Զուգահեռ իրականություն. Երևանի կենտրոնում այսօր տոնախմբություն էր, իսկ Գեղարքունիքի մարզից 6 զինվոր էր առևանգվել

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն վերջին օրերին պարբերաբար տեղեկացնում էր քաղաքացիներին, որ մայիսի 27 և 28-ին հրավիրում են մարզային բացօթյա ցուցահանդեսի, որը տեղի կունենա Երևանում՝ Խաչքարերի պուրակում։

Միջոցառման մասին տեղեկությունը տարածվեց նաև այսօր՝ մայիսի 27-ի առավոտյան։

««Ճանաչիր Հայաստանը» կարգախոսի ներքո Հայաստանի յուրաքանչյուր մարզ Երևանի սրտում կբացահայտի իր զբոսաշրջային ներուժը՝ արկածային, գաստրո, չբացահայտված այցելավայրեր, յուրահատուկ փորձառություններ։

Գաստրո տաղավարում շեֆ խոհարարները կպատրաստեն մարզային յուրահատուկ կերակրատեսակներ, որոնք հնարավոր է համտեսել մարզն այցելելիս կամ փորձել ինքնուրույն պատրաստել տանը։

Համավարակով պայմանավորված՝ հյուրասիրություն չի նախատեսվում․․․»,-ասված է հայտարարության մեջ։

Ցուցահանդեսն իրականանում է Եվրոպական միության «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից։

Իրավաբան․netայցելեց տաղավարներ։ Ներկայացված էին բոլոր մարզերը՝ իրենց բարիքներով, ուժեղ կողմերով։ Ազգագրական երգեր, պարեր ևս կային` իրական տոնախմբություն։

Նշենք, որ Խաչքարերի պուրակը Երևանի կենտրոնում է, Հանրապետության հրապարակի, Կառավարության շենքերի արանքում։

Ելույթ է ունեցել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

Նույնը օրը, ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

ՀՀ պաշտպանության նախարարությունը մայիսի 25-ին հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։

Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:

Փաստացի զուգահեռ իրականություն. Երևանի կենտրոնում այսօր տոնախմբություն էր, իսկ Գեղարքունիքի մարզից 6 զինվոր էր առևանգվել:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել