Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մայիսի 13-ին, տեղի է ունեցել պետական դավաճանության գործով դատական առաջին նիստը։
Նիստը նախագահում է դատավոր Գագիկ Պողոսյանը։
Գործով ներգրավված են ամուսիններ՝ Մայիս Սահակյանը և Ստելլա Սարգսյանը։
Իրավաբան.net-ի հետ զրույցում Մայիս Սահակյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը հայտնեց, որ ինքը ծանուցված չի եղել դատական նիստի մասին։
Նիստը հետաձգվել է։
Նշենք, որ Մայիս Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կնոջ՝ Ստելլա Սասունի Սարգսյանի օժանդակությամբ, լրտեսության, ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ հավաքելու ու հանձնելու, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակով կատարել է պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքայինան անձեռնամխելիության և արտաքին անվտանգության:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը։
Նրա կնոջը՝ Ստելլա Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնու՝ Մայիս Սահակյանի կողմից, լրտեսության, ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ հավաքելու ու հանձնելու, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակով պետական դավաճանություն կատարելուն օժանդակելու դիտավորությամբ, տրամադրել է անհրաժեշտ միջոցներ, ինչպես նաև վերացրել է այդ կապակցությամբ առկա խոչընդոտները:
Նա ազատության մեջ է գտնվում, որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Գլխավոր լուսանկարում՝ Գագիկ Պողոսյանը
նյութում՝ փաստաբան Էդուարդ Աղաջանյանը