  ձեռք կբերվի 5 նոր էլեկտրոբուսներ, իսկ հետագայում՝  նաև այլ տրանսպորտային միջոցներ, որպեսզի Վանաձոր համայնքն ունենա իր առանձին հասարակական տրանսպորտային միավորը և նախկինում արատավոր գծատերերի երևույթը քիչ-քիչ մեր կենցաղից դուրս գա: Այս պահին Վանաձորում վերակառուցվում է մեկ փողոց, իսկ հաջորդ տարի կսկսենք վերակառուցել ևս երկու զարկերակային փողոց, և համաչափ զարգացման շրջանակներում կվերակառուցենք նաև մի շարք ծայրամասային թաղամասերի փողոցներ»:

Շարունակելով խոսել իր անելիքներից Մամիկոն Ասլայնանն ասաց, որ թափառող շների հարցը լուծելու համար կացարան է կառուցվելու: Նախատեսել են ձեռք բերել նաև  նոր փակ աղբամաններ և պլաստիկից շինանյութի արտադրության 6 հոսքագիծ:  

Վերջինիս խոսքով՝ այս բոլորը Եվրոպական միության ծրագրեր են, որոնք նաև իրենց շնորհիվ է, որ գործընթացի մեջ են:

Վանաձորի նախկին քաղաքապետն անդրադարձավ նաև երեկ՝ դեկտեմբերի 2-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցած բանավեճի ժամանակ համայնքապետի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Արամ Խաչատրյանի այն հայտարարությանը, թե համայնքում 4 միլիարդ պարտք է գոյացել:

«Դա զառանցանք է Վանաձորի բյուջեն 3 միլիարդ դրամի շեմն անցած տարի է անցել և չի կարող 4 միլիարդ դրամ պարտք ունենալ․ ես չգիտեմ դա որտեղից է վերցված: Նախորդ 20 տարիների ընթացքում համայնքի բնակիչների և այլ կազմակերպությունների պատճառով գոյացած պարտքը կազմում է 300 միլիոն դրամ, որից մոտ 130 միլիոն դրամն առաջացել է 2019 թվականին՝ Ղազախստան ներկրած ավտոմեքենաների պատճառով, իսկ մնացածը գոյացել է աղբահանության և այլ ծառայությունների համար գույքահարկ չվճարելու պատճառով»,-նշեց Մամիկոն Ասլանյանը և իր խոսքը եզրափակեց՝ ասելով, որ Վանաձորցին ոչ մեկին չպետք է ընտրի, այլ պետք է ծանր ու թեթև անելով կատարի իր որոշումը: 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Վանաձոր խոշարացված համայնքի ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 10 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 1 դաշինք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել